Aravot.am-ը Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանից մեկնաբանություն խնդրեց ներառական կրթության վերաբերյալ օրերս արած իր հայտարարության եւ դրա աղմկոտ արձագանքների մասին:
Պարոն Սուքիասյանը Aravot.am-ին ասաց, որ որքան էլ կարեւորի եւ անհրաժեշտ համարի ներառական կրթությունը, համարում է, որ մի շարք դպրոցներ դեռ պատրաստ չեն դրան՝ մանավանդ մանկավարժական փորձով պայմանավորված եւ երեխաների հետ հոգեբանորեն ճիշտ աշխատանք տանելու առումով: «Այս համատեքստում հաճախ մոռացության են տալիս նաեւ առողջ երեխաների հոգեբանական խնդիրները, եւ լինում են դեպքեր, որ դրա արդյունքում հատկապես առաջին դասարանի երեխաները սթրեսի մեջ են ընկնում, ոմանք չեն ուզում դպրոց գնալ, ունենում են վախի ապրումներ: Այսինքն՝ երբեմն մոռացության են տրվում նաեւ առողջ երեխաների հոգեբանական խնդիրները: Նկատի ունեմ, որ հոգատարության կարիք ունեն նաեւ մյուս երեխաները: Սրա մասին անընդհատ բարձրաձայնել եմ, այն կարեւոր խնդիր է եւ ես մեկ անգամ վերանայման անհրաժեշտություն ունի»,-ասաց հանրակրթության ոլորտը համակարգող քաղաքապետի տեղակալը:
Նա ափսոսանք հայտնեց իր ասածների հետ կապված թյուրըմբռնման վերաբերյալ, շեշտելով, որ չար ու բարի լինելու խնդիրը չկա. «Իմ խոսքը չէր կարող նշանակել, որ ես դեմ եմ վարվող պետական քաղաքականությանը, մասնավորապես՝ ներառական կրթության ներդրմանը: Ինչ վերաբերում է հասարակական կազմակերպություններին, որոնք, բնականաբար, շահագրգիռ են հաշմանդամություն ունեցող երեխաների խնդրով, իրենց միանգամայն ճիշտ եմ հասկանում, ուղղակի ցանկացա մեր մանկավարժների ուշադրությունը հրավիրել նաեւ առողջ երեխաների հանդեպ հոգատարության վրա:
Բացի այդ, կարեւորելով եւ անհրաժեշտություն համարելով ներառական կրթության համակարգի ներդրումը բոլոր դպրոցներում, ես դժգոհություն հայտնել եմ տեմպերի հետ կապված: Այսօր շուրջ 130 դպրոցներում իրականացվում է ներառական կրթություն, եւ մենք հաստատուն քայլերով գնում ենք դեպի մյուս դպրոցները: Անհրաժեշտություն կա ուսումնասիրելու եւ հասկանալու այսօրվա 130 դպրոցների արդյունավետությունը, ապա նոր՝ ավելի կոնկրետ քայլերով շարունակելու:
Կարդացեք նաև
Կրթության եւ գիտության նախարարությունը համընդհանուր ներառականության անցնելու համար նախանշել է մինչեւ 2025 թվականը, ինչը ըստ էության բավարար ժամանակահատված է, սակայն հրատապություն ցուցաբերելու կարիք չկա: Կրկնում եմ՝ պարտավոր ենք առայժմ հսկելու ներդրված դպրոցներում առկա իրավիճակը, այնուհետ նոր առավել զարգացնելու եւ ինչու չէ՝ տարածելու այն այլ դպրոցներում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ