Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հակահայկականությունը մինչեւ նոյեմբեր Թուրքիայում կավելանա

Օգոստոս 31,2015 11:45

«Մենք ունենք աշխարհաքաղաքական բացառիկ նպաստավոր իրավիճակ, որը տասնամյակներ շարունակ չի եղել Հայաստանի համար, բայց իմ մտավախությունն այն է, որ մենք չենք կարող օգտվել դրանից`ներքին խնդիրների եւ հերթական անգամ անպատրաստ լինելու պատճառով»,- այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում կարծիք հայտնեց միջազգայնագետ Արա Պապյանը`խոսելով տարածաշրջանում փոփոխվող իրավիճակի եւ այդ ամենում Հայաստանի տեղի ու դերի մասին:

Անցնող ամառը փորձագետը կարեւորագույնն է համարում սկսված եւ դեռ շարունակվող փոփոխությունների առումով: Նա անդրադարձավ Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին ու վերընտրություններին, կարեւորեց Քրդական ժողովրդադեմոկրատական կուսակցության 14 տոկոս ձայն հավաքելը, որն, ըստ էության, այդ ուժին հնարավորություն էր տալիս խորհրդարանում իր մեծությամբ չորրորդը լինել:

«Քրդական շարժումը թեւակոխում է նոր փուլ, եթե սրան գումարում ենք քրդական զինված պայքարը»,- ասաց նա`հավելելով, որ Հայաստանի շահի տեսակետից, սա աշխարհաքաղաքական առումով բարենպաստ իրավիճակ է ստեղծում. «Թուրքիան ավելի զբաղված է լինում իր ներքին խնդիրներով`պակասեցնելով հետաքրքրությունները Հարավային Կովկասում, մասնավորաբար, ԼՂՀ հարցում»: Փորձագետը կարեւորում է նաեւ Թուրքիայի եւ Արեւմուտքի հարաբերությունների վատթարացումը. «Արեւմուտքը չի անտեսում Իսլամական պետություն-Թուրքիա հարաբերությունները, թեեւ շատ բացահայտ չի անդրադառնում դրան»:

Այս ամենի ֆոնին՝ Արա Պապյանը կանխատեսում է, որ Թուրքիայում կայանալիք առաջիկա խորհրդարանական վերընտրությունների ժամանակ ազգայնականությունը կբարձրանա, կշատանան քրիստոնյաների, հատկապես հայերի դեմ հայտարարությունները`միմյանցից ձայներ տանելու խնդիր կա. «Մինչեւ նոյեմբեր հակահայկականությունը Թուրքիայում կավելանա»:

Հայաստանի համար հաջոր կարեւորագույն գործոնը նա համարում է Իրան-Արեւմուտք հարաբերությունների բարելավումը:

«Նավթն Ադրբեջանում էլ 94 դոլարով է հաշվարկված եւ նավթի գնի նվազումը նպաստում է Ադրբեջանի սպառազինության նվազեցմանը: Այս տարեվերջը եւ տարեսկիզբը Ադրբեջանի համար վերջին հնարավորությունն է, քանի որ երկիրը սնանկանում է: Արեւմուտքը դեռ երկար է նավթի գնելը ցածր պահելու`նաեւ ՌԴ-ի դեմ ճնշումները շարունակելով»,- ասաց փորձագետը`նման իրավիճակում շատ քիչ հավանական համարելով ԼՂՀ-ում ռազմական գործողությունների վերսկսումը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31