Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Եղիազարյան. Էներգառեսուրսների սպառման պահանջարկի անկումը անդրադառնալու է Հայաստանի վրա

Օգոստոս 29,2015 15:15

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը օգոստոսի 29-ին «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ գլոբալ գործոնները, որոնք ազդում են զարգացող երկրներում արժույթների արժեզրկման երեւույթի վրա, երկուսն են:

«Առաջինը՝ պայմանավորված էներգետիկայի ոլորտում հեղափոխական, կխուսափեմ ասել ամբողջովին հեղափոխական, այնուամենայնիվ, հեղափոխական տարրեր կան էներգետիկայի ոլորտում վերջին տարիներին տեղի ունեցած փոփոխություններով, պայմանավորված նախ եւ առաջ ԱՄՆ-ում թերթաքարային գազի եւ նավթի մեթոդների կիրառմամբ, պայմանավորված էներգետիկայի գների էժանացմամբ: Կան նաեւ այլ մշակումներ Ամերիկայի Միացյալ Նահանգներում էներգետիկայի ոլորտում, բայց նախ եւ առաջ ավելի կիրառելի է եւ ավելի ակտուալ, եւ ավելի դրանց ազդեցությունը երեւացող է թերթաքարային նավթի եւ գազի ոլորտում»,- ասաց նա:

Աշոտ Եղիազարյանը նշեց, որ ԱՄՆ-ն կարողացել է ստանալ ավելի էժան էներգիա, որի ինքնարժեքը բավականին ցածր է եւ տարեցտարի ցածրանում է. «Դրա անմիջական հետեւանքն է, որ նավթ արդյունահանող երկրների մեծ մասը կանգնել են լուրջ հիմնախնդիրների առաջ, եւ խնդիրներ են առաջացել կապված նրանց բյուջեների հետ, խնդիրներ կապված նրանց հասարակական, սոցիալական, քաղաքական կյանքում: Այդ երկրների արդյունահանման եւ արտահանման միակ աղբյուրները էներգակիրներն են, այսինքն՝ եկամուտի միակ աղբյուրն են, դրանից նավթի, գազի էժանացման արդյունքում հոսքերը պակասել են, եւ բնականաբար, այդ երկրների արտարժույթը արժեզրկվում է, այդպիսի երկիր է Ռուսաստանը, որից անմիջական եւ խիստ կախվածություն ունի Հայաստանը, եւ չի կարող դա ազդեցություն չունենալ Հայաստանի վրա»:

Երկրորդ գործոնը, ըստ տնտեսագետի, Չինաստանի տնտեսական աճի տեմպերի դանդաղումն է. «Չինաստանը մինչեւ վերջին ժամանակներս համարվում էր աշխարհի արհեստանոցը, այսինքն՝ Չինաստանում արեւմտյան ընկերությունները ժամանակին՝ 20-30 տարի առաջ, երբ որ աշխատուժն արեւմտյան երկրներում բավականին թանկացավ, այդ երկրները բարեկեցության պետությունների մոդելին էին անցել, Չինաստանը իրենց համար ապահովեց էժան աշխատուժով ապրանքների արտադրություն: Այսինքն՝ իրենց արտադրությունները այդ երկրները տեղաբաշխեցին Չինաստանում, ասիական այլ երկրներում, արդյունաբերական երկրներում, որոնք ունեին սոցիալբնապահպանական ավելի մեղմ նորմեր եւ այնտեղ արտադրվող արտադրանքը ստացվում է ավելի էժան: Սակայն Չինաստանը սպառել է էժան աշխատուժի  ռեսուրսները, եւ չինական արտահանումը աստիճանաբար կանգնում է խնդիրների առջեւ, իսկ քանի որ էներգիայի աղբյուրները՝  ամերիկյան թերթաքարային գազի, նավթի պատճառով էժանացել են, ստացվում է, որ արտադրությունների կազմակերպումը Ամերիկայում ավելի էժան կարող է ստացվել, ավելի նպատակահարմար կարող է լինել, քան Չինաստանում»:

Աշոտ Եղիազարյանի կարծիքով՝ Չինաստանում սպասվում է տնտեսական աճի ավելի դանդաղ տեմպեր, դրանով պայմանավորված նաեւ էներգառեսուրսների եւ հումքի այլ տեսակների սպառման պահանջարկի անկում. «Դա նույնպես անդրադառնալու է Հայաստանի վրա. Հայաստանը համարվում հումք արտահանող երկիր՝ պղինձ, մոլիբդեն, ոսկի եւ այլն, եւ բնականաբար, դրանց ցածր գները կանդրադառնան Հայաստանի արտարժույթային եկամուտների վրա  եւ նորից ճնշող ազդեցություն կունենան դրամի վրա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31