Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արկադի Դուբնով. «ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությունը արհեստական և ստիպողական քայլ էր»

Օգոստոս 28,2015 19:00

Քաղաքագետ, Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով փորձագետ Արկադի Դուբնովի կարծիքով՝ ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցությունը արհեստական և ստիպողական էր: «Ռեգիոն» կենտրոնի՝ «Մամուլի միջազգային «ԴԻԱԼՈԳ» ակումբ. հայաստանյան լրատվամիջոցների համար միջազգային տեղեկատվության աղբյուրների բազմազանեցնում» ծրագրի շրջանակներում, որին աջակցում է ԵԱՀԿ Երեւանի գրասենյակը, անցկացվող օնլայն ասուլիսի ժամանակ Aravot.am-ի դիտարկմանը՝ Ռուսաստանի մեկուսացման և Եվրասիական միություն «նախագծի»՝ փակուղի մտնելու մասին վերջերս սկսել են ավելի հաճախ ու ավելի լայն շրջանակներում խոսել:

Կարծիքներ են հնչում նաև, որ ԵՏՄ-ին սպասվում է նույն ճակատագիրը, ինչ ԱՊՀ-ին և ՀԱՊԿ-ին ու ԵՏՄ-ն կնա միայն թղթի վրա: Այս առումով ի՞նչ կանխատեսումներ ունի, պարոն Դուբնովը պատասխանեց. «Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միության համար հատկապես Ռուսաստան-Արևմուտք առճակատման ֆոնին առանձնապես մեծ հեռանկարներ չեմ տեսնում, թեև կառույցը ողջ կմնա, չէ՞ որ ԱՊՀ-ն չմահացավ»:

Սակայն միևնույն ժամանակ քաղաքագետը կարծում է, որ Հայաստանը կարող է լինել ԵՏՄ անդամ և Արևմուտքի հետ պահպանել լավ հարաբերություններ, այլ հարց է, որ այդ միությանն անդամակցությամբ Հայաստանի մանևրելու ազատությունը պակասեց աշխարհաքաղաքական տեսանկյունից:

Մեր այն հիշեցմանը, թե այս տարվա հունվար-հունիս ժամանակահատվածում ԵՏՄ անդամ երկրների՝ Ռուսաստանի հետ ՀՀ առևտրաշրջանառությունը նվազել է 21.9, Բելառուսի հետ՝ 16.2, Ղազախստանի հետ՝ 34.5 տոկոսով: Արդյոք սրա՞նք ենք ԵՏՄ-ի օգուտները և արդյոք նման ցուցանիշները կարո՞ղ են հիմք ծառայել կարծիք հայտնելու, որ ԵՏՄ-ն չաշխատող կառույց է, Արկադի Դուբնովն այսպես արձագանքեց.

«Ցավոք, իրավիճակն այդպիսին է: Բայց պետք է հաշվի առնել, որ ԵՏՄ-ն սկսել է իր գործունությունն ընդամենը 8 ամիս առաջ, այն էլ ոչ նպաստավոր ժամանակահատվածում. ճգնաժամ, նավթի գներն անկում են ապրում, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ և այլն: Ի սկզբանե այն ավելի քաղաքական կառույց է համարվել, սակայն համարել, որ այդ կառույցի ստեղծումն արհեստական է, ճիշտ չի լինի: Այլ բան է, որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին արհեստական և ստիպողական քայլ էր»:

Անդրադառնալով Հարավային Կովկասում սպասվող աշխարհաքաղաքական իրադարձություններին՝ պարոն Դուբնովը նշեց, որ լուրջ վերադասավորումներ են սպասվում: Հետխորհրդային տարածքում առկա հակամարտությունների, մասնավորապես ԼՂ հակամարտության առիթով Արկադի Դուբնովն ասաց. «Հետխորհրդային տարածքում պատերազմ, ամենայն հավանականությամբ, չի լինի, սակայն ռազմական բնույթի տարբեր մակարդակի տհաճ ինտենսիվությունն անխուսափելի է»: Ըստ Արկադի Դուբնովի՝ ԵՏՄ անդամ երկրները ՌԴ տնտեսական ազդեցության առջև խոցելի չեն, քանի որ յուրաքանչյուր երկիր ունի իր «անվտանգության բարձիկները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31