Եկող կառավարության նիստին, որը տեղի կունենա օգոստոսի 31-ին, արձակուրդից վերադարձած ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը կզեկուցի, որ «Մխչյանի գյուղատնտեսական կենդանիների տոհմային գործի եւ արհեստական սերմնավորման կայան» եւ «Մարտունու գյուղատնտեսական կենդանիների տոհմային գործի եւ արհեստական սերմնավորման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությունները կլուծարվեն: Այս մասին տեղեկանում ենք կառավարության երկուշաբթի օրվա նիստի օրակարգից:
ՀՀ կառավարությունը գումար չունի, որպեսզի կովերի արհեստական սերմնավորման ծառայություն մատուցի:
Խորհրդային տարիներին ստեղծված այս կայանները հիմնականում զբաղվել են տնտեսություններում տոհմային գործի կազմակերպմամբ, արհեստական սերմնավորում իրականացնելով, այնպես էլ բարձրարժեք ցուլերից ստացված սերմնահեղուկի բանկի պահպանությամբ:
Ըստ Արման Սահակյանի, տարիների ընթացքում համապատասխան վերանորոգման աշխատանքներ չիրականացնելու հետեւանքով, ներկայումս ընկերություններին պատկանող շենքերն ու շինությունները գտնվում են անմխիթար վիճակում եւ չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին, իսկ առանձին կառույցներ քանդված վիճակում են. «Բարոյապես մաշված վիճակում են գտնվում նաեւ եղած սարքավորումներն ու գործիքները, որոնք ձեռք են բերվել դեռեւս խորհրդային տարիներին: Գույքի մեծ մասը ժամկետանց է, պիտանի չէ հետագա օգտագործման համար: Հատկապես վատ վիճակում են գտնվում կենսապահեստարանները (500լ տարողության դյուարի անոթները), որտեղ պահպանվում են սերմնահեղուկի բանկերը: Կենսապահեստարանների տեխնիկական անբավարար վիճակի պատճառով տեղի է ունենում հեղուկ ազոտի կորուստ, որի հետեւանքով կատարվում են լրացուցիչ ծախսեր»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ