Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առաջ, դեպի անցյա՞լը

Օգոստոս 29,2015 15:30

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը ներկայացրել է նոր Սահմանադրության վերջնական տարբերակը, այն ուղեկցելով «հիմնավորումներով», որոնց նպատակն ըստ էության առաջարկվող անհեթեթության՝ կրկնակի ընտրություններով ձեւավորվող եւ պարտադիր կուսակցական մեծամասնություն ունեցող խորհրդարանի PR-ն է։ Առաջարկվող խորհրդարանական կառավարման համակարգի արդարացման համար հանձնաժողովը ներկայացնում է իր քննադատությունը «կիսանախագահական-խորհրդարանական» եւ «խորհրդարանական-կիսանախագահական» համակարգերի վերաբերյալ, եւ որպես եղած պրոբլեմների լուծում՝ առաջարկում են աշխարհում նախադեպը չունեցող իրենց նոր համակարգը։

Կիսանախագահական համակարգերի շուրջ քննադատությունը տեղին է, սակայն Հայաստանում իրականում միշտ էլ գործադիր իշխանության ղեկավարը եղել է քաղաքացիներից առաջնային մանդատ ստացած նախագահը։ Իսկ իրականում «կիսանախագահական» կոչված համակարգը փոքր-ինչ հնարովի տերմին է, որի շուրջ այդքան երկար դատողությունները մասնագիտական հանձնաժողովին հարիր չեն։ Հարցը հետեւյալն է. նախագահը ժողովրդից երկիրը կառավարելու առաջնային մանդատ է ստացել. արդարացնելո՞ւ է նա այդ մանդատը, թե՞ ոչ։ Իսկ այն, որ նրա բոլոր պրոբլեմների համար միշտ մեղադրել են բուֆերային օղակին՝ վարչապետին ու կառավարությանը, խոսում է ոչ այնքան այդ համակարգերի թուլության, որքան նախագահների կողմից քաղաքական պատասխանատվությունից խուսափելու, քաղաքական համակարգի չկայացման եւ ճարպկամտության մասին։

Քաղաքական համակշիռների համակարգը, որը հանդիսանում է ժամանակակից ժողովրդավարության հիմքը, իր դասական, մոնտեսքյույան տեսքով ենթադրում է գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների լրիվ տարանջատում եւ նույն մակարդակի լեգիտիմություն, որի դեպքում հնարավոր է իշխանության մի թեւի գերակշռության բացառում։

Հայաստանում առաջարկվող սահմանադրական բարեփոխումները նպատակ ունեն անցում կատարել այս համակարգից դեպի հակակշիռների երկմակարդակ համակարգը, որը երկրին մեկ հակակշռից զրկելով՝ տալիս է նաեւ կարեւոր առավելություններ։ Ամենակարեւոր գործոնը, որի պատճառով պառլամենտական համակարգը շատ լավ աշխատում է՝ օրենսդիր իշխանության կողմից գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողության արդյունավետությունն է, եւ դրանով իսկ գործադիրին սահուն եւ անցնցում փոխելու մշտական հնարավորությունը։ Եթե նախագահական համակարգերում գործադիրի ղեկավար նախագահին փոխելու համար հաճախ անհրաժեշտ է սպասել ու դիմանալ 4-5 տարի՝ մինչեւ հերթական ընտրությունները, ապա պառլամենտականում նման խնդիր չկա. նույն ընտրված խորհրդարանը կարող է շատ հաճախ փոխել գործադիրի ղեկավարին եւ ողջ կառավարությանը, եթե այն չի արդարացնում քաղաքացիների ներկայացուցիչ խորհրդարանի սպասումները։

Սակայն այս համակարգի դեպքում անհրաժեշտ է արդյունավետ եւ ճկուն աշխատող խորհրդարան, եւ պատահական չէ, որ խորհրդարանական մոդելը շատ լավ է աշխատում բազմաթիվ եվրոպական զարգացած դեմոկրատիաներում։ Մինչդեռ մեր սահմանադրական փոփոխություններում առաջարկված կրկնակի խորհրդարանային ընտրությունների եւ մի կուսակցության պարտադիր մեծամասնության դրույթն ամբողջովին զրոյացնում է խորհրդարանական կառավարման առավելությունները։ Փաստորեն ստացվում է գերակշիռ մեծամասնությամբ ձեւավորվող կառավարություն, որը փոփոխելու որեւէ հնարավորություն չի մնում մինչեւ հաջորդ խորհրդարանական ընտրությունները։ Ըստ էության, ներկա համակարգի համեմատ չի կատարվում էական առաջընթաց, իսկ ծուղակներ ու ետընթաց՝ որքան ուզես։

Նորից նշենք, որ զարգացած ժողովրդավարական երկրների պարագայում աշխատող խորհրդարանական համակարգը արդյունավետ է աշխատում այն պատճառով, որ որպես քաղաքական հիմք ունի պառլամենտարիզմի լրջագույն ավանդույթներ, ազդեցիկ եւ լեգիտիմ ընդդիմություն, էֆեկտիվ ու հզոր տեղական իշխանություններ, անկախ մամուլ, իսկ որպես քաղաքական-տեխնիկական հիմք՝ երկպալատ պառլամենտ ու նախագահի կամ միապետի ընդունելի-լեգիտիմ տոտեմ։

Հայաստանի պարագայում այս ամենը բացակայում է։ Հայաստանի պարագայում շատ դժվար էր պատկերացնել, թե ինչպես գործադիրի աշխատանքից դժգոհ պատգամավորները կարող են արագ նոր կառավարող դաշինք կազմել ու նոր կառավարություն, որը չի կրկնի հնի սխալները։ Իրականում կրկնակի ընտրվող ու պարտադիր կուսակցական մեծամասնություն ունեցող խորհրդարանը անգամ տեսականորեն է վերացնում նման հնարավորությունները։

Եվ ամենակարեւորը՝ իշխանության դատական ճյուղը։ Խորհրդարանական համակարգը պահանջում է շատ ուժեղ, ազդեցիկ, լեգիտիմ ու անկախ դատական իշխանություն, որի գլուխը Գերագույն կամ Սահմանադրական դատարանն է՝ օրենքների սահմանադրականությունը ստուգելու իր իրավունքով։ Մինչդեռ Հայաստանի Սահմանադրական դատարանը իշխանական մանիպուլյացիաների ու ծաղրի առարկա է։ Նման դատարանի պայմաններում խորհրդարանով կազմավորված կառավարության գործողությունները քննելն ու բողոքարկելը պարզապես անիմաստ է;
Անգամ Վրաստանի դեպքում, որտեղ խորհրդարանական ընդդիմությունը շատ ավելի ուժեղ է, քան մեր դեպքում, իսկ նոր Սահմանադրությունը շատ ավելի բալանսավորված է, քան մեր դեպքում, խորհրդարանական հանրապետության մոդելը ավելի շատ պրոբլեմներ ու ճգնաժամեր է ծնում, քան հարցերի լուծումներ է առաջադրում։

Սահմանադրական հանձնաժողովն իր հիմնավորումներում հաճախ է օգտագործում «կայունություն» տերմինը, որը ոչ միայն սահմանադրական չէ, այլեւ իրավական չէ, եւ հումանիտար գիտություններում շատ դժվար է սահմանվում։ Իսկ նոր Սահմանադրության առաջարկող «կայունությունը» իրականում շատ նման է դիկտատուրային, սակայն նման դեպքում դիկտատորի դերում հանդես է գալիս իշխող կուսակցությունը։

Պատմության մեջ եղել է նման քաղաքական համակարգով մի բացառություն՝ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը, որը «էֆեկտիվ» է աշխատել շուրջ 70 տարի, եւ որի կառավարման մեթոդներին էլ ակներեւաբար ձգտում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ Ասենք նաեւ, որ խորհրդային համակարգի կայունության եւ կառավարելիության բանալին Սահմանադրության 6-րդ հոդվածն էր՝ Կոմունիստական կուսակցության ղեկավար ու առաջնորդող դերի մասին դրույթը, որը մեր նոր Սահմանադրության հայրերը «մոռացել» են ներառել։

ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31