Փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները խիստ անհանգստացած են էլեկտրամատակարարման պայմանագրերը թարմացնելու բաշխիչ ցանցերի նախաձեռնությունից։
Մինչ կառավարությունը դեռեւս չի հստակեցրել՝ ստանձնելու է նաեւ նրանց օգտագործած էլեկտրաէներգիայի թանկացման բեռի փոխհատուցումը թե ոչ, ՀԷՑ-ի աշխատակիցները պարտադրում են կնքել պայմանագրեր՝ օգտագործված հոսանքի դիմաց նոր սակագներով վճարելու վերաբերյալ։
Թե ո՞րն է այս շտապողականության պատճառը, եւ ընդհանրապես որն է նպատակը, պարզ չէ։ Թեեւ դրանից, ըստ էության, ոչինչ չի փոխվում։
Եթե կառավարությունը որոշի բնակչությունից բացի ստանձնել նաեւ փոքր եւ միջին բիզնեսի՝ էլեկտրաէներգիայի թանկացման բեռը, ապա ստորագրված պայմանագրերը որեւէ դերակատարություն չեն ունենա։ Անկախ նրանից, թե ինչ է ամրագրված փաստաթղթում, տնտեսության նշված հատվածը կվճարի այնքան, որքան նախկինում։ Այս առումով փոքր եւ միջին բիզնեսն անհանգստանալու հիմք չունի։ Այլ հարց է, եթե որոշվի, որ կառավարությունն ի վիճակի չէ կրել այդ բեռը։
Կարդացեք նաև
Օգոստոսի 1-ից Հայաստանում գործողության մեջ է մտել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը՝ էլեկտրաէներգիայի սակագների վերանայման վերաբերյալ։ Անկախ նրանից, թե ով կվճարի թանկացման գինը, օգոստոսի 1-ից Հայաստանում հոսանքի հաստատված սակագինը 48,78 դրամ է։ Ուստի չի բացառվում, որ առաջիկայում բաշխիչ ցանցերը նման պայմանագրեր առաջարկի նաեւ բնակչությանը։ Բայց դա չի նշանակում, որ նրանք վճարելու են 48,78 դրամով։
Այնպես որ, նոր պայմանագրերի ստորագրումը դեռ հիմք չէ ասելու, որ դրանով փոքր եւ միջին բիզնեսի համար էլեկտրաէներգիայի թանկացման սուբսիդավորման հարցը այլեւս փակված է։ Այն օրակարգում է, քանի դեռ կառավարությունը նոր հայտարարություն չի արել։
Թեեւ դեռ հարց է, թե դա ինչ էական օգուտ կարող է տալ փոքր եւ միջին բիզնեսին։ Ինչպես հայտնի է, խոսքը վերաբերում է ամսական մինչեւ 250 կվտ հոսանք սպառողներին։ Մի բան, ինչը նշանակում է, որ նրանց տրամադրվող օժանդակությունը լինելու է ընդամենը 1,7 հազար դրամի սահմաններում։
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում: