Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը և′ քննադատեց, և′ դրական արտահայտվեց նոր Սահմանադրության վերաբերյալ:
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ի վերջո կո՞ղմ է այդ նախագծին, թե՞ դեմ, հանրաքվեին «կո՞ղմ» է քվեարկելու, թե՞ «դեմ», պարոն Բալայանը պատասխանեց. «Ես սևուսպիտակով չեմ կարող նայել փաստաթղթին: Երբ նայում ենք օրինականության տեսակետից, ասում եմ, որ սա առաջընթաց է, քանի որ խորհրդարանական կառավարման ենք անցնում: Ժողովրդավարության տեսակետից հստակ ասում եմ, որ այն, որ սահմանադրությամբ իշխանությունը, հանրաքվեի միջոցով օրենք ընտրելու հնարավորությունը վերադարձվում է ժողովրդին, դրական եմ գնահատում: Բայց ես հետընթացների մասին էլ եմ խոսում: Ես ո՞նց կարող եմ իմ ապագայի «այո»-ն կամ «ոչ»-ն ասել, եթե առաջիկայում փոփոխություններ պիտի կատարվեն: Ես այն անձնավորությունը չեմ, որ իր տեսակետը կարող է թաքցնել»:
Պարոն Բալայանն, օրինակ, մտահոգություն ունի, թե ստացվում է, որ 25 տարեկան անձը կարող է ընտրվել ԱԺ պատգամավոր, դատավոր, իսկ ինչո՞ւ սահմանադրական դատարանի անդամ կարող է ընտրվել 40 տարեկանը, այլ ոչ թե՝ 30: Այս առիթով Կիմ Բալայանն ասաց. «Նորմեր կան, որ ներմուծվել են ինչ-որ երկրների փորձից, առանց հաշվի առնելու մեր երկրի իրավագիտակցությունը»:
Սահմանադրական դատարանի անդամը չի կարծում, թե այս փոփոխություններով իշխանությունները վերարտադրման խնդիր են լուծում, քանի որ այդ պարագայում նրանք կարող էին գնալ նախկին խորհրդային մյուս երկրների ճանապարհով՝ հանեին այն հոդվածը, որն արգելում է երկու անգամից ավելի վերընտրումը:
Կարդացեք նաև
Պարոն Բալայանը կարծում է, որ երկրորդ փուլի անցկացման դրույթը ևս ավելորդ է, ու նշում, որ շատ են հարցերը, որոնք «նոր Սահմանադրության մեջ անկապ տեղից վերցված ու ներմուծված են, չես հասկանում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ