«Զբոսաշրջությունը մշակույթներ է միավորում»,- համոզված են «Մշակութային վերածնունդ» դիլիջանյան փառատոնի կազմակերպիչները:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ անցկացվող փառատոնն այս տարի հենց այդ խորագրի ներքո էլ կազմակերպվել էր:
Հայաստանի մարզերն ու Արցախը՝ իրենց ավանդույթներով, մշակույթով (կերպարվեստ, դեկորատիվ, կիրառական արվեստներ, գորգագործություն), զբոսաշրջային գրավչությամբ (ցուցապաստառներով, տպագիր նյութերով) այսօր ներկայացված էին Հայաստանի կոմպոզիտորների միության՝ Դիլիջանի տանը:
«Արդեն ավանդական դարձած փառատոնն ամեն տարի փորձում է նորովի ներկայանալ: Եթե նախորդ երկու տարիներին շեշտը դրել էինք գորգարվեստի վրա և ցանկանում էինք այն ներկայացնել ու ևս մեկ անգամ արժևորել, ապա այս տարի փառատոնն ավելի լայն ընդգրկում ունի: Բոլոր դեպքերում նպատակը մեկն է՝ Դիլիջանում զարգացնել զբոսաշրջությունը»,- ասում է «Մշակութային վերածնունդ» փառատոնի կազմակերպիչ Մարիա Մինասյանը:
Գյումրին փառատոնին ներկայացել էր հիմնականում Գյումրու գեղագիտության ազգային կենտրոնի սաների աշխատանքներով գորգեր, ասեղնագործություններ և այլն, իսկ տաղավարի առջևի մասում ուշադրություն էին գրավում թղթից պատրաստված երկու արձանները, որոնց հեղինակը Գյումրու գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Սուսաննա Մկրտչյանն է. «Գյումրեցի մի զույգի եմ ներկայացրել, որը խորհրդանշում է Գյումրու հյուրասիրությունն ու հյուրընկալությունը»,- Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանեց հեղինակը:
Իսկ ահա Բյուրականի տաղավարն աչքի էր ընկնում հայկական երաժշտական գործիքների առատությամբ՝ դուդուկ, զուռնա, շվի, սրինգ, քամանչա, թառ, պարկապզուկ:
Երաժշտական այս գործիքների պատրաստումը նախ Կոլյա Թորոսյանին է հետաքրքրել, ապա՝ նրա որդուն՝ Վաչիկ Թորոսյանին, վերջինս էլ իր որդուն է սովորեցնում, որը թեև ցանկանում է տնտեսագետ դառնալ, բայց վստահեցնում է, որ ոչ մի դեպքում չի թողնելու պապիկի և հայրիկի գործը:
«Բյուրականում երեք ընտանիք զբաղվում էր երաժշտական գործիքների պատրաստմամբ, բայց հիմա մենակ մեր ընտանիքն է մնացել: Երևի, պահանջարկ չկա, դրա համար էլ չեն պատրաստում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Վաչիկ Թորոսյանը:
Նրա խոսքով՝ երաժշտական այս գործիքների հիմնական սպառողը զբոսաշրջիկներն են: Տեղացիներն ավելի քիչ են գնում:
Ամենաշատ վաճառվող գործիքը դուդուկն է, իսկ ամենաքիչը՝ թառը:
Իսկ ահա «Մեգերյան կարպետ» ընկերության գորգագործներն իրենց տաղավարում գորգ էին գործում և միաժամանակ պատասխանում գորգագործությամբ հետաքրքրված մարդկանց հարցերին: Այդ ընթացքում նույն ընկերության ներկարար Կարինե Ասատրյանը ցույց էր տալիս, թե ինչպես են բնական միջոցներով ներկում թելերը. «Ներկում ենք անթառամով, նռան կեղևով, տորոնով և այլն: Օրինակ՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկի մանուշակագույնը մենք ռեհանից ենք ստանում»,- ասաց մեր զրուցակիցը:
Նրա խոսքով՝ բնական ներկման առաջին առավելությունն այն է, որ առողջության համար վնասակար չէ. «Դու գորգի վրա քայլում ես, պառկում ես, կարելի է ասել՝ գորգի հետ ապրում ես, ու կարևոր է, որ «շփվես» ոչ թե քիմիայի, այլ բույսի հետ»,- ընդգծեց Կ. Ասատրյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ