Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայկական Վերածնունդ» միավորումը վերահաստատում է. Սահմանադրական բարեփոխումների նախագիծը ներկա տեսքով անընդունելի է

Օգոստոս 31,2015 11:27

Նախօրեին տեղի է ունեցել «Հայկական Վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման կառավարման խորհրդի նիստը: Նիստում քննարկվել է ՀՀ-ում մեկնարկած Սահմանադրական բարեփոխումներին առնչվող հարցերի լայն շրջանակ: Կառավարման խորհրդի անդամները ևս մեկ անգամ վերահաստատել են «Հայկական Վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման մոտեցումները Սահմանադրական բարեփոխումների առնչությամբ, որոնք հինգ սկզբունքային առաջարկությունների տեսքով պաշտոնապես հրապարակվել է մամուլում:

«Հայկական Վերածնունդ» հասարակական քաղաքական միավորումն իրեն մաս կազմող 110 քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների անունից հայտարարում է, որ Սահմանադրական բարեփոխումների հրապարակված նախագիծը ներկա տեսքով անընդունելի է և ենթակա է լուրջ փոփոխությունների: Կարևորելով ՀՀ նախագահի և Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի պատրաստակամությունն ընդունելու միավորման առաջարկները, ևս մեկ անգամ վերահաստատում ենք առաջարկությունների սկզբունքային բովանդակությունը:

«Հայկական Վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումն անընդունելի է համարում խորհրդարանական կառավարման մոդելի ներդրման քողի ներքո ամբողջ իշխանությունը մեկ անձին` վարչապետին տրամադրելու փորձերը, որոնք ենթադրում են ոչ թե խորհրդարանական, այլ վարչապետական կառավարում, ինչն ավելի նման է ոչ թե խորհրդարանական, այլ նախագահական կառավարմանը: Փաստորեն «նախագահ» բառը փոխարինվում է «վարչապետ» բառով` առանց հակակշիռների և հավասարակշռության մեխանիզմների սահմանման: Ահազանգելով իշխանության բալանսավորման համար անկատար մեխանիզմների առկայության առնչությամբ` միաժամանակ մտահոգություն ենք հայտնում, որ 100 տոկոս համամասնական ընտրակարգ հռչակելով փորձ է արվում «Ընտրական օրենսգրքում» ներառել մեծամասնական ընտրական համակարգի բաղադրիչները` դրանով իսկ վտանգելով այս փաստաթղթի կարևորագույն ձեռքբերումը` 100 տոկոս համամասնական ընտրակարգի ընդունումը: «Հայկական Վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումը նաև իր մտահոգությունն է հայտնում նախագծում երկրի ներքին և արտաքին անվտանգությանն առնչվող խնդիրների թերի կարգավորման առնչությամբ, ինչը հիմնարար նշանակություն ունի մեր երկրի համար, որը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային պայմաններում: «Հայկական Վերածնունդը», պատրաստակամություն հայտնելով մասնակցել հետագա քննարկումներին, իշխանություններին կոչ է անում հաշվառել բոլոր փաստարկված առաջարկությունները և ձևավորել դիրքորոշումների համադրության, այլ ոչ թե հակադրության մթնոլորտ:

«Հայկական Վերածնունդ» միավորման կառավարման խորհուրդն անդրադարձ է կատարել նաև երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին: Արձանագրելով ժողովրդի օրեցօր ծանրացող սոցիալական իրավիճակը, խորացող արտագաղթը, սպառողական գների բարձրացումները` պահանջում է համարժեք ու համակարգված քայլերի իրականացում իշխանության տարբեր մարմինների կողմից սոցիալական մեծացող լարվածությունը մեղմելու համար:

«Հայկական Վերածնունդ» միավորումը նաև որոշում կայացրեց վերսկսել մարզային հանդիպումները և ժողովրդին տեղեկացնել միավորման գործունեության և առաջնահերթությունների մասին:

«Հայկական Վերածնունդ» միավորում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31