Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհը կանցնի մարդկանց տներով ու այգիներով

Օգոստոս 31,2015 15:00

Արարատի մարզի Արգավանդի ու Գետափնյայի գյուղական համայնքների հողատարածքները ճանաչվել են բացառիկ՝ գերակա հանրային շահ

Արարատի մարզի Արգավանդ-Երեւանի Շիրակի փողոց ճանապարհահատվածի հողի օտարման եւ այդ հատվածում բնակվող քաղաքացիների տարաբնակեցման ծրագիրը կհաստատվի եկող երկուշաբթի՝ կառավարության նիստում:

Դեռեւս 2011 թվականին Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ շրջանակային ֆինանսավորման համաձայնագիր էր ստորագրվել, որով պետք է իրականացվեր Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիրը: 2013 թվականին կառավարության որոշմամբ հաստատվել է ներդրումային ծրագրի Տրանշ-1՝ Երեւանի Արշակունյաց պողոտա եւ Արտաշատի խճուղի ճանապարհահատվածի համար հողի օտարման եւ տարաբնակեցման N 1 ծրագիրը, որով նախատեսված իրացման աշխատանքներն արդեն ավարտվել են:

Ըստ կառավարության նիստի օրակարգում զետեղված տեղեկատվության, ներկայումս հաստատման է ներկայացվում Արարատի մարզի Արգավանդ-Երեւանի Շիրակի փողոց ճանապարհահատվածի հողի օտարման եւ տարաբնակեցման ծրագիրը:

Տրանշ 2-ի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Արշակունյաց պողոտան Արտաշատի խճուղուն միացնող եւ Արգավանդի ճանապարհային հանգույցը (Իսակով-Բաբաջանյան փողոցների հատման վայրում առկա ճանապարհային հանգույց) Շիրակի փողոցին (այսուհետ՝ Արգավանդ-Շիրակ ճանապարհահատված) միացնող քաղաքային մայրուղու շինարարական աշխատանքները: Նշված աշխատանքները նույնպես պետք է իրականացվեն հողերի օտարման եւ տարաբնակեցման հաշվին:

Ինչպես տեղեկանում ենք նույն աղբյուրից, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները ներառվել են Տրանշ 2-ում, որի մեկնարկից առաջ Տրանշ 1-ի շրջանակներում նախատեսվում է իրականացնել շինարարության հատվածն ընդգրկող տարածքներում հողի օտարման եւ տարաբնակեցման աշխատանքներ: Այդ նպատակով, ճանապարհի նախնական նախագծի հիման վրա այդ տարածքներում ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 11-ի «Երեւան քաղաքի եւ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արգավանդի ու Գետափնյայի գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» թիվ 1018-Ն որոշմամբ սահմանվել է բացառիկ՝ գերակա հանրային շահ:

Քաղաքային իշխանությունները վստահեցնում են, որ կարգի պահանջը կատարելու նպատակով բնակիչների հետ անցկացվել են հանդիպումներ տեղում. ներկայացվել է սեփականության օտարման նպատակը, փոխհատուցման չափերի հաշվարկման մեթոդն ու վճարման կարգը:

«Առավոտ» օրաթերթ
29.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել