«Մենք ունեինք բազմաթիվ հարցեր, որոնք ուղղեցինք երկրի նախագահին: Ինքը ներկայացված նախագծի վերաբերյալ մտահոգություն ուներ, որ անվտանգությունը չի ապահովում, մենք սկսեցինք քննարկումը դրանից, որովհետեւ մեր երկրի համար թիվ մեկ խնդիրը անվտանգությունն է: Ինքը կարողացավ հիմնավորել, որ վերափոխված տարբերակում անվտանգության հարցը ապահովված է»,- ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն այսպիսի տպավորություն էր ստացել Բաղրամյան 26-ում նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից:
Նա Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Սերժ Սարգսյանի հետ քննարկել են բազմաթիվ այլ հարցեր. «Որոշ հարցերի շուրջ մենք կարողացանք փոխըմբռնում ունենալ: Որոշ հարցեր էլ, որ մեզ մտահոգում էին եւ իրավական բացատրությունը մեզ չէր բավարարում, ներկայացվեց օրինակներով: Ըստ էության, մեր հարցերի պատասխանների մի մասը գոհացրեց, բայց, բնականաբար, կային շատ խոցելի դրույթներ, որոնց շուրջ մենք ծավալուն փաթեթ ենք ներկայացրել, եւ հույս ունենք, որ դա հաշվի կառնվի վերջնական տարբերակի մեջ: Անցումային դրույթները նույնպես հստակեցրեցինք մեզ համար: Հանդիպումը բավականին բուռն քննարկման մեջ էր նաեւ կուսակցության անդամների մասնակցությամբ: Հետագայում կտեսնենք, թե ինչ նոր փոփոխություններ են մտցնում օրինագծի մեջ եւ մեր գնահատականը կտանք»:
Մենք ճշտեցինք, այսինքն, պատրաստակամություն նկատեցի՞ք Սերժ Սարգսյանի կողմից հաշվի առնել Ձեր առաջարկները, այնպես չէր, որ այդ հանդիպումը «գալչկայի» համար էր՝ տիկին Սարգսյանը պատասխանեց. «Միանշանակ, ինքը պատրաստ էր լսելու եւ պատրաստակամ էր շատ բան վերանայելու»:
Մեր հարցին՝ Դուք այսպիսի արձագանք սպասո՞ւմ էիք հանրության կողմից՝ Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Անկեղծ ասած, ես շատ այդպիսի բուռն արձագանք չեմ տեսնում, իսկ այն, ինչ կա, գիտեմ դա որ հատվածն է եւ ինչու է այդպես արձագանքում: Նորմալ եմ նայում»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ համենայնդեպս, չեք զղջացել այդ որոշման համար՝ Բաղրամյան 26 գնալու՝ Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Որոշումը նախեւառաջ պայմանավորված էր մայր օրենքով: Ես մի քանի անգամ ասել եմ՝ եթե այն պիտի հասնի հանրաքվեի, ապա գոնե պիտի բարեփոխված հասնի, որ ժողովուրդը իմանա ինչ կերպ է քվեարկելու: Մենք չգիտենք ինչ արդյունք կունենա հանրաքվեն, եթե անցնի, մենք կունենանք մի փաստաթուղթ, որի ընդունման արդյունքում ժողովուրդը կկարողանա ակնկալել, որ եթե ոչ այսօր, ապա ապագայում այն կծառայի ժողովրդին»:
Մեր հարցին՝ Դուք կո՞ղմ եք փոփոխություններին՝ նա պատասխանեց. «Եթե նույնիսկ կողմ չեմ, փաստ է, որ այդ փոփոխությունները գործընթացի մեջ են: Մենք ելնում ենք ռեալ իրողությունից. Եթե կա փաստաթուղթ, որը տարվելու է հանրաքվեի, ուրեմն պետք է փորձել ներազդել սահմանադրական դրույթների վրա, որոնք մեզ համար անընդունելի են»:
Մեր հարցին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ հրապարակ է հանելու ժողովրդին, ՈՉ-ի շարժում է լինելու, Դուք կմասնակցե՞ք շարժմանը՝ Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Ժամանակի հետ այդ ամեն ինչը տեսանելի կլինի: Համենայնդեպս, իմ վրդովմունքը դեռ բավականին մեծ է: Դա կորոշի նորից վարչությունը: Եթե լինի ռեալ շարժում՝ մենք կմտածենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ