Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցությունում

Օգոստոս 28,2015 20:00

Օգոստոսի 27-ին Շարլ Ազնավուրի անվան մշակույթի տան դահլիճում տեղի ունեցավ Լոռու մարզի ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցությունը, որին մասնակցում էր ՀՀ ԿԳ նախարարության Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը:

Խորհրդակցությունը վարեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Նոր ուսումնական տարվա կապակցությամբ շնորհավորանքի և օրհնության խոսք ուղղելով խորհրդաժողովի մասնակիցներին, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը ուսումնական հաստատությունների մանկավարժների ու տնօրենների ուշադրությունը հրավիրեց հատկապես ներկա աշխարհաքաղաքական խռովահույզ ժամանակաշրջանում մատաղ սերնդի հայեցի, աստվածահաճո դաստիարակության կարևորությանը: Սրբազանին առանձնապես անհանգստացնում է մարզի շատ համայնքներում աղանդավորական դրսևորումների ակտիվացումը, որի բացասական ազդեցությունից անմասն չի մնում նաև դպրոցը:

Ապա ներկաներին ողջունեց և նոր ուսումնական տարվա ու Գիտելիքի օրվա առիթով լավագույն բարեմաղթանքներ հղեց մարզպետ Ա. Նալբանդյանը: Անդրադառնալով մարզի հանրակրթական համակարգի առաջնահերթություններին և արժանին գնահատելով ձեռք բերված հաջողությունները, մարզպետը, այնուհանդերձ, իր դժգոհություններն արտահայտեց ոլորտում առկա մի շարք էական թերությունների վերաբերյալ: Մարզի ղեկավարին խիստ անհանգստացնում է շատ հանրակրթական հաստատություններում ուսման առաջադիմության աններելի անբավարար մակարդակը: ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչության կողմից անցած ուսումնական տարում մարզի 48 դպրոցներում իրականացրած տեսչական ստուգումները վկայեցին որոշ մանկավարժների անպատասխանատվությունն ու անտարբերությունը կրթության որակի նկատմամբ: Մարզպետը, հատկապես դժգոհեց որոշ դպրոցներում հայոց լեզվի և մաթեմատիկայի դասավանդման անբավարար արդյունքներից, մինչդեռ, նշեց նա, դրանք «այն առանցքային բանալիներն են, որոնք պետք է ապահովեն նոր սերնդի առաջընթացը մեր պետության համար կենսական կարևորություն ներկայացնող գիտության ու տեխնիկայի բնագավառում»:

-Իմ կարծիքով, դրա պատճառը մանկավարժի պատասխանատվության,իր կոչումին նվիրվածության բացակայության հետևանքն է: Համատարած վատ գնահատականը նախ տվյալ ուսուցչի ու դպրոցի տնօրենի, ապա նոր միայն աշակերտի աշխատանքի գնահատականն է,-շեշտեց մարզպետը:

2014-2015 ուսումնական տարվա արդյունքներին և նոր ուսումնական տարվա հիմնախնդիրներին անդրադարձավ Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը:

-2014-2015 ուսումնական տարին մարզի հանրակրթական համակարգում պայմանավորվել է նախ և առաջ մի կարևորագույն խնդրի կարգավորմամբ. եղած ֆինանսական հնարավորությունների պայմաններում ապահովել հաստատության բնականոն գործունեությունը առանց աշխատողների թվի կտրուկ պակասեցման, միաժամանակ ապահովելով միջոցներ հաստատության պահպանման և զարգացման ծրագրերի իրականացման համար: Աշխատողների թվի և համապատասխանաբար աշխատավարձի ֆոնդի ճիշտ հաշվարկումը հնարավորություն տվեց բազմաթիվ դպրոցների ազատ գումարների հաշվին լուրջ վերանորոգման աշխատանքներ իրականացնել, ինչը նույնպես շատ անհրաժեշտ Է: Ավելին, ճիշտ ընտրված դիրքորոշման արդյունքում մենք կարողացել ենք նաև բազմաթիվ դպրոցներում բարձրացնել աշխատավարձերը,-ասաց նա:

Զեկուցողը նշեց, որ 2010-2013 թվականներին ավագ դպրոցների համակարգի ներդրման պատճառով նվազել էր թե դպրոցների, թե աշակերտների թվաքանակը, որի առավելագույն ցուցանիշը արձանագրվել է 2013-2014 ուստարում, սակայն անցած ուսումնական տարում արձանագրվել է աշակերտների թվի աճ` 365-ով, ինչը ուրախալի փաստ է: Աշակերտների թիվը հիմնականում աճել է տարրական և միջին դպրոցում:

Ուսումնական տարվա ընթացքում լուրջ աշխատանք է կատարվել մարզի հանրակրթական դպրոցների կողմից դպրոցահասակ երեխաների հաշվառման և նրանց դպրոց ընդգրկման ուղղությամբ:

Այնուհետև զեկուցողն անդրադարձավ մարզպետարանի կողմից կրթության համակարգում իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքներին: Մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի կողմից 2014 թ. ապրիլ-դեկտեմբեր ամիսներին աուդիտ է կատարվել մարզի թվով 49 հանրակրթական ուսումնական հաստատություններում: Արդյունքում` մեկ տնօրենի նկատմամբ կիրառվել է «Խիստ նկատողություն», իսկ 6 տնօրենի նկատմամբ` «Նկատողություն» կարգապահական տույժերը, իսկ 2015թ.-ին 26 հանրակրթական ուսումնական հաստատություններում կատարված աուդիտի արդյունքում ընդամենը 3 տնօրենի նկատմամբ է կիրառվել կարգապահական տույժեր: Նշանակում է,նշեց զեկուցողը, մարզային իշխանության կողմից դրսևորվող հետևողականությունը տալիս է իր ակնհայտ արդյունքը:

Որպես անհանգստացնող հիմնախնդիր, Մ.Սայադյանը կարևորեց մի շարք գյուղական դպրոցներում մասնագետ ուսուցիչների պակասի խնդիրը: Կան դպրոցներ, որտեղ մինչև 5-6 առարկաներից տարիներով մրցույթներ են հայտարարվում, սակայն այդ տեղերը մասնագետներով չեն համալրվում: Պատճառները, ըստ նրա, որոշ դեպքերում օբյեկտիվ են. մասնավորապես տրանսպորտի բացակայություն, գյուղական անհրապույր միջավայր, փոքր դպրոցում նաև առարկայի քիչ դասաժամեր, երբ աշխատավարձը անգամ ճանապարհածախսը չի փակում և այլն: Խնդիրը առավել կբարդանա 2018 թվականին, երբ համաձայն ՀՀ հանրակրթության մասին օրենքի` միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչները կդադարեն դպրոցներում աշխատել: -Հարցը լուծում պետք է ստանա և, այստեղ շատ բան կախված է լինելու դպրոցի տնօրենից և համայնքի ղեկավարից` գտնել մասնագետին, նրա համար ստեղծել պատշաճ կենցաղային պայմաններ, հրապուրելի դարձնել նրա աշխատանքը ֆինանսական առումով, աշխատանքային գրաֆիկը կազմել այնպես, որ այդ մասնագետը կարողանա աշխատանքից ազատ օրերին լինել իր տանը: Լավագույն տարբերակը կլինի այն, երբ երիտասարդ մասնագետի համար ստեղծվեն պայմաններ` գյուղում սեփական տնտեսություն ունենալու,-ասաց Մ.Սայադյանը:

Զեկուցողը կարևորեց նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների կրթության և դաստիարակության հիմնախնդրի աստիճանական լուծումը: Ահավասիկ, 2014-2015 ուստարվա ընթացքում ներառական կրթություն է իրականացվել Վանաձորի թիվ 18 , Ստեփանավանի թիվ 1, 2 և 6, Ախթալայի թիվ 1, Վանաձորի թիվ 6, 16, թիվ 25, 27, Կուրթանի դպրոցներում: 2016թ. հունվարից նախատեսվում է ներառական կրթություն իրականացնել նաև Վանաձորի թիվ 28, 30, Ստեփանավանի թ.3 և Ալավերդու թիվ 2 դպրոցներում:

Այսպիսով` 2016թ-ից ներառական կրթություն կիրականացվի Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի և Սպիտակի տարածաշրջանների թվով 16 հանրակրթական ուսումնական հաստատություններում:

Այնուհետև Մ.Սայադյանն անդրադարձավ «Լոռու դպրոց» հիմնադրամի գործունեությանը, որի միջոցներով 2015թ. ամռան ամիսներին կազմակերպվել է Լոռու մարզի զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու անապահով բազմազավակ ընտանիքների 415 երեխաների ընդգրկումը Հանքավանի «Լուսաբաց» մանկական առողջարարական ճամբար: Պատշաճ մակարդակով կազմակերպվել է երեխաների մեկնումը եւ վերադարձը: Գերազանց առաջադիմություն ունեցող, սոցիալապես անապահով ընտանիքների 31 աշակերտներին և սովորողներին նշանակվել է հիմնադրամի անվանական կրթաթոշակ, 15 շնորհալի երեխաների էլ կրթաթոշակ է նշանակվել «Լոռու մշակույթ և սպորտ» հիմնադրամի կողմից:

Նոր ուսումնական տարվա կապակցությամբ օգոստոս-սեպտեմբեր ամիսների ընթացքում «Լոռու դպրոց» հիմնադրամի կողմից մարզի շուրջ 1200 անապահով ընտանիքների դպրոցական երեխաների հատկացվել են 11 անուն գրենական պիտույքներ, գրքերի վարձավճարներ և զանազան կարգի այլ օգնություններ:

Օգոստոսյան խորհրդակցությունում բովանդակալից ելույթ ունեցավ նաև ՀՀ ԿԳ նախարարության Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը, ով խորհրդաժողովի մասնակիցներին մանրամասնորեն տեղեկացրեց հանրակրթության օրենսդրության բնագավառում իրականացված բարեփոխումների ու առաջիկա նորությունների մասին:

Խորհրդակցությանը ելույթ ունեցան նաև Վանաձորի թիվ 18 միջնակարգ դպրոցի անգլերենի ուսուցչուհի Անուշ Պապյանը և Ջրաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Վաչագան Մխիթարյանը:

Միջոցառման ավարտին եղան լավագույն դպրոցների տնօրենների պարգևատրումներ:

Լոռու մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31