«Ինտերֆաքսի» փոխանցմամբ, Սանկտ Պետերբուրգում վանդալները ոտնձգություն են կատարել 1900-ականների սկզբին կառուցված պատմական շենքերից մեկի վրա, ավելի կոնկրետ՝ վնասել են շենքի ճակատը զարդարող հայտնի Մեֆիստոֆելի քանդակը: Խոսքը վերաբերում է Ալեքսանդր Լիշնեւսկու հեղինակած «Սատանայի կամ Մեֆիստոֆելի տանը»: Քաղաքային իշխանությունները մտահոգ են կատարվածով, իսկ ոստիկանությունը փորձում է գտնել հանցագործին, որը, ականատեսների վկայությամբ, շինարարական գործիքներով ապամոնտաժելով մեկդարյա վաղեմություն ունեցող քանդակը, ջարդուփշուր է արել այն, ապա կտորները տեղափոխելով «Գազել» մակնիշի մեքենայի մեջ՝ արագ հեռացել:
Հուշարձանի հարեւանությամբ էլ եկեղեցի է կառուցվում, որի քահանան տարբեր առիթներով հայտարարել էր, թե Աստծո տան հարեւանությամբ Սատանայի քանդակ չպետք է լինի: Ավելի ուշ նա ասել է, որ իրենք կատարվածի հետ կապ չունեն:
Հավելենք, որ «Սատանայի կամ Մեֆիստոֆելի տունը» Սանկտ Պետերբուրգի մշակութային հուշարձանների պետական ցանկում է:
Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Ռուսաստանում կարող է մշակութային վանդալիզմի շարժում սկսվել, մանավանդ՝ թանգարանների մոտից հեռացվել են մշակութային օջախները հսկող ոստիկանական միավորումները: Ավելի վաղ, ռուսական մշակութային օջախների մի խումբ ղեկավարներ համատեղ բաց նամակ էին հրապարակել, որտեղ պահանջում էին պատժել հատկապես «Աստծո կամք» նախաձեռնության ակտիվիստներին ու շարժման լիդեր Դմիտրի Էնտեոյին, որի գլխավորությամբ օգոստոսի կեսերին հարձակում էին գործել մի ցուցահանդեսի վրա ու հայտարարել, թե ներկայացված աշխատանքները վիրավորում են իրենց կրոնական զգացմունքները: Նրանք հասցրել էին վնասել նաեւ ավանգարդիստ քանդակագործ Վադիմ Սիդուրայի աշխատանքները:
«Առավոտ» օրաթերթ
28.08..2015