Կառավարության նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովն օրենք է ընդունել, որով 2017թ.-ից Հայաստանում 12-ամյա կրթությունը պարտադիր է դառնալու: 9-րդ դասարանն ավարտելուց հետո դպրոցականները պարտադիր պետք է ուսումը շարունակեն դպրոցներում, բուհերում կամ քոլեջներում, ուսումնարաններում: Այդ մասին օգոստոսի 24-ին Տավուշի մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարեց գիտության եւ կրթության նախարար Արմեն Աշոտյանը:
Նա ասաց , որ ամեն տարի 9-րդ դասարանն ավարտելուց հետո 3000-4000 աշակերտներ ուսումը չեն շարունակում, «նրանք՝ ունենալով կրթական ցածր շեմ, հետո, իրենց կյանքի ընթացքում, ավելի մեծ հավանականությամբ, դատապարտվում են աղքատության, ավելի ցածր վարձատրվող աշխատանքի: Եվ իհարկե ունենում ենք նաեւ սոցիալիզացիայի պրոբլեմներ, հակասոցիալական դրսեւորումներ: Մեր ոստիկանության վիճակագրությունը ցույց է տալիս, որ այն երեխաների մոտ, ովքեր 9-րդ դասարանից հետո կրթությունը չեն շարունակել, օրինախախտումների ցուցանիշները մի քանի անգամ, եթե ոչ մի քանի տասնյակ անգամ, բարձր են, քան ուսումնական հաստատություններում սովորողների մոտ»:
Աշոտյանը հայտարարեց, որ պարտադիր 12-ամյա կրթությամբ իրենք «պարտադրում են ավելի լավ ապագայի հույս»:
Հավելենք, որ Տավուշի մարզում քիչ չեն աղջիկները, որոնք 15-16 տարեկանում ամուսնանում, մայրանում, ուսումը կիսատ են թողնում; Սահմանամերձ մարզում բազմաթիվ են նաեւ ծնողազուրկ, բազմանդամ ընտանիքների երեխաները, որոնք ստիպված ուսումը կիսատ են թողնում, որպեսզի աշխատեն, հոգան կարիքավոր ընտանիքի հոգսերը: Նախարարն իր ելույթում պարտադիր 12-ամյա կրթության այդ խնդիրներին չանդրադարձավ:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ