«Արձանագրությունների վերածնունդն այսօր միջազգային հանրության ուշադրության կենտրոնում չէ, քանի որ աշխարհաքաղաքական այլ հարցեր են առաջ եկել, բայց եթե կողմերի մոտ շահագրգռություն լինի հարաբերությունները կարգավորելու, միջազգային հանրությունը կկանգնի այդ գործընթացի կողքին»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում ասաց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Այսօր հայ-թուրքական արձանագրությունների հրապարակման վեցերորդ տարին է:
Խոսելով գործընթացի ձախողման եւ Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր կարգավորման մասին`քաղաքագետն ասաց, թե քանի որ հենց Թուրքիան հրաժարվեց հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից, ինքն էլ պետք է վերսկսի հարաբերությունները, բացի սահմանը և հայտարարությունը անի դիվանագիտական կապերը սկսելու վերաբերյալ: «Եթե մենք այսօր վերսկսենք Թուրքիայի հետ հարաբերությունները պե՞տք են մեզ հայ-թուրքական արձանագրությունները թե՞ ոչ: Ես միշտ կողմնակից եմ, որ այդ փաստաթղթերը ստորագրվեն և վավերացվեն: Եթե այսօր վերսկսվեն ինչ որ հարաբերություններ Թուրքիայի հետ, ապա առաջին քայլը պետք է անի Թուրքիան, քանի որ հենց իրենք են հրաժարվել արձանագրությունը ստորագրելուց: Դա շատ պարզ գործընթաց է, մի երկրի արտգործնախարարը մեկին մյուսին նամակ է գրում, որտեղ ասում է, որ ուզում ենք ձեզ հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ»,- ասաց Ստեփան Գրիգորյանը`չբացառելով, որ թուրքերը տաբեր խողովակներով կդիմեն Հայաստանին՝ դիվանագիտական կապերը վերսկսելու հարցով. «Ես կարծում եմ Հայաստանն էլ պետք է համաձայնվի դրան` առաջարկելով բացել սահմանը և մերժել Թուրքիայի կողմից տարատեսակ նախապայմանները: Դուք գիտեք, թե ես արձանագրությունների ինչ կողմնակիցն եմ, բայց այսօր, այս վեց տարիների ընթացքում, շատ բան է փոխվել: Մեծ փաստաթղթեր ստորագրելու կարիքն այսօր չկա, ուզում եք հարաբերություններ` նամակ գրեք` հարաբերվենք: Վերադարձ արձանագրություններին այդ տեսքով չի կարող լինել»:
Քաղաքագետի կանխատեսմամբ, առաջիկա վեց ամիսների ընթացքում Իրանի գործոնը տարածաշրջանում արդեն նկատելի կդառնա` Թուրքիային տարածաշրջանում երկրորդ պլան մղելով:
Կարդացեք նաև
Ըստ նրա, տարածաշրջանում Թուրքիայի խնդիրները, Արեւմուտքի հետ վատացող հարաբերությունները եւ այլն, նաեւ պատճառ են, որ Թուրքիան ինքը պետք է շահագրգիռ լինի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման. «Թուրքիան պետք է ունենա մի փոքր հաջողությունների պատմություն, ուստի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեման Թուրքիայի համար ակտուալ է այդ պատճառով: Եվ Թուրքիայի ներքին այս անկայուն վիճակը կարող է դրդել այդ երկրին, որպեսզի արձանագրությունները կիրարկվեն առանց նախապայմանների»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ