ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի ունեցավ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը` մասնակցությամբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի, ՀՀ Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի:
Շնորհավորելով ներկաներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ՝ մարզպետը ցանկացավ նրանց ուժ, եռանդ, որպեսզի կարողանան իրենց գիտելիքները մատչելի ձևով փոխանցել աշակերտներին:
Այնուհետև զեկույցով հանդես եկավ ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը: Նա խոսեց 2014-2015 ուսումնական տարում կրթության բնագավառում իրականացված աշխատանքների, գրանցված արդյունքների և նույն ուսումնական տարվա հետագա անելիքների վերաբերյալ:
ՀՀ կառավարության կողմից հաստատված Հանրակրթության պետական չափորոշիչներին և հանրակրթության ոլորտում իրականացվող ծրագրերին անդրադարձավ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանը: Նա մանրամասն ներկայացրեց կատարվող փոփոխությունները` միառժամանակ պատասխանելով ներկաների կողմից բարձրացված հարցերին:
Կարդացեք նաև
Խորհրդակցությունն ամփոփեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ով մատնանշելով ունեցած հաջողությունները, ձեռքբերումներն ու բացթողումները` խստագույնս նշեց, որ յուրաքանչյուր ոք պետք է ջանասիրաբար աշխատի իր խղճի մտոք, քանզի ողջ սերնդի կրթությունն ու դաստիարակությունը պայմանավորված է յուրաքանչյուրի կատարած աշխատանքով:
Արմավիրի մարզպետարան