Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մասնագիտական կրթության ոլորտի ձեռքբերումներն ու խնդիրները

Օգոստոս 28,2015 19:11

Վերջին տարիներին ուսումնարաններ և քոլեջներ ընդունվողների թվաքանակն ավելացել է՝ 14 000-ից հասնելով 21 000-ի:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նաև այս հանգամանքով է բացատրում վերջին տարիներին բուհերում դիմորդների թվի նվազումը: Նախարարին գոհացնում են մասնագիտական կրթության ոլորտում կատարված աշխատանքները: Նրա խոսքով՝ հաջողվել է այստեղի հիմնական խնդիրները լուծել՝ ելնելով պետության գերակայություններից: Ու թեև դեռ բազմաթիվ հարցեր կան, որոնք պահանջում են երկարաժամկետ լուծումներ, սակայն նա վստահեցնում է, որ ոլորտն ունի այդ ներուժը:

Ա. Աշոտյանն այսօր Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում էր: Նա մասնակցում էր նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությանը, որի ընթացքում անդրադարձավ ոլորտի հիմնական ձեռքբերումներին ու խնդիրներին.

«Առաջին ձեռքբերումը պետպատվերով տեղերի կտրուկ աճն է (դրանք ավելացել են 50%-ով): Պետպատվերի տեղերը պետությունը շարունակելու է տրամադրել ըստ սահմանված գերակայությունների՝ ՏՀՏ, գյուղատնտեսություն, արվեստ և այլն: Երկրորդ ձեռքբերումն ուսումնարաններում և քոլեջներում ընդունելության քննությունների վերացումն է՝ բացառությամբ նեղ ճյուղային մասնագիտությունների: Երրորդ ձեռքբերումն ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազայի շարունակական բարելավումն է, որը վերջին տասը տարիներին իրականացվել է պետբյուջեի, ԵՄ և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ: Մյուս հիմնական ձեռքբերումը կրթության բովանդակության վերանայումն է: Մասնավորապես, մշակվել և ներդրվել են նոր չափորոշիչներ, ուսումնական ձեռնարկներ, հայալեզու մասնագիտական դասագրքեր: Բացի այդ, իրականացվել է մանկավարժական կոլեկտիվների շարունակական վերապատրաստում»,- նշեց Ա. Աշոտյանը, ապա անդրադարձավ նաև ոլորտի խնդիրներին: Դրանցից առաջինը, ըստ նրա, ոչ բավարար կապն է մասնավոր հատվածի հետ՝ կրթություն-աշխատաշուկա կապի համատեքստում:

Նախարարի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի օգնությամբ իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ճնշող մեծամասնությունն  աշխատում է, թեև նրանց միայն կեսն է աշխատում ըստ մասնագիտության:

«Գլոբալ առումով մենք խնդիրը լուծել ենք. երիտասարդներին որակյալ կրթություն տալով՝ նրանց օգնել աշխատանք գտնել: Այս համատեքստում պետք է նշել, որ պարտադիր 12-ամյա կրթության անցման որոշման վրա ուղղակի ազդեցություն է թողել նաև միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացվող քաղաքականությունը: 9-ամյա կրթությունից հետո ավագ դպրոցում կսովորեն այն աշակերտները, որոնք կունենան համապատասխան առաջադիմություն, և այն համայնքների աշակերտները, որոնց համար տեղում չենք կարող ապահովել մասնագիտական կրթություն: Մնացած երիտասարդներին պետք է ուղղորդել ուսումնարաններ և քոլեջներ: Ըստ մեր հաշվարկների՝ 9-րդ դասարանն ավարտած 3500-4000 երիտասարդների առնվազն 2/3-ը կգնա սովորելու միջին մասնագիտական կրթօջախներ»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31