Օգոստոսի 29-ին հանրապետության ավագ դպրոցների տնօրենների եւ մանկավարժների հետ հանդիպման ժամանակ Ալավերդու թիվ 5 դպրոցի տնօրենը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին դժգոհեց, որ իրենց դպրոցի աշակերտներին համապատասխան մարզական ֆեդերացիան տարել է ձեռքի գնդակի մրցումների՝ առանց տնօրենի ու նախարարության գիտության: Տիկինը հրավիրեց նախարարի ուշադրությունը նման հարցերին:
«Մեր աշակերտները պարտավոր են բացակայել, երբ արտոնում ենք իրենց բացակայությունը միջազգային երաժշտական փառատոների, սպորտային միջազգային առաջնություններին մասնակցելու նպատակով… Եթե դա այդքան կարեւոր միջոցառում է, Սպորտի նախարարությունը պետք է գրի նամակ Կրթության եւ գիտության նախարարությանը, իսկ եթե դա ֆեդերացիաների կողմից «տակից» է արվում, ուրեմն պետք է պատժվի… Հարգելի կհամարեք միայն այն բացակաները, որոնք իրենց տակ հիմք կունենան՝ համապատասխան ֆեդերացիաների միջնորդությունն՝ ուղղված ԿԳ նախարարությանը»,-ասաց Արմեն Աշոտյանը:
Հրազդանի 13 դպրոցի տնօրենին այլ հարց էր հետաքրքրում: Նա փաստեց, որ բոլոր ուսուցիչները ատեստավորված են, եւ կրճատումների ժամանակ հնարավոր չէ կողմնորոշվել ում կրճատել: «Նա առաջարկեց, որ ատեստացիոն վերապատրաստումները ավարտվեն քննությամբ, թե չէ, տնօրենի ձեւակերպմամբ. «Ո՞ր ուսուցչին կարող ես ասել՝ չես համապատասխանում պահանջներին, թուղթը կվերցնի, աչքդ կկոխի…»:
«Հենց աչքը կոխելու պահին»,-ժպտալով ասաց նախարարը:
Կարդացեք նաև
Ապա հավելեց, որ ատեստացիան քննությամբ ավարտելը տարաբնույթ դժգոհությունների տեղիք կտա՝ սկսած բյուրոկրատական քաշքշուկից, վերջացրած այլ թեմաներով: «Մենեջմենթի խնդիր է՝ ընտրել չարյաց փոքրագույնը, անկախ նրանից, կքննադատե՞ն, թե՞ ոչ…»,-խորհուրդ տվեց նախարարը՝ առաջարկելով տարբերակել պոտենցիալ կրճատվողին, որակյալ մասնագետից: Հանդիպման ժամանակ այլ առաջարկներ էլ հնչեցին, օրինակ` Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը ցանկություն հայտնեց, որ երեք տարին մեկ գիտելիքների թեստային ստուգում իրականացվի:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ