Լրահոս
Օրվա լրահոսը

Փող եւ անձնազոհություն

Օգոստոս 31,2015 12:00

Մենք այսօր, ավելի քան երբեւէ, ազնվությունից ու հայրենասիրությունից ենք խոսում: Ինչպես նաեւ՝ անձնազոհությունից: Ինչպես նաեւ՝ մարդասիրությունից: Ինչպես նաեւ՝ մարդու իրավունքներից ու ժողովրդավարությունից: Մենք այս վեհ ու բարձր բաներից ենք խոսում մամուլում ու հեռուստատեսությամբ, մեր հրապարակային ելույթներում, հանրահավաքներում եւ հասարակական վայրերում: Ամեն ինչից խոսում ենք՝ փողից ու նյութականից բացի:

Այսուհանդերձ, առավոտից իրիկուն փողի ու նյութականի մասին ենք մտածում: Ընդ որում՝ փողի ու նյութականի մասին մտածում են ե՛ւ աղքատները, ե՛ւ հարուստները: Հավասարապես:

Ընդ որում՝ առավոտից իրիկուն փողի մասին ոչ միայն մտածում, այլեւ խոսում ենք: Փողի մասին ենք խոսում տանը, բակերում, սրճարաններում եւ այլուր:

Երկուսն էլ մենք ենք՝ ե՛ւ փողի մասին չխոսողները, ե՛ւ խոսողները: Նայած թե՝ որտեղ եւ ինչ միջավայրում ենք գտնվում: Նայած թե՝ ովքեր են մեր ունկնդիրները: Եթե մեր ունկնդիրները միամիտ ու հավատավոր մարդիկ են, մենք մեզ ներկայացնում ենք՝ իբր փողի ու նյութականի վրա թքած ունենանք: Եվ եթե մեր ունկնդիրները միամիտ ու հավատավոր մարդիկ են, հավատում են մեզ ու մեր ասածներին: Հավատում են, որ մենք իրենցից ազնիվ ենք: Հավատում են, որ մենք իրենցից մարդասեր ենք: Հավատում են, որ մենք իրենցից անձնազոհ ենք: Հավատում են, որ մենք նույնիսկ մեր կյանքը կտանք հանուն իրենց իրավունքների պաշտպանության ու ժողովրդավարության:

Եթե միամիտ ու հավատավոր մեր ունկնդիրները չլինեին, շատախոսներս դժվար թե այսքան շատ խոսեինք ազնվությունից, հայրենասիրությունից, մարդասիրությունից, անձնազոհությունից, ժողովրդավարությունից եւ այլ բարձրաբերձ բաներից: Եվ եթե մեր միամիտ ու հավատավոր ունկնդիրները չլինեին, մենք կխոսեինք այն հիմնականի մասին, ինչի մասին որ մենք ու իրենք առավոտից իրիկուն մտածում ենք: Այսինքն, փողի մասին:
Որովհետեւ մեր երկրում ու մեր օրերում փողն է ամեն ինչ որոշողը: Սա ակնհայտ փաստ է, եւ ինչքան էլ ինքներս մեզ ու իրար խաբելով՝ այս ակնհայտն իրարից թաքցնում ենք, դրանից որեւէ բան չի փոխվում: Եվ չի էլ փոխվի:

Որովհետեւ կապիտալիզմ է, ընդ որում՝ չափազանց վայրի կապիտալիզմ: Եվ մերը կապիտալիզմ ենք անվանում, որովհետեւ մեր այս ստեղծածին համարժեք անուն քաղաքագետները դեռեւս չեն հորինել: Եվ դժվար էլ հորինեն, որովհետեւ մտածելու հնարավորություն ու ժամանակ չունեն: Որովհետեւ իրենք էլ են առավոտից իրիկուն փողի մասին մտածում: Եվ քանի որ ուրիշ բանի մասին մտածելու հնարավորություն ու ժամանակ չունեն, արդեն կյանքի ու գոյության իրավունք ստացած անվանումներն են ասում ու կրկնում: Կապիտալիզմ եւ ժողովրդավարություն: Մենք ու քաղաքագետներն ահա այս երկու բառերի շղարշով ենք կոծկում այն ամենը՝ որ ներսուդրսից շուրջկալել է մեզ:
Եվ ընդհանրապես՝ մեզանում բոլորը կոծկելով են զբաղված: Ավելի ճիշտ՝ գրեթե բոլորը: Գրեթե բոլորը մտածում են մի բան, ասում են մի այլ բան եւ անում են բոլորովին այլ բան: Մեր ասածներն ու արածները ոչ միայն իրար չեն համապատասխանում, այլեւ ակնհայտորեն հակասում են իրար:

Հիմա էլ սահմանադրական փոփոխություններից ենք խոսում ու բանավիճում: Գլխի ենք ընկել, որ հանրապետության նախագահը Սահմանադրության մեջ ուզում է փոփոխություններ կատարել, որպեսզի հնարավորինս երկարաձգի իր իշխանությունը: Բոլորս գլխի ենք ընկել եւ ինքնագոհ դատողություններ ենք անում: Ոմանք կտրականապես դեմ են, որ նախագահը շարունակի իր իշխանավարությունը, ոմանք էլ շատ են ցանկանում, որ դա տեղի ունենա: Եվ վերստին՝ անձնական շահերից ու նկատառումներից մղվելով: Բայց ե՛ւ դեմերը, ե՛ւ ցանկացողներն իրենց ցանկությունլերը ներկայացնում են՝ երկրի ու ժողովրդի շահերից բխեցնելով: Ցույց են տալիս թե՝ երկրի ու ժողովրդի խնդիրներով են մտահոգ: Էս ասածս ամենեւին չի նշանակում թե՝ իրականում երկրի ու ժողովրդի խնդիրներով մտահոգ քաղաքացիներ չկան: Կան, բայց էդպիսիք ավելի շատ լռակյացների ու քչախոսների մեջ են, քան՝ շատախոսների: Եվ էդպիսիք հատկապես ազնվությունից, անձնազոհությունից, մարդասիրությունից, հայրենասիրությունից ու նման բարձր բաներից են քիչ խոսում, ինչպես նաեւ՝ սահմանադրական փոփոխություններից, դրանց կարեւորությունից ու անկարեւորությունից:

Էդպիսիք հաստատ մեր մեջ կան: Կան, բայց չեն խոսում: Ցավոք սրտի: Եթե խոսեին, հնարավոր է՝ կարեւոր բաներ ասեին: Շատ ավելի կարեւոր բաներ, քան մենք ենք ասում: Կարեւոր բաներ, որոնց կարիքն ու պահանջն իսկապես կան:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ
29.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31