Հայաստանի բանկային համակարգից ստացած հավաստի տեղեկությունների համաձայն այս շաբաթվա ընթացքում ֆինանսական շուկայում ստեղծված աժիոտաժային իրավիճակի հիմնական «գործող անձը» ամենեւին էլ բնակչությունը չի եղել:
Ըստ այդ տեղեկությունների, բնակչությունը անշուշտ ավելի շատ դոլար էր փորձում գնել քան սովորաբար է լինում, բայց դոլարի նկատմամբ հիմնական աժիոտաժային պահանջարկը ձեւավորել են խոշոր բիզնեսի ներկայացուցիչները: Հենց նրանք են եղել այդ օրերին շուկայից արտարժույթի հիմնական ձեռքբերողները: Սա պայմանավորված է նրանով, որ անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, երբ համանման իրավիճակ էր ստեղծվել, խոշոր բիզնեսը ուշացավ, եւ չհասցրեց իր դրամային շրջանառու միջոցները արագ վերածել դոլարի, ինչի պատճառով նրանք մեծ վնասներ կրեցին:
Ու քանի որ հիշողությունը դեռ թարմ է, այս անգամ խոշոր բիզնեսը ուղղակի որոշեց իրադարձություններից առաջ ընկնել եւ ՌԴ-ում տեղի ունեցած փլուզմանը ավելի արագ արձագանքեց, քան սովորաբար լինում է: Բանկային համակարգում նաեւ չեն բացառում, որ այդ օրերին շուկայում հայտնվել է ֆինանսական մեծ հնարավորություններով սպեկուլյանտների մի խումբ, որը իր լուման է ներդրել աժիոտաժային այդ վիճակը ստեղծելու գործում:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: