Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը, որը եւ գլխավորում է Ասկերան մեկնած բժիշկների խումբը: Նա մեզ փոխանցեց, որ Արցախ են մեկնել 10 բժիշկներ, նրանց կազմում ընդգրկված են գրեթե բոլոր մասնագետները՝ ակնաբույժ, գինեկոլոգ, մաշկավեներոլոգ, նյարդաբան, թերապեւտ, սրտաբան, վիրաբույժ, ատամնաբույժ, անոթաբան, ուռոլոգ, ընդ որում բոլորն էլ ճանաչված մասնագետներ են:
Շիրակցի բժիշկների 3-օրյա այցի ընթացքում Ասկերանի հիվանդանոցում հետազոտվել են Ասկերանի ու հարակից գյուղերի մոտ 120 բնակիչներ: Այս պահին Գյումրիից մեկնած բժիշկների խումբը հյուրընկալվել է Ստեփանակերտում:
«Ասկերանում շատ գոհ մնացին ե՛ւ բնակիչները, ե՛ւ վարչատարածքի ղեկավարությունը, կարեւորը, որ մեզ սպասում են այնտեղ, ունեն մեր կարիքը»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:
Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքից էլ տեղեկանում ենք, որ Շիրակի մարզի բժիշկների՝ Ասկերանում անցկացրած «Բաց դռների օր» բուժզննությունը կազմակերպվել է ՀՀ Շիրակի մարզի և ԼՂՀ Ասկերանի շրջանի միջև կրթամշակութային, սպորտային, տուրիզմի և հանգստի կազմակերպման բնագավառներում 2014թ. միջոցառումների և փոխայցելությունների ծրագրի շրջանակում:
Կարդացեք նաև
Նշենք, որ գյումրեցի բժիշկները Ասկերան այցելում են արդեն երրորդ տարին, իսկ Շիրակի մարզի ու Ասկերանի միջեւ համագործակցությունը հատկապես խորացել է առողջապահության ու գյուղատնտեսության ոլորտներում: Անցյալ տարի Շիրակի մարզ էր այցելել Ասկերանի 26 հոգանոց պատվիրակությունը, որի կազմում էին Ասկերանի քաղաքապետը, մի շարք համայնքների ղեկավարներ, դպրոցների տնօրեններ, քաղաքաշինության, կրթության, առողջապահության և սոցիալական ծառայության աշխատակիցներ:
Լուսանկարները՝ shirak.mtaes.am-ի
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
ապրեն լեննականցիք !!!