«Պետությունը ունի պարտավորություն իր քաղաքացիների իրավունքների եւ շահերի պաշտպանության նկատմամբ նաեւ երկրի սահմաններից դուրս»,- օգոստոսի 29-ին «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Իսկ իրականությունը, ըստ իրավապաշտպանի, այլ է, եւ նույնիսկ անձնագրում գրառումը, թե այն հանդիսանում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը, նշանակություն չունի: Նա նկատեց, որ ՀՀ բնակիչների մեծ մասը աշխատանքային միգրացիա կատարելու համար ընտրում է Ռուսաստանի Դաշնությունը, եւ ՌԴ-ում միգրանտների իրավունքների վերաբերյալ կան արդեն ուսումնասիրություններ: Արթուր Սաքունցը ներկայացրեց ամենավերջին ուսումնասիրությունը, որը կատարել է «Human Rights Watch»-ը Սոչիի Օլիմպիական խաղերի համար նախատեսված շինություններում ներգրավված միգրանտների իրավունքների վիճակի մասին: Ուսումնասիրությանը կազմվել է 100 միգրանտների հարցազրույցների հիման վրա, այդ թվում նաեւ հայերի:
«Եզրակացությունն է՝ խնդրահարույց են աշխատանքային միգրանտների աշխատանքային պայմանները, այդ թվում նաեւ աշխատանքային ժամերը, աշխատանքի տեւողությունը, հանգստի ժամանակը ենթադրենք կարող է լինել երկու շաբաթը մեկ անգամ հանգիստ, վարձավճարը ժամը կազմում է 45-85 ռուբլի: Խնդիրն այն է, որ Հայաստանում նման աշխատավարձ չկա, բայց այնուամենայնիվ, նաեւ բժշկական սպասարկումը, իրավական պաշտպանվածությունը … այս ամենը համալիր խնդիրներ են, եւ դա ցույց է տալիս կոնկրետ Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների վիճակը, ես չէի ասի միայն հայերի նկատմամբ, ընդհանրապես աշխատանքային միգրանտների նկատմամբ վերաբերմունքը, որը ես կարող եմ գնահատել որպես արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք»,- ասաց իրավապաշտպանը:
Ըստ նրա՝ հասարակական կարծիքի փոփոխության տեսակետից հետաքրքիր միտումներ կան. Ռուսաստանում կատարված հարցումներից մեկի արդյունքների համաձայն` 10 տոկոսով նվազել է բացասական վերաբերմունքը միգրանտների նկատմամբ, սակայն զուգահեռ դրան մեծացել է ազգայնական վերաբերմունքը. «Ռուսաստանի Դաշնությունում ազգայնական վերաբերմունքը օտար երկրների աշխատանքային միգրանտների նկատմամբ բավականին մեծացել է, բայց ընտրողաբար շատ ավելի սրված է. կոնկրետ այս պահին Ուկրաինայի, որոշ ժամանակ կար Վրաստանի միգրանտների նկատմամբ: Այսինքն՝ ժամանակ առ ժամանակ կախված քաղաքական կոնյուկտուրայից կարող է սրվել, դա պայմանավորված է պետական քաղաքականության բովանդակությամբ»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ