«Դպրոցի ճամփան կարճ է, դուրալի կարծես ավելի՝ վիսկիով Ալեքսանյանի»:
Թումանյանի խոսքերը, մի փոքր շեղումով, հիշեցինք՝ հենց նկատեցինք Դանիել Վարուժանի անվան դպրոցի «քթի տակ» տեղադրված գովազդային հսկայական պաստառը: Այն «զարդարում» է դպրոցի անմիջապես դիմացը գտնվող վերգետնյա անցումի երկու կողմերը:
Այս գովազդով դպրոցի աշակերտներին սեպտեմբերի 1-ին կդիմավորի ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերության «MAC ALEX» վիսկին:
Գովազդային պաստառը, որտեղ աչքի է զարնում վիսկին ու սիգարը, դժվար թե վրիպի որեւէ աշակերտի ուշադրությունից, ու փաստորեն, կրթօջախում երեխաներին սովորեցնում են՝ խմելն ու ծխելը վատ բան է, բայց դպրոցից դուրս ակամա հակառակն է քարոզվում:
Նախկինում, մինչ այս վիսկիի գովազդը, նույն Ալեքսանյաններին պատկանող ընկերության օղու հսկայական գովազդն էր: Այս դպրոցը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, որի ղեկավարը Սամվել Ալեքսանյանի եղբոր որդի Արտակ Ալեքսանյանն է. արտաքին գովազդի թույլտվությունը տալիս է վարչական շրջանը:
Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
28.08..2015
օրենքով պետք է արգելվի ծխախոտի, ոգելիչ խմիչքի ու կոկա-պեպսի կոլաների գովազգը
Հարգելի ԱՌԱՎՈՏ, գնալով ավելի ու ավելի շատանում են ձեր էջերում հայերենի աղավաղումները:
Զերծ չենք ողջ լրատվական դաշտում տարածված սխալից եւ տեղեկություն գրելու փոխարեն գրում եք` տեղեկատվություն: Հիմա էլ գրել եք` արտաքին գովազդի թույլտվությունը տալիս է վարչական շրջանը: Վարչական շրջանը Երեւանի մի մասն է, մի կտորը: Նման 12 կտորից է Երեւանը: Մեծ հաշվով վարչական շրջանը աշխարհագրական տարածք է: Թույլտվություն տալիս է վարչական շրջանի վարչակազմը, աշխատակազմը, ղեկավարությունը: Խոսակցական լեզվով ձեր ասածը ցավոտ չի լինի, բայց գրավոր խոսքում` ահավոր մեծ սխալ է: Անաղարտ պահեք մեր լեզուն, եթերը լցված է ժարգոնով: Աշխատեք այդ սխալը չկրկնել: Մաքուր հայերենով ներկայացեք ընթերողին: