«Պետությունը պետք է այնպես անի, որ միգրացիա չլինի»,- օգոստոսի 29-ին «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հելսինկյան Վանաձորի քաղաքացիական ասամբլեայի նախագահ Արթուր Սաքունցը:
Ըստ նրա՝ Հայաստանի Հանրապետությունն իր ունեցած քաղաքականությունն իրականացնելու եւ իրավիճակը փոխելու գործիքները պետք է ուղղի միգրացիայի պատճառների վերացմանը, որպեսզի իր քաղաքացիներն իր երկրում ապրեն. «Բայց եթե պետությունը ճշմարտացիորեն ասում է՝ այ փորձել եմ սա, բայց որոշ ժամանակ մենք պետք է ունենանք այս դժվարությունները, կամ այս ընթացքում պետք է լուծենք այս խնդիրները, եւ անխուսափելիորեն դրա հետեւանքով որոշ միգրացիայի պարագայում ես վերցնում եմ այս պարտականությունը՝ անպայման, գոնե մարզկենտրոններում պետք է ձեւավորվել իրազեկման կենտրոններ: Այսինքն՝ միգրացիայի կառավարումը քաղաքականություն է, միգրացիայի կառավարումը ոչ թե զուտ թվաբանական վիճակագրությունների հավաքագրումն է, որ հետո մենք չենք իմանում այդ տվյալները, ուզում եմ ասել՝ տվյալները լավ էլ գիտեն իրենք, պարզապես չեն հրապարակում, այլ միգրացիայի բնագավառում կառավարման քաղաքականությունն է նաեւ լուսաբանել, իրազեկել եւ որոշակի նաեւ հետադարձ կապ ապահովել»:
Արթուր Սաքունցը նաեւ առաջարկեց ստեղծել համապատասխան երկրներում տեղեկատվական կենտրոններ, որտեղ հնարավոր կլինի կապ պահպանել: Ըստ նրա՝ քաղաքացին մինչեւ երկրից դուրս գալը պետք է իմանա, թե որտեղ, ինչ կառույցներից կարող է օգնություն խնդրել, եթե հանկարծ խնդիր ունենա: Նա օրինակ բերեց Ավստրիայից իր ընկերոջ դեպքը, որը Հայաստանում կորցրել էր իր անձնագիրը. Ավստրիայի իշխանությունները երկու ժամվա ընթացքում այդ քաղաքացու համար անցաթուղթ են տվել, որպեսզի վերջինս կարողանա վերադառնալ Ավստրիա. «Իհարկե՛, մենք չունենք այստեղ Ավստրիայի դեսպանատուն, բայց այդ խնդիրը լուծվեց Գերմանիայի դեսպանության միջոցով, նաեւ նրա ճանապարհածախսի հարցը լուծեցին: Հասկանում եք, ինչ պատասխանատու եւ ուշադիր վերաբերմունք է պետության կողմից իր քաղաքացու նկատմամբ, որը գտնվում է արտասահմանում»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ