Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի գործողություններն առավել վտանգավոր են դառնում եւ հղի են անկանխատեսելի հետեւանքներով»

Օգոստոս 31,2015 16:00

Փորձագետ Տիգրան Աբրահամյանը՝ սահմանային վերջին սրացումների
առանձնահատկությունների մասին

-Վերջին շրջանում, ադրբեջանական կողմը կրկին ակտիվացրել է դիվերսիոն-հետախուզական գործողությունները: Ուշագրավ է նաեւ, որ օգոստոսի 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային եւ հրետանային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 110 անգամ, որի ընթացքում արձակել է 2000-ից ավելի կրակոց, այդ թվում` 35 կրակոց` 60, 82 եւ 120 մմ-ոց ականանետներից: Ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի այս ակտիվությունը: Միայն նախագահների առաջիկա հնարավոր հանդիպմա՞մբ:

– Չեմ կարծում, որ Ադրբեջանի ակտիվացման հիմնական պատճառը նախագահների հնարավոր հանդիպումն է: Այլ հարց է, որ տեւական ժամանակ է բանակցային գործընթացում էական տեղաշարժ չկա, խոսքն առաջին հերթին տարբեր ֆորմատներով հանդիպումների մասին է: Համանախագահները գալիս-գնում են, սակայն տեսանելի շարժ գործընթացում չկա: Բնականաբար՝ չկան հանդիպումներ, չկան ակնկալիքներ:

Այդ տեսանկյունից, ակտիվ բանակցային պրոցեսի բացակայությունը եւս նպաստում է իրավիճակի հաճախակի սրացումներին:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ակտիվացմանը, ապա սա առաջնագծի թեժացման հերթական ցիկլն է, որն ուղեկցվում է միաժամանակ հրթիռա-հրետանային միջոցների, խոշոր տրամաչափի գնդացիրների, դիվերսիոն-հետախուզական խմբերի եւ դիպուկահարների գործողություններով: Սակայն, ի տարբերություն նախկին սրացումների, այս անգամ Հայաստանի նկատմամբ կիրառվող զինանոցն ընդլայնվել է. պետք է ամրագրել, որ Ադրբեջանի գործողություններն առավել վտանգավոր են դառնում եւ հղի են անկանխատեսելի հետեւանքներով:

– Ադրբեջանական կողմի այս ակտիվությունը մի առանձնահատկություն էլ ունի, որի մասին ակնարկեցիք: Օրերս Ադրբեջանի կողմից կիրառվեց թուրքական արտադրության TR-107 տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգ: Հազվագյուտ է պատահում, որ թուրքական արտադրության զենք է կիրառվում: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

– «Թուրքական հետք» Ադրբեջանի գործողություններում մշտապես կարելի է տեսնել, խոսքը վերաբերում է ոչ միայն ռազմական մատակարարումներին, համատեղ քարոզչական գործողություններին, Թուրքիայում ադրբեջանցի սպաների, ստորաբաժանումների ուսուցման, վերապատրաստման գործընթացին, այլ թուրք սպաների, հրահանգիչների առաջին գծում առավել հաճախակի «հայտնվելուն»:

Ինչ վերաբերում է հայկական դիրքերի ուղղությամբ TR-107 տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգի գործածմանը, ապա սա իսկապես վտանգավոր է առաջին հերթին նրանով, որ կիրառվող զինատեսակների թիվը լրացվում է հրթիռահրետանային միջոցներով: Մեկ տարի էլ չկա, որ Ադրբեջանն առաջնագծում սկսել է հրետանի կիրառել, իսկ հիմա անցում է կատարում հրթիռա-հրետանային միջոցներին:

Վերջին մեկ տարում Ադրբեջանի կողմից իրականացվող քայլերը նոր իրավիճակ են ստեղծում. մի կողմից՝ Ադրբեջանը բանակցություններն ամեն կերպ հրում է փակուղի՝ ամեն կերպ նպաստելով բանակցությունների պասիվացմանը, մյուս կողմից՝ առաջնագծում Ադրբեջանի կողմից իրականացվող քայլերը առավել վտանգավոր փուլ են տեղափոխվում:

– Թուրքիան Ադրբեջանին պաշտպանելու եւ ռազմական օգնություն ցուցաբերելու ծպտյալ վիճակից անցնում է բացահայտի՞:

– Չէի ասի, որ Թուրքիան ծպտյալ ձեւով է աջակցում Ադրբեջանին. սկսենք նրանից, որ 1993 թվականին, հենց Ադրբեջանին աջակցելու նպատակով Թուրքիան շրջափակեց Հայաստանի արեւմտյան սահմանը, երկրորդ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ ռազմական համագործակցության, փոխօգնության մասին համապատասխան փաստաթղթեր կան, որոնք իրավական առումով ամրագրել են այդ համագործակցությունը:

– Թեեւ ՀՀ եւ ԼՂՀ ռազմական գերատեսչությունները, դրանց պատասխանատուներն անընդհատ հայտարարում են, որ իրավիճակը մեր վերահսկողության տակ է, բայց այս ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակը Դուք էլ փաստեցիք, որ գնալով վտանգավոր է դառնում, մանավանդ, եթե նկատի ունենանք տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական լարված իրավիճակը:

– Աշխարհի տարբեր հատվածներում, այդ թվում՝ ԽՍՀՄ նախկին տարածքում, ծավալված իրադարձությունները ցույց են տալիս, որ որեւէ երաշխիք չկա լայնամասշտաբ գործողությունների ծավալումից զերծ մնալու հարցում, մանավանդ, որ Ադրբեջանը բացահայտ ի ցույց է դնում իր ցանկություններն ու հավակնությունները:
Իրավիճակը հնարավոր է լինում վերահսկելի պահել հայկական զինուժի կողմից իրականացվող կանխարգելիչ ու ժամանակին լիցքաթափող գործողություններով: Անհրաժեշտության դեպքում (վերջին շրջանում առավել հաճախ) հայկական ստորաբաժանումները սահմանագծի տարբեր հատվածներում «չիստկաներ»՝ հատուկ գործողություններ են իրականացնում՝ հակառակորդի ագրեսիան զսպելու ու պատժիչ հարվածներ հասցնելու նպատակով:

Զրույցը`ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
29.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31