Օգոստոսի 29-ին հանրապետության ավագ դպրոցների տնօրենների եւ մանկավարժների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով ավարտական դասարաններում բացակայությունների մասին, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ կրկնուսույցներին հարկ է լիցենզավորել, որպեսզի ավելի գրագետ գործունեություն իրականացնեն, մանավանդ ծնողն իրավունք ունի վճարովի կթական ծառայության: Նա դատապարտեց հատկապես այն կրկնուսույցների գործունեությունը, որոնք աշխատում են դպրոցական դասերի ժամերին. «Ո՞նց կարող է իրեն հարգող պրոֆեսորն ու դոցենտը երեխային ասի՝ դպրոց գնում ես, ի՞նչ անես, արի առավոտյան ժամը 9-ին պարապի, մի քանի կոպեկի համար ինչպե՞ս կարելի է վարկաբեկել դպրոցը: Պետք չէ երկու ժամը մեկ խումբ կանչել ու «քերել» մինչեւ դիմորդը»:
Նախարարը կարծում է, որ ավարտական դասարաններում բացակայելը բնավ կապված չէ 12-ամյա համակարգի ներդրման հետ, ասում է բացակայում էին դեռ այն ժամանակներից, երբ ինքն աշակերտ էր. «Եթե անգամ դպրոցը դարձնեն տասնչորսամյա, միեւնույնն է՝ կբացակայեն տասնչորսերորդ դասարանի երկրորդ կիսամյակում, ինչ վերաբերում է հայ ծնողներին, նրանց մոտ կրթության հանդեպ պաշտամունք կա, գիտեն, որ երեխան ընդունվելու է, բայց ասում են՝ խղճիս հանգստության համար թող գնա մի հատ պարապի»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
`