Կոնստանտին Սիմոնյանի բուռն ստեղծագործական ճանապարհը
Ճանաչված օպերային բարիտոն, ՀՀ վաստակավոր արտիստ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Կոնստանտին Սիմոնյանը կյանքի 70-րդ տարվա բարձունքում է: Իսկ կոնկրետ նշել, թե բեմական-ստեղծագործական գործունեության ո՞ր ամյակն է, իսկապես բարդ է:
«Առավոտի» հետ զրույցում երգիչն ասաց, որ օպերային թատրոնի բեմ է բարձրացել 1970-ականների սկզբներից, երբ կոնսերվատորիայի 2-րդ կուրսի ուսանող էր: Հանդես է եկել տարբեր օպերաներում երկրորդական, նույնիսկ երրորդական դերերգերով, իսկ մեր օպերային թատրոնում հայ եւ համաշխարհային օպերային գրականության գլխավոր դերերգերով ներկայացել է 1985-ից: Մինչ օպերային թատրոն ոտք դնելը՝ երգիչը 1968-ից հանդիսացել է խմբավար Էմմա Ծատուրյանի ղեկավարած Արամ Տեր-Հովհաննիսյանի անվան երգչախմբի արտիստ: Նա միայն ստույգ հայտնեց, որ իբրեւ օպերային երգիչ իր կարիերան ավարտել է 2011թ.՝ Արշակ Երկրորդի դերերգով՝ Չուխաջյանի համանուն օպերայում: Ռեպլիկին, թե այդ օպերայում Օլիմպիայի դերերգով է ավարտել իր կարիերան Գոհար Գասպարյանը, Կոնստանտին Սիմոնյանը մանրամասնեց, որ դա 1988 թվականն էր եւ մեծանուն երգչուհին այդ ներկայացմանը իբրեւ զուգընկեր հրավիրել էր իրեն (լուսանկարում):
Հիմա էլ Կոնստանտին Սիմոնյանը օպերային թատրոնում է իբրեւ դերուսույց: Մեր զրուցակցի խոսքերով՝ «սիրով պարապում եմ երիտասարդ երգիչների հետ, մասնավորապես այն դերերգերը, որոնցով ժամանակին ինքս եմ հանդես եկել»: Իսկ թվարկել Կոնստանտին Սիմոնյանի մեկնաբանմամբ բոլոր գլխավոր դերերգերը, հասկանալի պատճառով հնարավոր չէ, դրանք շատ-շատ են: Այնուամենայնիվ, նշենք մի քանիսը՝ Մոսի՝ Տիգրանյանի «Անուշում», Իշխան Թաթուլ՝ Սպենդիարյանի «Ալմաստում», Գրիբոյեդով՝ Էդ. Հովհաննիսյանի «Ճանապարհորդություն դեպի Էրզրում», Հազարապետ Օթա՝ Էդ. Սադոյանի «Գրիգոր Լուսավորիչում», Վերդիի «Տրավիատա», «Տրուբադուր», «Օթելլո», «Աիդա» օպերաներում համապատասխանաբար՝ Ժերմոն, Կոմս դի Լունա, Յագո, Ամոնասրո, Պուչինիի «Բոհեմում»՝ Մարչելո, Կոմս Տոմսկի՝ Չայկովսկու «Պիկովայա դամայում», Էբն Խակիս՝ «Իոլանտայում» եւ այլն:
Մեր զրուցակիցը հպարտորեն հիշեց իր խաղընկերներին, այդ թվում՝ Տաթեւիկ Սազանդարյանին, Արշավիր Կարապետյանին, Միհրան Երկաթին, Նար Հովհաննիսյանին, Վահան Միրաքյանին, Գոհար Գալաչյանին, Օլգա Գաբայանին, Հասմիկ Պապյանին, Գեղամ Գրիգորյանին, դիրիժորներ Սուրեն Չարեքյանին, Արամ Թափալյանին, Հակոբ Ոսկանյանին, Յուրի Դավթյանին, ռեժիսորներ Վահագն Բագրատունուն, Տիգրան Լեւոնյանին, Նորայր Սարգսյանին եւ այլն: Մտաբերեց նաեւ իր անմոռանալի բեմելները Ելենա Օբրազցովայի, Մարիա Բիեշուի, Մարինա Գուլեգինայի, Ալեքսանդր Խոմերիկիի եւ մյուս ճանաչված արտիստների հետ:
Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Կոնստանտին Սիմոնյանի դասարան են ավարտել ավելի քան 40 երգիչ, որոնցից ոմանք մեր թատրոնում են, շատերը ապրում եւ ստեղծագործում են արտերկրում: Օրինակ՝ վաստակաշատ երգչի ուսանողներից Դավիթ Բաբայանցն այսօր ցանկալի հյուր է Արեւմուտքի հեղինակավոր թատրոններում:
Կոնստանտին Սիմոնյանը երգիչներ է պատրաստել նաեւ արտերկրում: Այս առիթով նա հիշեց Էկվադորի Ռիմսկի-Կորսակովի անվան կոնսերվատորիայում իր աշխատած ժամանակահատվածը: «Հայաստանի մասին այդ երկրում շատ քիչ գիտեին, նույնիսկ քարտեզի վրա չէին կարողանում ցույց տալ: Սկզբնական շրջանում ինձ ներկայացնում էին երգիչ Ռուսաստանից, հետո Արմենիայի փոխարեն արտաբերում էին կամ գրում Ալեմանիա, ավելի ուշ, երբ թվում էր, թե Սիմոնյան ազգանունը սովորել էին, վերջին յան-ը սղեցին՝ ինձ դարձնելով իտալացի՝ Սիմոնիանի»,- ժպտալով հիշեց երգիչը:
Հետո էլ հավելեց, թե կոնկրետ Էկվադորի մշակույթի պատմության մեջ ինքն առաջինն էր, որի ուսանողները միջազգային մրցույթներում մրցանակներ էին շահում եւ այդ առիթով էլ տեղի մշակույթի եւ կրթության նախարարությունը հայ երգչին արժանացրել է դիպլոմի, մեդալի եւ հատուկ մրցանակի:
Խնդրեցինք կարծիք հայտնել այսօր մեր կոնսերվատորիայի վոկալ բաժնի ուսանողների եւ օպերային թատրոնի մասին: Մեր զրուցակցի պատասխանը հակիրճ էր. «Կոնսերվատորիայում ունենք իսկապես հրաշալի երիտասարդ ձայներ, իսկ Գեղամ Գրիգորյանի՝ իբրեւ գեղարվեստական ղեկավարի վերադարձով, թատրրոնը վերածննդի ճանապարհին է: Ես ձեզ հավաստիացնում եմ»:
Հավելենք, որ Կոնստանտին Սիմոնյանը Երեւանի օպերային թատրոնի հետ բազմիցս մեկնել է արտասահմանյան հյուրախաղերի, իսկ անձնական հրավերներով՝ հանդես է եկել Պորտուգալիայի, Էկվադորի եւ Կոլումբիայի թատրոններում:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
28.08..2015