Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը ներառական կրթական համակարգի ներդրումը ոլորտի ձեռքբերումներից է համարում:Ըստ նրա, ձեռքբերում է նաեւ ավագ դպրոցի, տասներկուամյա կրթական համակարգի անցումը:
«Կրթական նոր համակարգը, հատկապես մասնագիտական կողմնորոշմանը նպաստող քայլեր էին, բայց ափսոս, որ ավագ դպրոցը միայն անունով կա, բովանդակությունը դեռեւս շատ հեռու է այն տեսլականից, որը կառավարության որոշմամբ 2008-ին ընդունվեց որպես հայեցակարգ: Նույնը կարող եմ ասել բուհերում ներդրված կրեդիտային համակարգի մասին, իրականում շատ առողջ համակարգ է, որը դրսում լավագույնս աշխատում է: Այսինքն, դպրոցից են սկսում կուտակել իրենց կրեդիտները, տանել բուհ, իսկ մեզ մոտ բուհում դեռ չի կայացել կրեդիտային համակարգը, դպրոցում էլ ուզում են ներդնել, բայց այն հայեցակարգը, որ կա դպրոցներում` այդ հայեցակարգով դժվար թե կայանա»,- այսօր «Անալիտիկ» ակումբում ասաց Անահիտ Բախշյանը:
Տիկին Բախշյանը չշրջանցեց նաեւ ոլորտի քաղաքականացված լինելու հարցը, դժգոհեց, որ բուհերի կառավարման խորհրդի նախագահները հիմնականում հանրապետական կուսակցությունից են. «Կրթության որակը մեծապես տուժում է ոլորտի քաղաքականացված լինելու պատճառով: Ինչո՞ւ են դպրոցների տնօրենների մեծ մասը հանրապետական, ինչու է պետական համալսարանի կառավարման խորհրդի նախագահը հանրապետության նախագահը: Դպրոցի տնօրենը, որ դպրոցում կրթության որակի պատասխանատուն է, սովորաբար տանջվում է ՝ ինչպես հաճոյանալ վերեւին, եւ դա շատ անգամ լինում է կրթության որակի հաշվին, սա ուղղակի խորտակում է կրթության հաջողությունները, դպրոցներին ստիպում է չանել այն քայլերը, որոնց շնորհիվ կրթության որակն ավելի լավը կլիներ: Կրթական ոլորտի կադրային քաղաքականության հիմքում դրված չէ բարելավել կրթության որակը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ