Լրահոս
Օրվա լրահոսը

Ծաղկաբերդ գյուղի ազատագրման 22-ամյակի առթիվ կանգնեցվեց խաչքար-հուշակոթող

Օգոստոս 30,2015 16:16

ԽԱՉՔԱՐ-ՀՈՒՇԱԿՈԹՈՂԸ՝ ԶՈՐԱՎԻԳ
Սա Հայաստան է, և վերջ…
Լեոնիդ Ազգալդյան

Անցած տարի աշնանը Արցախի Քաշաթաղի շրջանի և Երևանի Նոր Նորք ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների միջև կնքվեց համագործակցության պայմանագիր: Այդ շրջանակներում Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ գյուղի ազատագրման 22-ամյակի առթիվ Աշոտ Նավասարդյանի անվան միջնակարգ դպրոցի բակում կանգնեցվեց խաչքար-հուշակոթող՝ նվիրված գյուղի ազատագրման համար նահատակված «Նիկոլ Դուման» երկրապահ ջոկատի տղաների հիշատակին: Օգոստոսի 28-ին կայացավ խաչքարի օծման արարողությունը, որին ներկա էին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը, տեղակալ Արմեն Ալավերդյանը, աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Հեղինե Կարապետյանը, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Սահակ Հարությունյանը, Երևանի քաղաքային համայնքի ավագանու անդամ Աշոտ Պապայանը «Նիկոլ դուման» ջոկատի ազատամարտիկներ Ղուկաս Ուլիխանյանը, Միքայել Բայաթյանը, ինչպես նաև Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը, տեղակալներ Հակոբ Սայամյանը, Արտավազդ Ալեքսանյանը: Մինչև Ծաղկաբերդ հասնելը՝ Հակարի գետի ձախափնյա ժայռերի տակ կա փոքր հուշարձան՝ նվիրված 1992-93թթ. տարածքում մարտիրոսված ազատամարտիկներին: 1993 թ. օգոստոսի 17-ին այստեղ տեղի ունեցած մարտերի ժամանակ թշնամու ականանետային հրթիռակոծումից զոհվեցին «Նիկոլ Դուման» ջոկատի 4 ազատամարտիկ՝ Արմեն Մարտիրոսյանը՝ Արջ, Սմբատ Մարգարյանը, Գագիկ Ազատյանը և Անուշավան Հարությունյանը: Այս մարտերի մասնակից Ղուկաս Ուլիխանյանը/Արմեն Ուլիխանյանի եղբայրը/ պատմեց օրվա մարտերի, նահատակ տղաների մասին: Նշեց, որ թշնամու «Գորշ գայլեր» կազմավորումը գետի աջակողմյան բարձունքից՝ Կոռնիձոր գյուղի հարավային մասից, ուղիղ նշանառության տակ էր պահել դեպի Գյուլիբերդ/Ծաղկաբերդ/ առաջացող «Արծիվ 18» ջոկատի/որի կազմում էին նաև «Նիկոլ Դուման»-ի մոտ 20 մարտիկներ/ զինվորներին: Թշնամին հիմնականում օգտագործել էր ականանետ, որի արկերի պայթյուններից շատ տղաներ էին վիրավորվել/նաև՝ Ղուկասը/, նահատակվել: Ներկաները ծաղիկներ խոնարհեցին հուշարձանի մոտ:

Ծաղկաբերդի դպրոցի մոտ հյուրերին դիմավորեցին համայնքի ղեկավար Ազատ Եղոյանը, դպրոցի տնօրեն Ռիմա Բաբաջանյանը, ծաղկաբերդցինր, հարևան համայնքների բնակիչներ: Նոր Նորք վարչական շրջանի և Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարները դպրոցի տնօրենի ուղեկցությամբ ծանոթացան կրթօջախի պայմաններին: Այնուհետև Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի աշխատակից Նարինե Մխիթարյանը հայտարարեց հանդիսավոր մասի բացումը: Հնչեցին ՀՀ և ԼՂՀ Օրհներգերը, հայտարարվեց լռության րոպե: Ներկաներին իրենց ելույթով ողջունեցին դպրոցի սաները: Հադրութի շրջանի հոգևոր հովիվ Տեր Մաթևոս քահանան Տերունական աղոթքով սկսեց խաչքարի օրհնումն ու օծումը: Մյուռոնված ջրով լվաց ու կարմիր գինով օծեց հուշակոթողը՝ մաղթելով, որ Աստված զորավիգ լինի մեր ժողովրդին, խաղաղություն տա մարտիրոսների հոգիներին: Շնորհավորելով Խաչքար-հուշակոթողի տեղադրման ու օծման համար՝ Տեր հայրն ասաց.

-Եթե մենք կարողանում ենք որևէ լավ բան անել մեր հայրենիքի, այս շրջանի, երեխաների համար՝ մեր օրհնություն է: Թող Աստված տա՝ այս Խաչքարն օրհնություն լինի մեր գյուղի համար, տարածաշրջանը լինի օրհնված թշնամու բոլոր աղետներից: Թշնամին միայն թուրքը չէ, նաև սատանան է. սատանայից լինենք պաշտպանված: Խաչի զորությամբ շրջանում լինեն միայն ուրախություններ, և երեխաներն ամեն անգամ Խաչի կողքով անցնելիս խաչակնքվեն, մոտենան համբուրեն, որովհետև այն օրհնված է: DSCN0726
Ներկաները ծաղիկներ խոնարհեցին խաչքարի մոտ, համբուրեցին արդեն օրհնված հուշակոթողը: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, ողջունելով ներկաներին և շնորհավորելով, ասաց.
-Ուզում եմ բոլորիս շնորհավորել, մաղթել առողջություն և նոր հաղթանակներ: Մի քանի տարի առաջ մեր 2 պետությունների մայրաքաղաքների համագործակցության արդյունքում շատ հետաքրքիր գաղափար ծնվեց. Երևանի 12 վարչական շրջանները պետք է համագործակցեն ԼՂՀ վարչական տարածքների հետ: Նոր-Նորք վարչական շրջանն անմասն չմնաց, և համագործակցության հուշագիր ստորագրվեց Քաշաթաղի շրջանի հետ: Առիթից օգտվելով՝ շնորհակալություն եմ հայտնում պարոն Խաչատրյանին՝ այս հնարավորությունը մեզ ընձեռելու համար: Սկսեցինք այստեղից, և մեր համագործակցությունը շարունակական է լինելու: Գյուղապետի և պարոն Խաչատրյանի հետ համաձայնվեցինք՝ գյուղում երեխաների համար հանգստի գոտի ստեղծել:

Հյուրերի կողմից դպրոցի առաջին դասարանցի 5 աշակերտներին հատկացվեց պայուսակ՝ գրենական պիտույքներով: Որոշակի քանակության պայուսակ հատկացվեց կրթության բաժնին՝ սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցական երեխաների համար: Փոխանակվեցին նաև հուշանվերներ: Նոր Նորքի վարչական շրջանը ծաղկաբերդցիների համար անակնկալ էր պատրաստել: Հանդիսավոր արարողությունից հետո ներկաների համար հանդես եկան Երևանի պետական կրկեսի արտիստները: Մոտ մեկ ժամ տևած նրանց ելույթները մեծ սիրով ընդունվեցին հանդիսատեսի կողմից: Հատկապես ուրախ էին փոքրիկները: Նրանք մեծ բավականություն ստացան բոլոր ելույթներից, բայց ինչպես միշտ՝ փոքրիկների համար ուրախություն է ծաղրածուների խաղը: Կրկեսի գեղարվեստական ղեկավար Նաիրա Պետրոսյանը տեղեկացրեց, որ մինչև Ծաղկաբերդ գալը, նույն օրը ելույթ են ունեցել նաև Բերձորի Վահան Թեքեյանի անվ. թիվ 1 միջն. դպրոցի դահլիճում: Սա կրկեսականների երկրորդ ելույթն էր Բերձորում: Ն. Պետրոսյանը տեղեկացրեց նաև, որ մոտակա օրերը՝ ՀՀ Պաշտպանության նախարարության հովանավորմամբ հյուրախաղերով հանդես են գալու Արցախի տարբեր բնակավայրերում ու զորամասերում:
ՀՀ ԵԿՄ վարչության նախագահի տեղակալ, ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական, «Նիկոլ Դուման» ջոկատի ազատամարտիկ Ղուկաս Ուլիխանյանը մեծ ուրախություն ապրեց՝ տեսնելով հայ մանուկներին իր և իր մարտական ընկերների կողմից ազատագրված հայրենի հողում: Նույն ջոկատի ազատամարտիկ, մայոր, Երևանի կայազորային հոսպիտալի հրամանատարի ԱՀՏԱԳ տեղակալ Միքայել Բայաթյանը, ով Մարտակերտի շրջանի Լենինավան գյուղի մոտ 1993 թվականին ծանր վիրավորվել էր և այժմ այստեղ էր, հուզված էր. «Չէի սպասում», որ այստեղ նման հանդիպում կկայանա, որ այսքան փոքրիկներ կդիմավորեն ու կողջունեն մեզ»: Ծաղկաբերդի Ա. Նավասարդյանի անվ. միջն. դպրոցի տնօրեն Ռիմա Բաբաջանյանը, ողջունելով հյուրերին, կարևորեց նման համագործակցությունը՝ հավելելով. «Տարիներ անց էլ մենք զգում ենք պատերազմի հետքերը: Թերևս կարոտի ցավն է մեզ ստիպում ամեն օր հիշել մեր ազգի այն արծիվ զավակներին, ովքեր իրենց կյանքը չխնայեցին մեր հայրենիքի ազատագրման համար: Այս հողի ամեն մի թիզը ողողված է այդ քաջորդիների արյունով, և մենք նրանց արժանի հետնորդը պետք է դառնանք՝ շենացնելով հող-հայրենին, հայեցի դաստիարակություն տալով մեր աշակերտներին»: Մթնշաղին հրաժեշտ տվեցինք Ծաղկաբերդին՝ հավատով, որ նորաօծ Խաչքար-հուշակոթողը կանգուն կմնա հավերժ և կլինի զորավիգ մեր ժողովրդին: Միջոցառմանը ներկա էին նաև ԱՄՆ-ում գործող «Հայրենասեր» կազմակերպության համահիմնադիր ամուսիններ Նելլի-Շուշի Մարտիրոսյանն ու Ստեփան Սարգսյանն իրենց փոքրիկ դստեր՝ Շուշիի հետ: Նույն օրը Ծաղկաբերդի հարևան Վուգավան գյուղում համայնքին հանձնվեց «Հայրենասեր»-ի աջակցությամբ հիմնանորոգված դպրոցի շենքը:

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31