Լրահոս
Օրվա լրահոսը

Ճարճատուկի` ցիկորի օգտակարությունը

Օգոստոս 29,2015 12:00

Բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ճարճատուկը` եղերդակ սովորական, ծաղկում է եւ պտուղների հասունացումը տեւում է երկար՝ հունիսից մինչեւ ուշ աշուն։ Հանդիպում է հովիտներում, ճամփեզրերին, անտառային բացատներում, բնակավայրերում, գետահովիտներում։

Բուժական նպատակով օգտագործվում է բույսի արմատը եւ վերգետնյա մասը։ Այս նպատակով նախընտրելի է վայրի ձեւով աճող բույսը։ Վերգետնյա մասը կարելի է հավաքել հունիս-օգոստոս ամիսներին, իսկ արմատները հանել վաղ գարնանը կամ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Լավ է, երբ արմատները հանում են անձրեւից հետո: Երբ հողը խոնավ է, այն հեշտությամբ է դուրս գալիս։ Արմատները պետք է չորացնել չորանոցներում կամ վառարանի ջեռոցներում եւ պահել փակ, չոր տեղում։

Այս բույսը պարունակում է ինուլին, գլիկոզիդներ, որը բույսին տալիս է բնորոշ դառը համ, պեկտին, խոլին, սպիտակուցներ, ճարպեր, խեժեր։

Ճարճատուկը բուժական ազդեցությամբ հանդես է գալիս որպես լեղամուղ, միզամուղ, ընդհանուր կազդուրող, հանգստացնող, արյունամաքրիչ, նյութափոխանակությունը կարգավորող, հակաբորբոքային, մանրէասպան, հյուսվածքների վերականգնումը խթանող։
Կիրառվում է լեղապարկի, լյարդի, երիկամների հիվանդությունների ժամանակ, ինչպես նաեւ գաստրիտների, էնտերիտների, կոլիտների, սրտային ծագում ունեցող այտուցների, ընդհանուր հյուծվածության, սակավարյունության, նյարդային գերգրգռվածության, հիսթերիայի, մաշկի թարախային հիվանդությունների, դժվար վերականգնվող վերքերի ժամանակ։

Ընդհանուր հյուծվածության, թուլության ժամանակ բուսաբույժները առաջարկում են այս դեղաբույսի օգտագործման տարբերակներ. 1 ճաշի գդալ մանրացված հումքը մեկ բաժակ ջրում 30 րոպե եփել թույլ կրակի վրա, խմել օրական 3 անգամ՝ 1/3 բաժակ, ուտելուց առաջ:

Երիկամի եւ լյարդի հիվանդությունների ժամանակ խորհուրդ է տրվում նաեւ 1 թեյի գդալ հումքը եփել 1 բաժակ եռացրած ջրում, եռացնել 30 րոպե եւ խմել:
Գաստրիտների, էնտերիտների, կոլիտների ժամանակ 2 թեյի գդալ մանրացված արմատը թրմել մեկ բաժակ եռման ջրում եւ խմել օրական 3 անգամ՝ 1/3-1/2-ական բաժակ, ուտելուց առաջ:

Սակավարյունության եւ ընդհանուր նյարդային գերգրգռվածության դեպքում առաջարկվում է 1 ճաշի գդալ թարմ հյութը խառնել 0,5 բաժակ կաթին, խմել օրական 3-4 անգամ, մեկ ամիս շարունակ։

Արտաքին օգտագործման համար եփուկ կամ ջրաթուրմ պատրաստում են ընդհանուր հիմունքներով՝ 1:10 հարաբերությամբ, օգտագործել թրջոցների կամ լոգանքների ձեւով։ Շատ լավ միջոց է էքսուդատիվ դիաթեզով տառապող փոքրիկների համար։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
28.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31