Ավստրիայի ոստիկանությունը հայտարարել է, որ Վիեննայի մոտակայքում գտնվող մայրուղու վրա հայտնաբերել են մի բեռնատար, որում 71 միգրանտի դի կա։ «The Wall Street Journal»-ի փոխանցմամբ՝ այս գործով 3 հոգի ձերբակալվել են Հունգարիայում։
71 մահացածներից 59-ը տղամարդիկ են, 8-ը՝ կանայք, իսկ 4-ը երեխաներ։ Երեխաների մեջ 2 տարեկանից փոքր աղջիկ կա, իսկ մնացած 3-ը 8-10 տարեկան տղաներ են։ Բեռնատարում կենդանի մարդ չի եղել։
Բեռնատարում հայտնաբերված փաստաթղթերից պարզ է դարձել, որ նրանց մեծամասնությունը Սիրիայից են փախել։ Նրանց մարմինները հայտնաբերվել են Արեւելյան Եվրոպայից Արեւմտյան Եվրոպա տանող միգրացիայի հիմնական ճանապարհներից մեկում կայանված բեռնատարում։
Մեքենայի վրա հունգարական համարանիշներ են եղել։ Հունգարիայի Ավստրիայի հետ սահմանը անցնելու հետո, այն նվազագույն 24 ժամ կայանված է եղել։ Ոստիկանները եւ բժիշկները դեռ փորձում են պարզել, թե ով երբ է մահացել։ Նրանք, հավանաբար, մահացել են շնչահեղձությունից։ Չի բացառվում, որ ոմանք մահացել են մինչեւ սահմանը անցնելը։
Կարդացեք նաև
Հունգարիայի ոստիկանությունը 3 անձանց է ձերբակալել, որոնց կասկածում են մարդկային թրաֆիքինգի մեջ։ Նրանց մեջ են բեռնատարի սեփականատերը եւ երկու վարորդները։ Պարզվել է, որ բեռնատարը նախկինում օգտագործվել է հավ տեղափոխելու համար։
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ