Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը էքս-վարչապետի դստեր եւ խնամու գործով ուղղել է վճռի վրիպակը

Օգոստոս 31,2015 14:30

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանը կայացրել է մի որոշում, որի մասին «Առավոտը» տեղեկացավ երեկ: Որոշումը, որը թվագրված է օգոստոսի 12-ով, իրականում կայացվել է հուլիսի 30-ին:

Այն առնչվել է երեք ատյանի դատարաններում ավարտված պատվին, արժանապատվությանը հասցված վնասի փոխհատուցման պահանջի վերաբերյալ գործի հետ, որտեղ «Առավոտը» ներգրավված էր որպես երրորդ անձ: Խոսքը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի դստեր՝ Նարինե Սարգսյանի եւ խնամու՝ Հրանտ Սուվարյանի հայցի մասին է, «Առավոտ» օրաթերթին հարցազրույց տված քաղաքացիներ Լեմբերիկ Խաչատրյանի եւ նրա կնոջ՝ Սուսաննա Դավթյանի դեմ:
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանին էր դիմել Լեմբերիկ Խաչատրյանը: Նա հայտնել էր, որ դատարանի վճռով իրենց պարտավորեցվել է հերքման տեքստը տեղադրել օրաթերթում, բացի այդ, դատարանը վճռել է համապարտության կարգով հօգուտ Նարինե Սարգսյանի եւ Հրանտ Սուվարյանի բռնագանձել հարյուր հազարական դրամ՝ որպես փոխհատուցման գումար, հարյուր հազարական դրամ էլ առանձին-առանձին՝ որպես փաստաբանին վճարվելիք «խելամիտ» վարձատրության ծախս:

16000-ական դրամ էլ ամուսինները պետք է վճարեին որպես պետական տուրքի գումար:
Ըստ Լեմբերիկ Խաչատրյանի՝ տեղի էր ունեցել վրիպակ, եւ վրիպակն ուղղելու նպատակով նա դատարան դիմելով հայտնել էր, թե. «Վճռում նշվել է 100 000 ՀՀ դրամ ավել բռնագանձման գումար»:

Լ.Խաչատրյանը խնդրել էր դատարանից 100 000 ՀՀ դրամ ավել բռնագանձելու վերաբերյալ «տեղ գտած թվաբանական սխալն ուղղել»: Դատարանը ուղղել էր վրիպակը, վճռից ամբողջությամբ հանելով 4-րդ կետը: Դատարանը գտել էր, որ պահանջը հիմնավոր է: 4-րդ կետը վճռում շարադրված էր հետեւյալ ձեւակերպմամբ. «Համապարտության կարգով Սուսաննա Դավթյանից եւ Լեմբերիկ Խաչատրյանից հօգուտ Նարինե Սարգսյանի բռնագանձել 100 000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության ծախս»: Նշենք, որ վճիռ կայացրած դատարանը, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, իրավունք ունի գործին մասնակցող անձանց դիմումի համաձայն կամ իր նախաձեռնությամբ ուղղել թույլ տրված վրիպակները, գրասխալները եւ թվաբանական սխալները՝ չփոխելով վճռի բովանդակությունն ու էությունը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31