Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես այդ մանդատը վաստակել եմ եւ որեւէ մեկը ինձ չի կարող պարտադրել` այն վայր դնել»

Օգոստոս 29,2015 16:00

Ասում է ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը

«Դա հրահանգով կատարված հրապարակում է: Կարող եմ նույնիսկ պատկերացնել, թե ՀԱԿ-ի ո՞ր անդամներն են պատվիրատուն: Ապշած եմ եւ վիրավորված, որ ոչ մի հիմք ու փաստ չունենալով «Չորրորդ իշխանություն» թերթը` ընդամենը հղում անելով «Հայկական ժամանակում» տպագրված իմ մի հարցազրույցին, վարկաբեկում է կուսակցապետին եւ ՀԱԿ խմբակցության անդամին»,- «Առավոտի» հետ զրույցում իր վրդովմունքը բարձրաձայնեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:

«Չորրորդ իշխանություն» թերթը երեկ Լյուդմիլա Սարգսյանին մեղադրել էր ՀԱԿ-ի միջոցով պատգամավորական մանդատ ձեռք բերելու, ապա ՀԱԿ-ին դավաճանելու մեջ: Հրապարակման մեջ, մասնավորաբար, ասված էր. «Մեր տեղեկությունների համաձայն՝ հանրապետականների խոստումների դիմաց Լյուդմիլա Սարգսյանը համաձայնել է «Այո» ասել սահմանադրական փոփոխությունների նախագծին, ինչին էլ առաջիկայում հասարակությունն ականատես կլինի»։ Հոդվածի առիթ էր դարձել «Հայկական ժամանակում» նախորդ օրը տպագրված Լյուդմիլա Սարգսյանի մի հարցազրույցը, որում ՀԱԿ խմբակցության պատգամավորն ասում է, թե ինքը նորմալ է վերաբերվում նախագահականում` ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի եւ ՀՅԴ-ի մասնակցությամբ սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկումներին։ «Եթե էսպես, թե էնպես Սահմանադրությունը դրվելու է հանրաքվեի, շատ ավելի ճիշտ է այդ Սահմանադրությունը բարեփոխել եւ ավելի լավ հիմքերի վրա դնել, նոր մտցնել հանրաքվեի, քան թողնել իշխանության որոշումներին եւ ունենալ մի Սահմանադրություն, որը չի գոհացնում ոչ մեկին»,- փաստում է ՀԱԿ խմբակցության պատգամավորը։

Ի դեպ, Լյուդմիլա Սարգսյանը պնդում է, որ հարցն իրեն ուղղվել է միայն ԲՀԿ-ի մասով, հետո, հոդվածում ավելացել են նաեւ ՕԵԿ-ի եւ ՀՅԴ-ի անունները: Լյուդմիլա Սարգսյանի այս հարցազրույցը ՀԱԿ-ում քննարկման առիթ է դարձել, նաեւ բացասական վերաբերմունքի, այն առումով, որ Լյուդմիլա Սարգսյանը թիրախ չի դարձրել եւ չի պախարակել ԲՀԿ-ին:

«Չեմ բացառում, որ Լեւոն Զուրաբյանը տեղյակ էր այդ հրապարակումից եւ եթե գործընկեր լինելով, չունենալով որեւէ փաստ, կարող են նման կերպ վարվել ինձ հետ, ապա ես չեմ բացառում, որ ՀԱԿ մյուս պատգամավորները նույնպես առիթ են ունեցել վիրավորվելու` նման հրապարակումներից ու չարախոսություններից»,- «Առավոտի» հորդորին` հնչեցնել անուններն այն մարդկանց, ովքեր, ըստ տիկին Սարգսյանի, իր դեմ հոդվածի պատվիրատուներն են, ասաց նա:

«Սա ոչ մի լավ բան չի կարող խոստանալ ՀԱԿ կուսակցությանը»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ ՀԱԿ դաշինքի հետ ինքն ու իր ղեկավարած կուսակցությունը երկար ճանապարհ են անցել. «ՀԱԿ կուսակցությունն, իհարկե, միշտ փորձում է ՀԱԿ դաշինքը նույնացնել կուսակցության հետ եւ ներկայացնել, որ դրա արդյունքում եմ ես հայտնվել խորհրդարանում: Ես ուզում եմ հիշեցնել Լեւոն Զուրաբյանին, Արամ Մանուկյանին եւ բոլոր նրանց, ովքեր պարբերաբար փորձում են ինձ հուշել, որ ես ՀԱԿ կուսակցության շնորհիվ եմ մտել ԱԺ` բոլորս էլ ՀԱԿ դաշինքի պայքարի եւ սեփական ներդրման արդյունքում ենք հայտնվել խորհրդարանում: Իհարկե, կային էլի շատ արժանավոր մարդիկ, ովքեր խորհրդարանում չկարողացան ներկայացված լինել, որովհետեւ դաշինքը հաղթահարեց 7 տոկոսը: Բայց առանցքային մարդիկ, ովքեր իրենց լրջագույն դերակատարումն են ունեցել ՀԱԿ դաշինքի կայացման եւ համաժողովրդական շարժման մեջ, այսօր խորհրդարանում են: Ավելորդ համեստություն չեմ ուզում անել` ՍԴՀԿ-ն, որի ատենապետն էի ես, իր մեծագույն ավանդն ունի այդ պայքարի մեջ, այն առանցքային չորս կուսակցություններից մեկն էր, որ ՀԱԿ դաշինքի գործունեության համար կարեւորագույն ներդրումներ ունեցավ. 15-օրյա հացադուլներ ենք արել, ծեծի, տարբեր բռնությունների ենք ենթարկվել, փողոցային պայքարի ակտիվ մասնակիցներն էինք, ես եւ մեր բազմաթիվ անդամները քանիցս բերման ենք ենթարկվել: Մեր ազնիվ, նվիրյալ աշխատանքի արդյունքում է, որ ես այսօր խորհրդարանում եմ: Եվ ՀԱԿ-ն էլ երբեք պատահական, չճանաչված ու ավանդ չունեցող մարդուն իր հիմնական ցուցակում չէր ներառի: Կյանքը չի ավարտվում սահմանադրական բարեփոխումների «այո»-ով կամ «ոչ»-ով: Մենք մի փոքր երկրում ենք ապրում ու դեռ շփվելու բազմաթիվ առիթներ ենք ունենալու, այնպես որ, իմ գործընկերներին խորհուրդ եմ տալիս կոռեկտություն պահպանել»:

«Ես Հայաստանի բոլոր քաղաքական գործիչներին, երեւի արդեն հարյուրերորդ անգամ տեղեկացնում եմ`չկրկնել մի տարածված սխալ` «Չորրորդ իշխանությունն», անկախ որեւէ հանգամանքից, ազատ թերթ է, այն որեւէ կերպ չի ներկայացնում եւ չի առաջնորդվում ոչ ՀԱԿ-ի, ոչ էլ իմ կարծիքով»,- այս առիթով «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

2009 թվականին Լյուդմիլա Սարգսյանը խնդիրներ ունեցավ իր ղեկավարած Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունում: Նրա կուսակից ընկերները` թե սփյուռքից, թե Հայաստանից, նրան մեղադրեցին կուսակցությունը ՀԱԿ-ի շահերին ծառայեցնելու, ՀԱԿ-ին հավատարմության համար: Հիմա, ո՞րն է պատճառը, որ ՀԱԿ-ի հետ հարաբերությունները սրվում են` հետաքրքրվեցինք տիկին Սարգսյանից. «Անկեղծ ասած, ինձ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է այս ամենն արվում: Ես, ներկայացնում եմ կուսակցություն, որն ունի իր առանձին կարծիքը: Ես իրավունք ունեմ այդ կարծիքը ներկայացնել ԲՀԿ-ի մասին, որի հետ մենք պահպանում ենք գործընկերային հարաբերությունները: Ի դեպ, ժամանակին ՀԱԿ-ն էր ԲՀԿ-ին գործընկեր: Չգիտեմ, այժմ պահպանվո՞ւմ են իրենց հարաբերությունները, թե՞ ոչ, բայց ՎՍԴՀԿ-ի եւ ԲՀԿ-ի հարաբերությունները պահպանվում են: Ես սովոր չեմ գործընկերներին հարվածել, ինչպես, տվյալ դեպքում, ինձ են հարվածում: Ավելին, սա ուղիղ շանտաժ է: Բայց շանտաժի միջոցով գործընկերներ, առավել եւս ընկերներ, վաստակել ու պահպանել, հնարավոր չէ: Մինչդեռ, համատեղ աշխատանքի ու պայքարի հիմքը փոխադարձ վստահությունը, ընկերությունը եւ հավասար գործընկերային հարաբերություններն են, որը ՀԱԿ-ը շուրջ մեկ տարի է՝ ՎՍԴՀԿ-ի նկատմամբ չի պահպանում»:

ՎՍԴՀԿ-ն հիմա «այո»-ի՞, թե՞ «ոչ»-ի կողմնակից է` մեր հարցին, տիկին Սարգսյանն ասաց, որ երբ իրեն զանգահարել են նախագահական ապարատից եւ հրավիրել հանդիպման, ինքն ի սկզբանե նպատակ չի ունեցել գնալու: Սակայն ասել է, որ վերջնական որոշումը կուսակցության վարչությունը պիտի կայացնի: Երեկ՝ ուշ երեկոյան, ՎՍԴՀԿ վարչությունը որոշել է գնալ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման եւ քննարկել սահմանադրական բարեփոխումների նախագիծը (մանրամասները` www.aravot.am կայքում):

Տիկին Սարգսյանն ավելի վաղ ասել էր, հիմա էլ պնդում է, որ իր համար տեսանելի է, որ շրջանառվող նախագիծը հասնելու է հանրաքվեի ու այդ դեպքում, առավել նպատակահարմար է, որ այն բարեփոխված տարբերակով դրվի հանրության դատին. «Հետեւաբար, երկրի հիմնական օրենքի շուրջ քննարկումները, որքան էլ ՀԱԿ-ը դիտարկի, մեղմ ասած, սխալ մոտեցում, ՎՍԴՀԿ-ում մոտեցումը այլ է` ազդել իշխանությունների վրա, որպեսզի բարեփոխված նախագիծ դրվի հանրաքվեի: Համենայնդեպս, ես այսօր չեմ տեսնում այն «ոչ»-ի շարժումը, որը կարող է խանգարել այդ գործընթացին: Եթե ՀԱԿ-ը դեռ գտնում է, որ հնարավոր է համախմբել քաղաքական ուժերին եւ անել դա, ապա պետք չէր ինձ հարվածել: Չէ՞ որ համախմբվողներից մեկն էլ ՎՍԴՀԿ-ն էր լինելու»:

Այսպիսով, ՀԱԿ-ի հետ կամուրջներն այրված են` մեր եզրահանգմանը, Լյուդմիլա Սարգսյանը հակադարձեց. «Ես կամուրջներ այրողների դասին երբեք չեմ դասվել: Բայց ՀԱԿ-ի նման աշխատաոճն էլ սխալ է եւ եթե այն տարիներ շարունակ իրեն չի արդարացրել, ՀԱԿ-ում պիտի հետեւություններ անեն եւ վերանայեն գործընկերների հետ իրենց աշխատաոճը»: Հարցին էլ` հնարավո՞ր է պատգամավորական մանդատը վայր դնեք, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես այդ մանդատը վաստակել եմ եւ որեւէ մեկը ինձ չի կարող պարտադրել` այն վայր դնել»:

Այնուհանդերձ, ՎՍԴՀԿ-ն «Այո»-ի շարժմանն էլ չի միանա. «Մենք կողմ ենք քննարկման, որի դրական կամ բացասական արդյունքի դեպքում որոշում կկայացնենք»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31