Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արայիկ Բաղդադյան. «Լաս Վեգասի աշխարհի առաջնությունն առանձնակի նշանակություն ունի բոլոր երկրների համար էլ»

Օգոստոս 29,2015 13:30

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը երեկ
Դուշետիից վերադարձավ Երեւան

Սեպտեմբերի 7-ից 12-ը Լաս Վեգաս քաղաքում կայանալիք աշխարհի առաջնության նախապատրաստության նախավերջին ուսումնամարզական հավաքը մեր ընտրանին անցկացնում էր Վրաստանի այդ բնակավայրում: Գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն «Առավոտին» փոխանցեց, որ հավաքն ընթացել է ծրագրի համապատասխան եւ արդյունավետ: «Մարզվել ենք լավ: Մենք աշխարհի առաջնությունում լուրջ նպատակներ ենք դրել մեր առջեւ: Դրա համար հավաքականը Լաս Վեգաս մեկնելու է օգոստոսի 30-ին, աշխարհի առաջնության մեկնարկից մեկ շաբաթ առաջ, որպեսզի տղաները հասցնեն կլիմայափոխվել, ընտելանալ ժամային գոտիների տարբերությանը: Այլ կերպ ասած, աշխարհի առաջնության նախապատրաստության վերջին ուսումնամարզական հավաքն անցկացնելու ենք հենց մրցավայրում»,- ավելացրեց գլխավոր մարզիչը:

Իսկ հարցին, թե Լաս Վեգասում ո՞րն է ավելի առաջնային լինելու. մեդալնե՞րը, թե՞ ուղեգրերը, մեր զրուցակիցը պատասխանեց, որ երկուսն էլ կարեւոր են, որ ցանկացած մրցման մասնակցելիս, առավել եւս, երբ խոսքն աշխարհի առաջնության մասին է, եթե հաղթելու նպատակ չկա, անիմաստ է մեկնել: Սակայն նախաօլիմպիական այս առաջնությունն առանձնակի նշանակություն ունի բոլոր երկրների համար էլ: Բոլորն էլ պետք է պայքարեն հնարավորին չափ շատ օլիմպիական ուղեգիր ձեռք բերելու համար:
«Առավոտի» խնդրանքով Արայիկ Բաղդադյանը տրամադրեց այն ըմբիշների անունները, որոնց մարզչական կազմը վստահել է մեկնել Լաս Վեգաս: Նրանք են. 57 կգ՝ Գարիկ Բարսեղյան, 61 կգ՝ Վոլոդյա Ֆրանգուլյան, 65 կգ՝ Դավիթ Սաֆարյան, 74 կգ՝ Գրիգոր Գրիգորյան, 86 կգ՝ Մուսա Մուրթազալիեւ, 97 կգ՝ Էդգար Ենոքյան եւ 120 կգ՝ Լեւան Բերիանիձե:

Գլխավոր մարզչի խոսքերով, աշխարհի առաջնությունում Հայաստանը մասնակից չի ունենալու միայն 70 կգ քաշային կարգում: Ճիշտ է, այս քաշում ունենք խոստումնալից ու հեռանկարային ըմբիշներ, սակայն նրանց պատրաստվածության աստիճանը դեռ այն չէ, որպեսզի պայքարեն օլիմպիական ուղեգրերի, կամ աշխարհի առաջնության մեդալների համար:

Մեր հարցին, թե բոլո՞ր քաշային կարգերում են 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի վարկանիշներ խաղարկվելու, պարոն Բաղդադյանը պատասխանեց. «Օլիմպիական չէ 61 կգ քաշային կարգը»:
Տեղեկացնենք, որ Լաս Վեգասում օլիմպիական ուղեգրի արժեք ունենալու են վարկանիշային քաշային կարգերի 1-ից 5-րդ տեղերը: Բացի դա, ազատ ոճային ըմբիշների համար նախատեսված է 2016 թվականին անցկացնել եւս երեք օլիմպիական վարկանիշային մրցաշար. մեկը՝ եվրոպական, երկուսը՝ համաշխարհային: Իսկ թե դրանցում ի՞նչ տեղեր է անհրաժեշտ լինելու զբաղեցնել, ավելի հստակ կիմացվի ավելի ուշ:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31