Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանցի գործարարները պետք է մուսուլմանական շուկաներ փնտրեն

Օգոստոս 31,2015 15:30

Աշխարհաքաղաքական իրավիճակներով պայմանավորված՝ մուսուլմանական շուկաներում ապրանքների մեծ պահանջարկ կա

Գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանն, անդրադառնալով այն երեւույթին, որ Վրաստանում բիզնես ծավալող մեր հայրենակիցները հիասթափված հետ են վերադառնում, քանի որ, մասնավորապես՝ ծառայությունների, սննդի եւ պլաստիկ առարկաների արտադրության ոլորտներում, խնդիրների առաջ են կանգնում. չեն կարողանում ապրանքն իրացնել, գործի համար սրտացավ ու պատասխանատու աշխատուժ չեն գտնում եւ այլն, մեր գործարարներին խորհուրդ է տալիս նորանոր շուկաներ փնտրել: Ըստ նրա, ճիշտ է, Վրաստանի հարկային դաշտը բարենպաստ է, ինչն էլ հրապուրել է մեր գործարարներին, սակայն այդ երկրում էլ գնողունակության անկում կա եւ վրացական էկոնոմիկան այնքան զարգացած չէ, որպեսզի մեր գործարարներն այնտեղ հեշտ ու հանգիստ կարողանան բիզնես անել:

Պարոն Մակարյանը գտնում է, որ անկախ նրանից, թե հայաստանյան գործարարը որ երկրի հետ է ուզում գործ ունենալ, պետք է գրագիտություն ձեռք բերի, ինչի պակասն այսօր նրանց մոտ շատ է զգացվում: Ըստ միության նախագահի, մեր շատ գործարարներ անգամ փաստաթղթեր կարդալ չգիտեն, օտար լեզուների չեն տիրապետում, չեն կարող մարքեթինգ անել եւ այլն:

Գագիկ Մակարյանի խոսքերով, վրացական շուկան իր սերտիֆիկացման պահանջներով ձգտում է մոտենալ եվրոպականին, եւ փորձում է ավելի խստացնել մոտեցումները, քանի որ Վրաստանն ընտրել է եվրոպական ուղղությունը, այդ իսկ պատճառով հայաստանցի գործարարների համար, որոնք ցանկանում են այդ երկրում բիզնես գործունեություն իրականացնել, ավելի դժվար կլինի այնտեղ աշխատել եւ իրենց ծառայությունները համապատասխանեցնել այդ երկրի ստանդարտներին: Մեր զրուցակցի ներկայացմամբ, այդ պատճառով էլ հայաստանցի բիզնեսմեններից շատերի համար նախընտրելի է ռուսական շուկան, որը քիչ է տարբերվում հայկականից եւ եվրոպականի նման խիստ չէ:
Ռուսաստանի առումով հայ գործարարին նաեւ օգնում է մեր երկրում այդ երկրից հայրենակից ներկայացուցիչներ ունենալը, որոնք Ռուսաստանի Դաշնությունում կապեր են ստեղծում, պայմանավորվածություններ ձեռք բերում:

Սակայն, անկախ ամեն ինչից, Գագիկ Մակարյանը հորդորում է բիզնեսում այնպիսի ներդրում անել, որը կնպաստի նոր շուկաներ գտնելուն: Գիտելիքը, ցուցահանդեսներին մասնակցությունը, որակյալ արտադրանքը գործարարներին կօգնի ճանաչում ձեռք բերել: Միության նախագահը գործարարների եւ նաեւ պետության ուշադրությունը մասնավորապես հրավիրում է մուսուլմանական աշխարհի շուկաների վրա:

Աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ այսօր մուսուլմանական երկրներում մեծ պահանջարկ է առաջացել, ուստի մեր գործարարները, Գագիկ Մակարյանի համոզմամբ, պետք է պահը ճիշտ օգտագործեն:

«Թունիսը, Սիրիան, Եգիպտոսը հիմա այնպիսի իրավիճակում են, եւ այնքան ռեսուրսներ են կորցրել, որ այդ ամենը պետք է վերականգնեն: Մեր գործարարները ճիշտ կանեն, որ այդ ուղղությամբ սկսեն աշխատել»,- ասում է մեր զրուցակիցը:

Ըստ նրա, նաեւ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ այսօր աշխարհում մոտ երկու միլիարդ մուսուլման կա, որը 10-20 տարի հետո կկրկնապատկվի. «Չպետք է անտեսել այդ թիվը, այդ թիվը պետք է հարգել: Պետք է ուսումնասիրվեն այդ շուկաները, պետական համաձայնագրեր կնքվեն, դեսպանություններն աշխատեն, ցուցահանդեսներ կազմակերպվեն եւ այլն: Հայաստանը պետք է ինովատիվ մոտեցումներով աշխատի»:
Գագիկ Մակարյանի խոսքերով, սակայն, մուսուլմանական շուկա մուտք գործելը նույնպես հեշտ չէ եւ մեր արտադրանքը պետք է «հալալ» սերտիֆիկացման ստանդարտներին համապատասխանի: Իսկ «հալալ» սերտիֆիկացումը, գրեթե, ԻՍՕ միջազգային ստանդարտին հավասար է: Մի շարք ապրանքների համար «հալալն» ունի իր պահանջները. օրինակ՝ հայաստանցի գործարարը չի կարող հենց այնպես մորթված անասունի միսն արտահանել մուսուլմանական շուկա. այդ անասունը պետք է սպանդի ենթարկվի մուսուլմանական կանոններով, որին ներկա է լինում մոլլան: Բացի այդ, ամեն անասունի միս չէ, որ կարող ենք արտահանել: Այդուհանդերձ, պարոն Մակարյանը գտնում է, որ մի շարք ապրանքներ ունենք, որոնք մուսուլմանական շուկայում պահանջարկ կունենան: Ըստ նրա, եթե մուսուլմանն ինչ-որ ապրանքի վրա տեսնում է, որ «հալալ» սերտիֆիկատը կա, ապա կուրորեն հավատում է, որ ապրանքը որակյալ է եւ այն գնում է:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31