Հեծանվային սպորտը Հայաստանում լավ ավանդույթներ է ունեցել: Դեռ խորհրդային տարիներին ունեցել ենք անգամ աշխարհի չեմպիոններ: Հայաստանի հեծանվային սպորտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը «Առավոտի» հետ զրույցում հիշեց բազմաթիվ հեծանվորդների, որոնք անկախացումից հետո էլ բարձր տեղեր են գրավել ամենաբարձր մակարդակի մրցումներում: Սակայն հիմա անուններ չենք թվարկում, որովհետեւ, նախ տեղը չի բավականացնի, ապա, հնարավոր է, ոմանց մոռանանք:
Արմեն Գյոզալյանի հետ հարցազրույցի առիթը վերջին երկու ամսում Էդգար Ստեփանյանի՝ Եվրոպայի երիտասարդների ոսկե եւ աշխարհի երիտասարդների արծաթե մեդալներն էին եւ մեր մյուս երիտասարդների ոչ պակաս հաջող մրցելույթները: Մարզիչը հայկական հեծանվասպորտի իսկական վերածնունդը թվագրում է 2011 թվականով, երբ Մհեր Մկրտչյանը Մոսկվայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությունում երկու արծաթե մեդալ նվաճեց: Արմեն Գյոզալյանի համոզմամբ՝ հենց այդ նվաճումից հետո հաջողության անիվը կրկին սկսեց պտտվել:
– Պարոն Գյոզալյան: Հայաստանում խճուղային վազքո՞ւմ են հաջողություններն ավելի շատ, թե՞ հրապարակայինում:
– Երկու ձեւերում էլ: Բայց ստացվել է այնպես, որ մի փոքր ավելի շատ են հրապարակային հեծանվավազքի արդյունքները:
Կարդացեք նաև
– Հետքրքիր է: Թվում էր, թե պիտի հակառակը լիներ, քանի որ մեր նոր հեծանվահրապարակն ընդամենը մի քանի տարի է, ինչ սկսել է գործել:
– Չմոռանանք, որ ունեցել ենք նաեւ հին հեծանվահրապարակը, որտեղ նույնպես մարզումներ ու մրցումներ են անցկացվել: Ճիշտ է, վերջին շրջանում համեմատաբար քիչ: Բայց մենք նաեւ հենց խճուղիներում ենք նախապատրաստվում հեծանվահրապարակային մրցումներից առաջ: Իսկ այժմ կա նաեւ նոր հեծանվահրապարակը, որը համապատասխանում է միջազգային չափորոշիչներին: Ու այդպիսի մարզակառույց ունենալով արդյունքներ չտալ՝ անթույլատրելի ու ամոթ կլիներ:
– Խորհրդային տարիների բարձր արդյունքներ, ԽՍՀՄ փլուզումից հետո որոշակի անկում, հիմա կրկին վերելք: Ինչո՞վ եք դա պայմանավորում, եթե նկատի առնենք նաեւ այն, որ մեր տեղեկություններով, մեր ֆեդերացիան ու երկու մարզադպրոցները դեռ գույքային շատ լուրջ խնդիրներ ունեն:
– Ճիշտ դիտարկում է: Մեր մարզաձեւում հաջողության գրեթե կեսը կապված է ժամանակակից տեխնիկայի առկայության հետ: Իսկ հեծանվային սպորտում որակյալ գույքն ու պահեստամասերը շատ թանկ արժեն: Բայց ես մեր այս հաջողությունները վերագրում եմ ֆեդերացիայում տարվող թիմային աշխատանքին: Մեր ֆեդերացիայի բոլոր նախագահներն էլ ժամանակին իրենց հնարավորությունների առավելագույն չափով, դեռ մի բան էլ ավելի, արել են հնարավորին ամեն բան՝ մարզաձեւը պահպանել ու զարգացնելու համար: Ու դա մենք գնահատում ենք: Ֆեդերացիայում ընտրվել է թիմային միասնական աշխատանքի սկզբունքը: Մեզ մոտ չկա այս կամ երկրորդ մարզադպրոցի հասկացություն, բոլորս էլ մեկ աշխատանք ենք կատարում եւ օգնում ենք միմյանց: Նշանաբանը հետեւյալն է. չկա մեր եւ ձեր մարզադպրոց, իմ կամ քո սան: Որովհետեւ միջազգային ասպարեզներում մենք ոչ թե այս կամ այն մարզադպրոցն ենք ներկայացնում, այլ Հայաստանը, մեր եռագույնը: Ու մի բան էլ, որը շատ կարեւոր է: Գրեթե բոլոր նախկին հեծանվորդները, որոնց մի մասը հանգամանքների բերումով Հայաստանում չէ, կապերը չի խզել ֆեդերացիայի, իր մարզադպրոցի հետ եւ անհրաժեշտության դեպքում այնտեղից օգնում է՝ ինչով կարող է, դա լինի անիվ, անվադող, այլ պահեստամասեր, մարզահագուստ ու մարզագույք, որոնք, կրկնում եմ, թանկ հաճույքներ են:
– Մոտ երկու ամիս է, ինչ ֆեդերացիայի նախագահ է ընտրվել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: Նա, որքան տեղյակ ենք, հեծանվային սպորտի մասնագետ չէ: Իսկ ձեր մարզաձեւում նրբությունները բազմաթիվ են ու մանրուքներ չկան: Ինչպե՞ս են լուծվում խնդիրները:
– Այս կարճ ժամանակահատվածում հասցրել ենք համոզվել, որ նա բառիս բուն իմաստով կազմակերպիչ է եւ հեծանվային սպորտին ուշադիր անձնավորություն: Ես միշտ էլ ասել եմ, որ այսօրվա հաջողությունները տարիների ընթացքում կատարած աշխատանքի արդյունք են: Բայց թող տարօրինակ չհնչի, Էդգար Ստեփանյանի եւ մեր մյուս հեծանվորդների այսօրվա նվաճումների գործում պարոն Սահակյանի ներդրումը նշանակալի է: Նա կարողանում է լսել մասնագետների խոսքն ու տեսակետները, քննարկել դրանք ու ճիշտ որոշումներ կայացնել: Ընդ որում, նա այդ որոշումները միանձնյա չի կատարում, այլ՝ կոլեգիալ: Թե Աթենքի Եվրոպայի, թե Աստանայի աշխարհի առաջնությունների նախապատրաստության ծաղկաձորյան հավաքների ժամանակ նա սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի հետ հաճախակի էր այցելում մեզ, զրուցում մարզիչներիս ու մարզիկների հետ, հետաքրքրվում ամեն բանով ու տեղում բոլոր խնդիրներին լուծում տալիս ընդհուպ մինչեւ վիտամիններն ու վերականգնիչները: Տարիների իմ մարզչական կյանքի ընթացքում այս տարի առաջին անգամ եղավ, որ մեր հավաքականի կազմում Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններ մեկնեցին մեխանիկն ու մերսող բժիշկը, առանց որոնց, հավատացեք, հնարավոր է, որ այդ մեդալները չլինեին: Համոզված եմ, որ պարոն Սահակյանի հեղինակությունն ու կապերը շատ օգտակար են լինելու մեր մարզաձեւի միջազգային հեղինակության էլ ավելի բարձրացման համար:
– Բայց փորձը ցույց է տալիս, որ միայն ֆեդերացիայի ջանքերով ամեն բան չէ, որ հնարավոր է անել:
– Ճիշտ եք: Մշտապես մեր մարզաձեւի կողքին են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը: Մեզ շատ են օգնել ու հիմա էլ ամեն ինչով աջակցել ու աջակցում են Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, որի առաջին կուրսի ուսնող է Էդգարը, ԵՕՀՊՄՔ-ն, «Երեւան Ջուրը»՝ ի դեմս Պատրիկ Լորենի: Ի դեպ, պարոն Լորենը ֆեդերացիայի հետ համագործակցության շրջանակներում Էդգարի համար միջազգային չափորոշիչներին համապատասխանող հեծանիվ է ձեռք բերել, որը հարմարեցված է հենց Էդգարին: Այդ հեծանիվը մի քանի հազար դոլար արժե: Մեկ անգամ էլ նշեմ մեր նախկին այն հեծանվորդներին, որոնք օգնում են թե մեր մարզադպրոցներին, դե հավաքականին եւ թե ֆեդերացիային:
– Առաջիկայում դեռ ի՞նչ մրցումներ կան:
– Հեծանվահրապարակի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, աշխարհի գավաթի երկու խաղարկություն եւ ԱՄՆ-ում խճուղային հեծանվավազքի երիտասարդների ու մեծահասակների առաջնություն: Բայց առայժմ չեմ կարող ասել՝ կմասնակցե՞նք դրանց, թե՞ ոչ: Այդ հարցերը մոտ ժամանակներս պետք է ֆեդերացիայում քննարկվեն:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.08..2015