Այսօր տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ընդլայնված նիստ, որին մասնակցում էին նաև ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, Բյուրոյի այլ անդամներ, կուսակցության հայտնի դեմքեր։
Օրակարգում մեկ հարց էր՝ սահմանադրական բարեփոխումներ, ՀՅԴ-ի մոտեցումներն ու անելիքները։ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը ներկայացրեց սահմանադրության նախագծի շուրջ ծավալված քննարկումների ընթացքը, մասնավորապես անդրադառնալով ՀՅԴ առաջարկությունների փաթեթին և վերջնական տարբերակում տեղ գտած փոփոխություններին։
ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ներկայացրեց սահմանադրության նախագծում արտացոլված հատկապես այն ամրագրումները, որոնք Դաշնակցության համար արժեհամակարգային և գաղափարական հիմնարար արժեքներ են։
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, մասնավորապես կարևորելով սահմանադրության բարեփոխման անհրաժեշտությունը ինքնիշխանության, երկրում արմատական, համակարգային փոփոխություններ ու զարգացող կայունություն ապահովելու, ինչպես նաև իշխանության ճյուղերի տարանջատման ու հակակշռելիության ապահովման տեսակետից, անդրադարձավ ՀՅԴ քարոզչությանն ու ՀՅԴ առաջարկությունների շուրջ հետևողական ու բովանդակային քննարկում ծավալելու խնդրին։
Կարդացեք նաև
Ներկաները կարևորեցին սահմանադրության բարեփոխման շուրջ հնարավոր առավելագույն համախոհության մթնոլորտի ձևավորումը, ընդունելով քարոզչական ակտիվ արշավ նախաձեռնելու անհրաժեշտությունը։ Նիստի մասնակիցները ներկայացրեցին նաև առաջարկություններ` քարոզարշավի կազմակերպման ռազմավարական ու մարտավարական խնդիրների շուրջ։
Ներկաները եւս մեկ անգամ ամրագրեցին. ՀՅԴ-ն վճռականորեն պաշտպանելու է սահմանադրական բարեփոխումները:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին