Լրահոս
Օրվա լրահոսը

Նարինե Հովհաննիսյան. Նվազագույն քանակությամբ դպրոցներ այս տարի առաջին դասարան չեն ունենա

Օգոստոս 31,2015 13:40

«Վաղը սեպտեմբերի 1-ն է, ուսումնական հաստատությունների դռները բացվում են շուրջ 400 հազար աշակերտների առջեւ, շուրջ քառասուն հազար առաջին դասարանցիներ կմտնեն առաջին դասարան»,- օգոստոսի 31-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ նախորդ տարվա համեմատ՝ առաջին դասարանցիների թիվն ավելացել է. 2014 թվականին առաջին դասարան է ընդունվել 38 հազար աշակերտ: Նարինե Հովհաննիսյանը դժվարացավ ասել, թե հանրապետության քանի դպրոցներ այս տարի առաջին դասարաններ չեն ունենա. «Սեպտեմբերի 10-ին կավարտվի կոմպլեկտավորումը, եւ մենք այդ հարցը կունենանք: Քիչ քանակության դպրոցներում, նվազագույն, մեկ տասնյակին մոտեցող, ոչ ավելին: Մենք պարզապես ունենք նվազագույն քանակությամբ աշակերտներով դպրոցներ, որտեղ կազմակերպում ենք երկկոմպլեկտ, նույնիսկ եռակոմպլեկտ կրթություն, բայց ինքը մեթոդապես հասանելի է, եւ մենք որակի առումով խնդիր չունենք, որովհետեւ կա այդ ձեւով աշխատելու կոլեկտիվ ուսուցման մեթոդ, եւ այդ աշխատանքը հաջողվում է երկկոմպլեկտ դասարաններում»:

Նշենք, որ մինչ այս Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնի պետ Գեւորգ Ղումաշյանը հայտարարել էր, որ Շիրակի մարզի 5 համայնքներ՝ Զարիշատի, Անի կայարանի, Ջաջուռ կայարանի, Շաղիկի ու Աղվորիկի դպրոցները չունեն առաջին դասարանցիներ:

Նա նշեց, որ 1-4-րդ դասարանի աշակերտները անվճար դասագրքերով կապահովվեն, իսկ 5-12-րդ դասարանի աշակերտները կշարունակեն վարձակալությամբ ստանալ դասագրքերը: Նարինե Հովհաննիսյանը հավելեց, որ շարունակվում է Ազգային երգ ու պարի ծրագիրը, այս տարի այն կգործի 100 դպրոցներում: Այժմ ընթանում են վերապատրաստումներ եւ ամբողջ տարվա ընթացքում երգի եւ պարի ուսուցիչները կլինեն Կրթության ազգային ինստիտուտի հոգատարության ներքո՝ վերապատրաստումների առումով:

Վայոց Ձորում մեկնարկում է «Մեկ աշակերտ, մեկ համակարգիչ» ծրագիրը, նաեւ բոլոր մարզերում շարունակվում է «Դպրոցական սնունդ» ծրագիրը: Անդրադառնալով ծրագրի վերաբերյալ ահազանգերին՝ Նարինե Հովհաննիսյանն ասաց. «Ահազանգերը նման են այն ահազանգերին, որոնք միշտ հասարակության մեջ կան: Առողջապահության նախարարությունից ոչ մի ահազանգ չկա, ոչ մի վտանգ չկա եւ որեւէ խնդիր չկա, ես չգիտեմ, թե ինչ ահազանգեր են դրանք, եւ ինչին են վերաբերվում: Ծնողները նաեւ մասնակից են այս ծրագրին, ծրագիրն արդեն երկար տարիներ գործում է, եւ ծնողներն իրենք էլ մասնակցում են այս ծրագրին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31