Հայաստանցի 42 կգ քաշային ազատ ոճային ըմբիշ Հարություն Մանուկյանը Սարաեւոյում մեկնարկած աշխարհի պատանեկան առաջնությունում ցավալի պարտություն կրեց:
Ղազախ Ակբար Կուրբանովի հետ գոտեմարտի ողջ ընթացքում նրանցից ոչ մեկին մինչեւ վերջին ակնթարթը չէր հաջողվում հնարք կատարել եւ մրցավարները պասիվ գոտեմարտի համար երկուսին էլ մեկական նկատողություն էին հայտարարել: Եվ քանի որ վերջինը տվել էին ղազախին, ապա 1:1 հաշվի դեպքում հաղթանակը շնորհվելու էր հայաստանցուն: Ամեն բան հենց դրան էլ գնում էր: Սակայն գոտեմարտի ավարտից ընդամենը մեկ ակնթարթ առաջ Կուրբանովը համառության շնորհիվ հասցրեց երկու միավորանոց հնարք կատարել: Ճիշտ է, մեր հավաքականի ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանը բարձիկը նետեց գորգ՝ բողոքարկելով, որ գոտեմարտի ժամանակն արդեն սպառվել էր, սակայն մրցավարական հանձնաժողովը տեսագրությունը դիտելով եզրակացրեց, որ ամեն ինչ կատարվել է մինչեւ ազդանշանի հնչելը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ