Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ծորենին` բարբարիսը, օգտակարությամբ հայտնի է դեռեւս մ.թ.ա.

Օգոստոս 31,2015 11:30

1,5-2 մ բարձրության հասնող փշոտ թուփ, որը ծաղկում է գարնանը, իսկ պտուղները հասունանում են աշնանը` օժտված է բազում օգտակար հատկություններով: Ծորենին խթանում է լեղարտադրությունը, իջեցնում արյան բարձր ճնշումը, բարձրացնում արյան մակարդելիությունը։ Դեղաբույսը հեշտացնում է լեղու հոսքը, ստեղծում բորբոքային երեւույթները վերացնելուն նպաստող պայմաններ լեղածորաններում եւ լեղապարկում, նոսրացնում լեղու խտությունը։ Դեղնախտի եւ լյարդի ցիրոզների սկզբնական շրջանում դեղաբույսն ունենում է մեծացած լյարդը կրճատելու հնարավորություն, կարգավորում է այդ ժամանակ լյարդի գործառնական պրոբային ցուցանիշները արյան մեջ՝ նվազեցնելով միաժամանակ ցավի զգացողությունը:

Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են բույսի արմատը, կոճղարմատը եւ տերեւները, որոշ դեպքերում` նաեւ ծաղիկներն ու պտուղները: Դեռեւս մ.թ.ա 650 թ. ասորական թագավոր Աշուրբանիպալի գրադարանից մեզ հասած կավե սալիկի վրա գրված է ծորենու մասին, որպես դեղաբույսի, որ այն համարվել է «արյունը մաքրող» միջոց:
Տերեւներից ջրաթուրմ պատրաստում են. 10 գ հումքին (մեկ ճաշի գդալ) ավելացնել 200 մլ եռման ջուր եւ տաքացնել ջրային բաղնիքում 15 րոպե։

Ֆրանսիայում դեղաբույսի պտուղները համարվում են որպես մարսողական տրակտի գործունեությունը խթանող, հակաջերմային, հիպոտենզիվ եւ մանրէասպան միջոց: Եփուկի կամ թուրմի ձեւով պտուղները նշանակվում են ստամոքսաաղիքային տրակտի սուր հիվանդությունների, հատկապես հղիների մոտ առաջ եկած լուծի եւ փսխման ժամանակ:
Հայկական ժողովրդական բժշկության մեջ բույսի արմատի եփուկը տեղ է գտել աղիքային խիթերի բուժման ցանկում, իսկ արմատը եւ պտուղները` տրորված վիճակում, ներքին ընդունման ձեւով, կիրառվել են պալարախտի ժամանակ, հատկապես հազի եւ հեւոցի առկայության պայմաններում:

barbaris2

Չեխոսլովակիայում դեղաբույսի պտուղներից պատրաստված գինին օգտագործվում էր վատ ախորժակի, գլխացավի, փորկապության եւ դիֆթերիայի ժամանակ: Բուլղարական բժշկության մեջ արմատը եւ կեղեւը հանրահայտ են հեպատիտների, լեղաքարային հիվանդության, դեղնուկի, նեֆրիտների, միզապարկի հիվանդությունների, պոդագրայի, ռեւմատիզմի եւ ռադիկուլիտի բուժման մեջ, իսկ ժողովրդական բժշկության մեջ` ստամոքսի սպազմի, արյունահոսությունների, դիզենտերիայի եւ լնդախտի ժամանակ:
Իտալիայում գիտականորեն հիմնավորել են, որ ծորենու պատրաստուկները օժանդակ միջոց են մալարիայի բուժման դեպքում: Նրանք մեծացած փայծաղի միջից արյան մեջ են դուրս բերում պլազմոդիումներին, որտեղ հակամալարիային դեղամիջոցները հեշտությամբ ներգործում են դրանց վրա:

Ռուսական ժողովրդական բժշկության մեջ բույսի պտուղները, կեղեւը եւ արմատը օգտագործվում են որպես արյունահոսությունը դադարեցնող, լուծը վերացնող, լեղամուղ եւ ախորժակը լավացնող միջոց:

Ուզբեկական ժողովրդական բժշկության մեջ պտուղներն օգտագործվում են որպես սրտամկանը ամրապնդող, ջերմն իջեցնող, ծարավը հագեցնող եւ հակալուծային միջոց, ինչպես նաեւ` նեւրասթենիայի դեպքում: Արմատի եփուկը տալիս են ռեւմատիզմի, տարբեր բնույթի ջերմերի, աչքի եւ բերանի խոռոչի հիվանդությունների ժամանակ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
29.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31