«Առավոտի» օգոստոսի 13-ի՝ «Նազարյանն ուզում է հանրության փողերով հանրության վստահությունը գնել» հրապարակման մեջ տնտեսագետ Արտակ Մանուկյանն անդրադառնալով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ)՝ միջազգային խորհրդատվական ընկերությունների մեր երկրի էլեկտրաէներգետիկ համակարգում ուսումնասիրություն անելուն, ասել էր, որ հարկավոր է հանրությանը տեղյակ պահել, թե ինչպիսի՞ տեխնիկական առաջադրանքի հիման վրա է հրավիրում. «Այսինքն՝ պիտի ներկայացվեն կարիքները, թե ինչն են ուզում ուսումնասիրել: Իսկ հանձնաժողովը 2 բառով գրել է՝ էլեկտրաէներգետիկ համակարգում ուսումնասիրություն»: Այս առնչությամբ ՀԾԿՀ-ն էլ իր հերթին վստահեցրել է, որ խորհրդատվական ընկերություններին ներկայացվել է տեխնիկական առաջադրանքը եւ այն իրենց կայքէջում տեղադրվել է, ուստի. «Սրանով պայմանավորված՝ հանձնաժողովը անհիմն է գտնում անտեղյակ եւ, որն ավելի զավեշտալի է, հանձնաժողովի կողմից հրապարակված նյութերը առանց ուսումնասիրելու մի քանի մասնագետների վերլուծությունները՝ հանձնաժողովի գործունեության եւ ընդունված որոշումների վերաբերյալ»:
Արձագանքելով ՀԾԿՀ-ի պարզաբանմանն, Արտակ Մանուկյանը մեզ հետ զրույցում վստահեցնում է, որ մինչ իր իսկ կողմից արված այն հայտարարությունը՝ տեխնիկական առաջադրանքը, որպես այդպիսին, թերի լինելու մասին, ինքը հանձնաժողովի կայքէջն ուսումնասիրել է եւ կրկին պնդում է՝ այն, ինչ հանձնաժողովը համարում է տեխնիկական առաջադրանք, հեռու է տեխնիկական առաջադրանք լինելուց:
Արտակ Մանուկյանի խոսքերով՝ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀԾԿՀ-ի որոշումներն անվստահություն են առաջացրել ոչ միայն հասարակության, փորձագետների, այլ նաեւ իշխանության մոտ, ինչով էլ պայմանավորված է աուդիտի իրականացման մասին նախագահի հավաստիացումները (ի դեպ, հուսով ենք, որ այս գործընթացն էլ չի ուշանա), ՀԾԿՀ կայքում զետեղված կամայական տեղեկատվությունն ավելի մեծ արձագանք է ունենում, եւ ավելի խորքային ուսումնասիրության է ենթարկվում։ Ըստ այդմ, այս հարցով զբաղվող որեւէ փորձագետի, այդ թվում նաեւ իմ ուշադրությունից չէր կարող վրիպել հանձնաժողովի մամլո հաղորդագրությունը, որտեղ խոսվում է, որ խորհրդատվական ծառայությունը նպատակ ունի վերհանել.
ա) ինչքանով էր հիմնավորված էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը,
բ) սակագնի չբարձրացման դեպքում ինչպիսի՞ վտանգներ են սպառնում էներգետիկ համակարգին: Իմ կողմից բազմիցս ներկայացվել է նշված կետերի սնանկությունը, մասնավորապես, որ նշվածը չի պատասխանի ողջ 48,93 դրամ սակագնում չարաշահումների առկայության մասին հարցին։ Չցանկանալով անդրադառնալ նմանատիպ եւ մրցակցության հետ կապված այլ հիմնախնդիրներին, որոնք մինչ օրս առկախ են, կցանկանայինք նշել, որ նույնիսկ նշված կետերը տեխնիկական առաջադրանք համարելը արդարացված չէ, քանի որ բացակայում են տեխնիկական առաջադրանքի կատարման մասով աշխատանքների մանրամասն նկարագրությունը, գնահատման չափանիշերը եւ այլն, որոնք ավելի հստակ կդարձնեին գնային առաջարկներն ու դրանց մոնիտորինգը։
Կարդացեք նաև
Աշխատանքների մանրամասն նկարագրության բացակայությունը վերահաստատում է հենց ինքը՝ Ռոբերտ Նազարյանը: Մասնավորապես, լրատվամիջոցների բարձրացված այն հարցին՝ խորհրդատվական ընկերությունը ՀԷՑ մտնելո՞ւ է, Նազարյանն ասում է՝ չի բացառվում, որ կարող է մտնել: Մինչդեռ տեխնիկական առաջադրանքի անքակտելի մաս կազմող աշխատանքների նկարագրության առկայությունը կբացառեր նման երկիմաստությունները, ինչն առնվազն մինչեւ մեր հրապարակումն առկա չի եղել»։
Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն «Առավոտի» լրագրողի հետ զրույցում վստահեցրել էր, որ Արտակ Մանուկյանը ներկա է եղել հանձնաժողովի քննարկումներից մեկին: Այս առնչությամբ մենք պարոն Մանուկյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ խնդրի շուրջ է եղել քննարկումը, եւ արդյոք նա հանձնաժողովում բարձրացրե՞լ է այն հարցերը, որոնց մասին պարբերաբար լրատվամիջոցներով հայտարարում է:
«Ինձ համար նման անիմաստ ստերը անհասկանալի են ու ավելի են խորացնում ՀԾԿՀ նախագահի պնդումների նկատմամբ անվստահությունը։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ես ՀԾԿՀ-ում պարոն Նազարյանի կամ այլ ՀԾԿՀ աշխատակցի հետ որեւէ քննարկման չեմ մասնակցել։ Ավելին, ՀԾԿՀ-ի դռանը մոտեցած էլ չկամ: Օրինակ՝ կարող ենք միասին իրենց անցագրային կետի գրանցումները նայել, կամ տեսախցիկների ձայնագրությունը։ Ինձ համար կրկին անգամ անհասկանալի է՝ թե ի՞նչ նպատակ է հետապնդում պարոն Նազարյանը իրականության հետ կապ չունեցող ստահոդ տեղեկատվություն տարածելով»։
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
28.08..2015