Սոս Պետրոսյանն ափսոսում է, որ կրկեսային արվեստի հանդեպ պատշաճ
ուշադրություն չկա
Երեանյան կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը (լուսանկարում) ցանկանում է, որ Լեոնիդ Ենգիբարյանին նվիրված հոբելյանական միջոցառումները «գալոչկայի» համար չլինեն, այլ հետք թողնեն: Ասում է՝ Ենգիբարյանը ոչ միայն լեգենդար ծաղրածու էր, ժողովրդական արտիստ, այլեւ իր սիրելի ուսուցիչը: «Ցավոք, այսօր ում մասին խոսում են, ասում են՝ ժողովրդական արտիստ է, մինչդեռ արտիստը միայն կոչումով չէ: Իրավունք չունենք հոբելյանական տարին մեկ-երկու միջոցառումով փակել, ասել՝ 80-ամյակ էր ու վերջ»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Սոս Պետրոսյանը: Նաեւ փաստում, որ տարվա սկզբից հանդես են եկել Հայաստանով մեկ ու նաեւ Արցախում. «Չկա մի գյուղ, մի մարզ, մի զորամաս, որ կրկեսի ստուդիայի սաներով ու պրոֆեսիոնալ արտիստներով այցելած չլինենք: Բոլոր վայրերում հանդես ենք եկել բարեգործական ծրագրով: Հատուկ ծրագրով՝ Երեւանի քաղաքապետի աջակցությամբ, եղել ենք Արցախում ու Տավուշի մարզում»: Կրկեսի գլխավոր ռեժիսոր Նաիրա Պետրոսյանը հատուկ ծրագիր էր ստեղծել՝ նվիրված Ենգիբարյանի հոբելյանին, սակայն Սոս Պետրոսյանի խոսքով, հասունացել էր պահը մայրաքաղաքում եւս կրկեսային տոն ստեղծել՝ նվիրված Լեոնիդ Ենգիբարյանին. «Ես նայեցի Ռուսաստանի բոլոր շապիտո կրկեսները, ընտրեցի Սանկտ Պետերբուրգի «Իմպերիալ» շապիտոն: Ի դեպ, այդ նախագծում կա նաեւ մեր կրկեսային ստուդիայի սան Պետրոս Կիրակոսյանի «Մահվան անիվ» համարը: Պետրոսը շնորհալի է, պայմանագրերով աշխատում է արտասահմանյան կրկեսներում»:
Մեր զրուցակիցը նշում է, որ «Իմպերիալ» շապիտոյի առաջին ներկայացումը նախատեսվածից շուտ է կայացել՝ «Երեւանյան ամառ» միջոցառման շրջանակներում, իսկ պաշտոնական պրեմիերան օգոստոսի 29-ին է: Քաղաքապետարանից բացի, նախագծին աջակցել է նաեւ մշակույթի նախարարությունը: «Ես շատ ցանկանում եմ, որ կրկեսը Արցախ էլ գնա, որտեղ երբեք շապիտո չի եղել»,- ցանկություն է հայտնում Սոս Պետրոսյանը:
Ափսոսում է, որ կրկեսային նախագիծը որեւէ հովանավոր չունի. «Մի դերասան որ «դրսից» գալիս է, օրինակ, թեկուզ Օլեգ Տաբակովը, 1000 հովանավոր է ունենում, իսկ այս կրկեսը, որտեղ կենդանիներ կան տարբեր մայրցամաքներից, ակրոբատներ, քառասուն հոգի աշխատակազմ… ոչ մի հովանավոր չունի: Ցավոք, կրկեսային արվեստի հանդեպ պատշաճ ուշադրություն չկա: Կոչում ու տեղ են տալիս միայն այն ժանրի դերասաններին, որոնք նվագում ու երգում են, դա իրենց գործն է, բայց պետք է նաեւ հասկանալ, որ կրկեսային արվեստը ազնիվ արվեստ է: Ժամանակին Ստանիսլավսկին իր թատերական ստուդիայի սաներին ու դերասաններին ասում էր՝ գնացեք կրկես ու կրկեսից սովորեք կարգապահություն, որովհետեւ կրկեսում «խալտուրա» չկա… Օրինակ, սերիալներում կոշկակարին բերում-դերասան են դարձնում, ծնողներն էլ ասում են՝ երեխաս դերասան է, իսկ կրկեսում եթե «խալտուրա» անես՝ վերեւից կընկնես, կմահանաս: Կամ եթե կարողանում ես փղի, ոչխարի, ուղտի հետ աշխատել, օդային մարմնամարզություն անել, ուրեմն վերջ… Դա՛ է արտիստը, դերասանը, թե չէ՝ հիմա ում հարցնում ես, ասում է՝ դերասան եմ»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում ռեստորաններում, հարսանիքների ժամանակ ժամանցի վայրերում կրկեսային համարների ցուցադրվելուն, Սոս Պետրոսյանը պատասխանեց, որ կարեւորը պրոֆեսիոնալիզմի նշաձողը պահելն է. «Կարելի է, ինչո՞ւ չէ, եթե համարը, ելույթը, ամեն ինչ պրոֆեսիոնալ է արված: Օրինակ, իմ տղան ու հարսը՝ Սոս եւ Վիկտորյա Պետրոսյանները, որ Գինեսի ռեկորդակիրներ են, վերջերս Լաս Վեգասում ելույթ են ունեցել լավագույն ռեստորանում: Չնայած այնտեղ ռեստորան ասվածը մի քիչ այլ կերպ է ընկալվում, քան Հայաստանում: Նույնիսկ Շարլ Ազնավուրը ռեստորանում է ելույթ ունենում: Կրկնում եմ՝ կարեւորը՝ պրոֆեսիոնալիզմն է, թե չէ կան դերասաններ, որոնց կրկեսին մոտ չենք թողնում, մեկ էլ տեսնում ենք տարբեր միջոցառուներում ելույթ են ունենում, ու ասում են կրկեսի դերասա՜ն, չգիտեմ ի՜նչ…»:
Զրույցի ընթացքում պարոն Պետրոսանը հայտնեց իր հանրահայտ տղայի, հարսի եւ թոռան՝ Յուրմալայում գրանցած հաջողության մասին: Վերջերս կայացած միջազգային մրցույթ-փառատոնում Սոս եւ Վիկտորյա Պետրոսյանները ստացել են «Աշխարհի լավագույն զգեստափոխողներ» մրցանակը, իսկ կրտսեր Սոս Պետրոսյանը ճանաչվել է աշխարհի լավագույն երիտասարդ իլյուզիոնիստ:
«Եթե Հայաստանում ըմբշամարտից մեկը 60-րդ տեղն է զբաղեցնում, բոլոր ալիքները ցույց են տալիս, թերթերը գրում են, բոլորն այդ մասին են խոսում, բայց կրկեսային ոլորտի դերասաններ կան, որ արժանի են կոչումների եւ հարգանքի, այդ մասին ոչ ոք չի բարձրաձայնում: Ցավոք, առայժմ կրկեսին չեն մոտենում, երեւի առաջիկա 10 տարիների՞ն ուշադրություն դարձնեն: Մինչդեռ պետք է մարդկանց կենսագրությանը նայել, մարդ կա՝ ժողովրդականի կոչում է ստանում, իսկի վաստակավորի արժանի չէ, ու իսկական ժողովրդականը գերազմանի մեջ շուռ է գալիս»,- ասում է անվանի արվեստագետը:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.08..2015