Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պատմական փորձը ցույց է տալիս, որ երբ Թուրքիայում քաղաքական իրադրությունը սրվում է, միշտ տուժում են հայերը»

Օգոստոս 31,2015 16:30

Ասում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

Թուրքիայում նոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակումը օրենքի պահանջ էր, եւ այն կատարվում է. ընտրություններից հետո 45 օրվա ընթացքում այդպես էլ կոալիցիոն կառավարություն չստեղծվեց, այդ իսկ պատճառով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց նոր ընտրությունների մասին: Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն էլ Թուրքիայի ներքին քաղաքականության մեջ կատարվող այս իրադարձությունը օրինաչափ է համարում, սակայն նկատում է, որ հունիսին տեղի ունեցած ընտրություններից հետո Թուրքիայի իշխող կուսակցության ղեկավարի ձգտումը հենց դա էր. բավարար ձայներ չէր հավաքել խորհրդարանում լուրջ մեծամասնություն կազմելու, ընտրողների գոնե 45 տոկոսը ապահովելու համար: «Հույս է դրել այս ընտրությունների վրա: Մտածում է, որ այս ընտրություններից ավելի շատ ձայն կհավաքի»,- ասում է թուրքագետը:

Նա դժվարանում է ասել, արդյոք կիրականանա՞ Էրդողանի ցանկությունը, նշում է. «Երեք կենտրոնների հարցումներ կան, որոնք ցույց են տալիս, որ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը իր նպատակին չի հասնում: Պետք է մի քառասունհինգ տոկոս հավաքի, իսկ իրենք հավաքել էին քառասունմեկ»:

Մեր հարցին, թե արդյոք այս անգամ Էրդողանը կփորձի՞ հայկական համայնքին իր կողմը գրավել, Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանում է. «Հայկական համայնքը այնքան փոքր է, որ Էրդողանը իր առջեւ խնդիր չի դրել այն իր կողմը գրավելը: Նրանք այլ խնդիր են լուծում. պայքարը գնում է ծայրահեղական, ազգայնամոլական շերտի ընտրողների համար, որոնք շատ են, եւ նրանք հունիսի 7-ի ընտրություններին իրենց ձայնը տվել էին Ազգայնական շարժում կուսակցությանը: Բայց հիմա իմ նշած հարցումները ցույց են տալիս, որ այդ կուսակցության ձայները քչացել են, եւ դա հավանական է՝ կապված է նրա հետ, որ Էրդողանի կուսակցությունը ինքն էլ է շատ ծայրահեղ դարձել: Բայց մյուս կողմից էլ՝ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը քրդերի հետ պատերազմ սկսեց: Զգալի թվով քրդեր, որ մինչ այդ իրենց ձայները տվել էին Էրդողանին, հիմա արդեն հիասթափվել են նրանից, արդեն ձայները կտան «Ժողովրդի դեմոկրատիա» քրդամետ կուսակցությանը»:
Այս ընթացքում եղած հարցումների հիման վրա, ըստ թուրքագետի, երկու կարեւոր բան կարող ենք առանձնացնել: «Առաջինը՝ երեք հարցումներն էլ ցույց են տալիս, որ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը չի անցնի քառասունհինգի շեմը, երկրորդը՝ որ քրդամետ կուսակցության դիրքերը ավելի են ուժեղանում: Բայց մյուս կողմից էլ չպետք է մոռանանք այն հանգամանքը, որ ընտրություններին երկու ամիս դեռ կա, եւ այդ երկու ամսում շատ բան կարող է փոխվել»,- ասում է նա:

Հայոց ցեղասպանության հարցը ի՞նչ զարգացում կստանա Թուրքիայում այս ընթացքում: Պարոն Սաֆրաստյանն այս մտայնությանը պատասխանում է. «Մենք տեսնում ենք, որ Թուրքիայում ներքին քաղաքական կյանքը սրվում է, քրդական հարց կա, անընդհատ ուժ է կիրառվում քրդերի նկատմամբ, նրանք պատասխանում են եւ այլն: Այս պայմաններում հայերի մասին ավելի քիչ են հիշում: Բայց մյուս կողմից՝ պատմական փորձը ցույց է տալիս, որ երբ Թուրքիայում քաղաքական իրադրությունը սրվում է, միշտ տուժում են հայերը»:
Այս ընթացքում ներքին քաղաքականության մեջ խարխլող Էրդողանը արտաքին քաղաքականության մեջ եւս մարտահրավերների առջեւ է կանգնած: Ռուբեն Սաֆրաստյանն ասում է. «Նա, լինելով շատ հախուռն, խարիզմատիկ քաղաքական մարդ, պարտադրում է իր ոճը արտաքին քաղաքականության մեջ: Նա այնպիսի քայլեր է կատարում, որոնք վնասում են հենց իրենց՝ Թուրքիային, որովհետեւ Էրդողանի կառավարման շրջանում Թուրքիայի նպատակն է դառնալ տարածաշրջանում առաջատարը, բայց դրա համար նրանք չունեն համապատասխան ռեսուրսներ՝ ո՛չ պատմական, ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական, ո՛չ բարոյական: Նշանակում է, որ Թուրքիան արտաքին քաղաքականության ոլորտում որդեգրել է արկածախնդիր քաղաքականություն եւ գնալով Թուրքիան ավելի խորն է մխրճվում Մերձավոր Արեւելքի խնդիրների մեջ, եւ դա Թուրքիայի համար գնալով դառնում է վտանգավոր»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31