Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

 Արմեն Աշոտյան. «Ով չի կարող աշխատել , թող չաշխատի, ես չեմ նեղանա» (Տեսանյութ)

Օգոստոս 29,2015 12:58

Օգոստոսի 29-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրության ֆակուլտետում մասնակցեց հանրապետության ավագ դպրոցների տնօրենների եւ մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությանը:

Նա նախ ներկայացրեց իր ակնկալիքները եւ իր ձեւակերպմամբ, մի քանի կարեւոր հանգամանք: Ասաց, որ ավագ դպրոցների բարեփոխումները կառուցվածքային առումով ավարտվել են, բովանդակային առումով՝ ոչ:

Նախարարը նշեց, որ բոլոր քաղաքներում կան ավագ դպրոցներ, գյուղական երեք ավագ դպրոց եւս կա, բարձրագույն ուսումնական հաստատությունների կազմում նույնպես ավագ դպրոցներ են գործում: «Ասել, որ ավագ դպրոցները կայացած են, նույնքան ժամանակավրեպ է եւ սխալ, որքան հակառակ պնդումը»,-շեշտեց Արմեն Աշոտյանը:

«Գալիք տարվա նախաշեմին կարեւորագույն կրթական փաստաթղերի մշակման փուլում ենք՝ Կրթության զարգացման պետական ծրագրի նոր նախագծի մշակումն է 2016-25 թթ, որն ուրվագծելու է կրթության ոլորտի մեր տեսլականը: Այս փաստաթուղթն ունենալու է օրենքի ուժ, այս հարցում ակնկալվելու է ձեր ակտիվ մասնակցությունը: Մյուս բարեփոխումը, դա համընդհանուր ներառականության սկզբունքի ներդրումն է ամբողջ կրթական համակարգում, ամեն տարի մինչեւ 15 ներառական դպրոց է ավելանում: Իսկ այս պահի դրությամբ շուրջ 300 ներառական դպրոց ունենք: Եվ ընդհանրապես մինչեւ 2015 թ Հայաստանի բոլոր դպրոցները պետք դառնան ներառական»,-ասաց ԿԳ նախարարը:

«Այս առումով խնդիրները միայն ֆինանսական չեն, մի մասը մտածելակերպային են եւ հոգեբանական: Մենք դրել ենք նաեւ հասարակության բարոյականության խնդիր»,-հայտարարեց նախարարը:

Հաջորդ կարեւոր հարցն ըստ նրա՝ հանրակրթության բովանդակության վերանայման, արդիականացման, ծրագրերի բեռնաթափման գործընթացն է, որը առաջիկայում պետք է լուծվի վարկային միջոցների հաշվին: Նախարարի ձեւակերպմամբ, ունենք բովանդակային շեղում՝ հօգուտ հումանիտար եւ հասարակագիտական առարկաների:

Նախարարն անդրադարձավ նաեւ 12-րդ դասարանում կարգապահությանն ու հաճախումներին.« Բոլորս էլ լավ գիտենք, որ ինչ-որ մեկը միշտ բացակայում է, թող բացակայությունների թիվը լինի տասը տոկոս, բայց ոչ քսան, երեսուն եւ ավելի» Նա ասաց, որ 80-120-ն է թույլատրելի սահմանը: Դպրոցներում իրականացված ստուգումների մասին էլ խոսք գնաց. «Եթե դժգոհությունները վերաբերում են տեսչական ստուգումների արդարությանը, կարող եք ինձ դիմել, բայց դրանք չպետք է լինեն հռետորաբանություն: Եթե ասելիք ունեք, եկեք ինձ ասեք, ես շատ բաց եմ մեր աշխատանքի մասին որակական գնահատականների առումով»:

Դպրոցներում հնարավոր կրճատումների եւ աշակերտների սակավաթվության մասին էլ նախարարն ասաց. «Եթե պետք է լինեն կրճատումներ, ապա դրանք չպետք է կրեն զանգվածային բնույթ եւ պետք է բացարձակ օբյեկտիվ լինեն, հատկապես կենսաթոշակային տարիքի հասած մանկավարժներին պետք հայտնենք մեր շնորհակալությունը՝ տեղը զիջելով երիտասարդ կադրերին: Հայաստանի Հանրապետությունն ունի ամենատարեց ուսուցչական կազմը ութսուն երկրների մեջ»:

Արմեն Աշոտյանը փաստեց, որ հաճախ աշխատանքային մեծ փորձով մանկավարժները չեն տիրապետում ժամանակակից մանկավարժականն մեթոդաբանության օգտագործման հնարավորություններին, ինչի արդյունքում կրթության ոլորտի ճկուն ռեֆորմները տեղերում դժվար են աշխատում:

Դպրոցների տնօրենների համար էլ նախարարը «գույժ» ուներ: «Այն տնօրենները, որոնք տարին կփակեն ֆինանսական պարտքերով, մենք ուսումնասիրության կենթարկենք գործընթացը եւ տարին կդիմավորենք առանց այդ տնօրենների: Տնօրեն աշխատելը բարդ գործ է, բայց ես չեմ խնդրել, որ դառնանք դպրոցի տնօրեն: Ով չի կարող աշխատել , թող չաշխատի, ես չեմ նեղանա»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31