Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը համոզիչ չի եղել

Օգոստոս 30,2015 14:57

«Ինձ համար որոշ խնդիրներ մնացին: Տեսնենք, թե քննարկումներն Ազգային ժողովում ինչպես կընթանան»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ ղեկավար, Հանրային խորհրդի անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանը` իր ընդհանուր տպավորությունը փոխանցելով երեկ, սահմանադրական բարեփոխումների նոր տարբերակի քննարկումների առիթով նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից:

Aravot.am-ի հարցին` ինքներդ ձեզ համար գոնե ստացաք հարցի պատասխանը` ո՞րն է այս սահմանադրական բարեփոխումներն իրականացնելու մոտիվացիան, տիկին Դանիելյանը պատասխանեց, որ մոտիվացիայի մասին խոսք չի գնացել:

Մեր զրուցակցի փոխանցմամբ, ՀԽ անդամ իրավաբանները նախագահի հետ խոսել են դատական համակարգի եւ իրավական խնդիրների շուրջ, իրենց առաջարկներն ու մոտեցումներն են ներկայացրել: Պայմանավորվել են, որ որոշ հարցերի շուրջ առանձին կաշխատեն մասնագիտական հանձնաժողովի հետ:

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը հետաքրքրվել է Հանրային խորհրդի կարգավիճակով: Արշակ Սադոյանն էլ ասել է, որ Հայաստանի հանրային կյանքում եւ հատկապես կառավարման համակարգում պետք է մեծացնել Սփյուռքի ներկայացուցիչների ներգրավվածությունը: Այս դեպքում էլ պայմանավորվածություն է ձեռք բերվել` մասնագիտական հանձնաժողովի հետ մանրամասները քննարկելու եւ ընդհանուր որոշման հանգելու:

«Իմ հարցերը վերաբերվում էին մի քանի ոլորտների, քանի որ ՀԿ-ների հետ տարբեր քննարկումներ էին եղել»,- ասաց Կարինե Դանիելյանը հավելելով, որ հանրային շրջանակներում բավական անհանգստություն կա, որ շրջական միջավայրի ոլորտում նվազեցվել է պետության դերը, որ: «Իհարկե, կայուն զարգացման գաղափարը կա, որը շատ ավելի լայն ու ընդգրկուն է, քան շրջակա միջավայրը, բայց գործող Սահմանադրությամբ ամրագրված է, որ պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը եւ զարգացումը: Նախագծում ասվում է, որ պետությունը խթանում: Դրանք տարբեր են»,- ասաց մեր զրուցակիցը:

Նախագծում, ըստ տիկին Դանիելյանի, չկա նաեւ հոդվածը, որն ամրագրում է` յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրելու մաքուր շրջակա միջավայրում, ինչը նաեւ բնապահպանական տեղեկատվության ստանալու խնդիր է լուծում: Կարինե Դանիելյանին փոխանցել են, որ այդ հարցերը առանձին օրենքներով կարգավորվում են:

Նախագծում մեղմացվել է նաեւ օտարերկրյա քաղաքացիների`ՀՀ-ում հողի սեփականության իրավունքը: Գործող Սահմանադրությունը բացառություններ էր անում միայն օրենքով նշված դեպքերում: Նոր տարբերակում, այդ իրավունքը սահմանափակվում է օրենքով: Համենայնդեպս, արդարադատության նախարարության կայքում տեղադրված նախագծում այդպես է: Նախագահը տեղեկացրել է, որ քննարկումների ընթացքում վերականգնվել է հին տարբերակը: ԱԺ-ին ներկայացված տարբերակում այդ ամրագրումը մնացել է հինը:

«Անհանգստություն կա երեխայի իրավունքների հետ կապված, այնպիսի օրենսդրություն է ներդրվում, որը ի վերջո, աշխարհում շատերի կարծիքով, լավ բանի չի բերում եւ հանգեցնում է երեխաներ վաճառքի: Ասվեց, որ հակառակը, երեխաների իրավունքները ավելի պաշտպանված են»,- մանրամասնեց մեր զրուցակիցը: Նախագահի այս հավաստիացումից հետո, սակայն, տիկին Դանիելյանի անհանգստությունները չեն փարատվել: Չեն փարատվել նաեւ միջազգային փաստաթղթերի` մեր օրենսդրության վրա գերակայության անհանգստությունները: Նախագծի տեքստում, ինչպես գործող սահմանադրության մեջ, հստակ նշվում է, որ խոսքն այն պայմանագրերի մասին է, որոնք ՀՀ-ն վավերացրել է: Բայց վերնագրում, այդ հատվածը բացակայում է: Չցանկանալով մամուլի համար փակագծեր բացել, մեր զրուցակիցն ասաց, որ նախագահին բավական մանրամասն ներկայացրել է իր այն դիտարկումները, որ քաղաքակրթությունը կարծես այնքան էլ ուղիղ չի զարգանում ու դժվար է կանխատեսել, թե առաջիկայում ինչպիսի կամ ինչ որակի միջազգային նորմեր կամրագրվեն. «Որպես քրիստոնյա ազգ, վտանգները կան եւ մենք դրանք չպետք է անտեսենք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Atshak says:

    մոտիվացիա -ավիացիա-դեգենեռացիա-օպերացիա-աէրացիա-կանալիզացիա-միստուրցբացիա-վրացիա-ախալքյալկակցիա ?

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31