Լրահոս
Օրվա լրահոսը

Ով է Հակոբ Նազարի-Դեխնավին

Օգոստոս 28,2015 16:18

ՀՀ քաղաքացի Հակոբ Նազարի-Դեխնավի հաղորդագրությունը ԶԼՄ-ների համար՝ Հանրապետության հրապարակում օգոստոսի 21-ին «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման հավաքի ժամանակ տեղի ունեցած դեպքի կապակցությամբ.

Հայրենակիցնե՛ր,

Ս․թ․ օգոստոսի 21-ին Հանրապետության հրապարակում «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման հավաքի ժամանակ ոստիկանության ծառայող Ա․ Վարդգեսյանի կողմից ինձ հարվածելու դեպքը արժանացավ հանրության ուշադրությանը։ Ոստիկանության ծառայողի գործողությունները արդարացնելու համար, որոշ մարդիկ սկսեցին տարածել իմ անձի վերաբերյալ ապատեղեկություններ։ Իմ արժանապատվությունը զրպարտությունից պաշտպանելու համար ստիպված եմ հրապարակել իմ անձին եւ գործունեությանս վերաբերվող տեղեկություններ եւ այդ տեղեկությունները հաստատող փաստաթղթեր։

Ես՝ Հակոբ Նազարի-Դեխնավիս ծնվել եմ Իրանի Թեհրան քաղաքում 1948թ․ մարտի 19-ին։ Ծնողներս՝ Հրանտ եւ Ռուբինա Նազարի-Դեխնավիները հայ են, Իրանի հայ առաքելական եկեղեցու համայնքի անդամներ։

1985թ․ ընտանիքիս հետ միասին հայրենադարձ եմ եղել Խորհրդային Հայաստան, ստացել եմ քաղաքացիություն եւ կանգնել եմ զինվորական հաշվառման։

Հայրենիքում նախաձեռնել եմ իմ մասնավոր գործը, ինչը համար հիմնադրել եմ «Սիս» կոոպերատիվը։

Ակտիվորեն ներգրավված եմ եղել հայ հասարակության կյանքին՝ իր ամենածանր տարիներին․ 1989թ․ «Սիս» կոոպերատիվը արտադրել է երկրաշարժի գոտու համար ժամանակավոր տնակներ, 1990 թվականից ֆինանսապես օժանդակել է «Հայոց ազգային բանակ» (ՀԱԲ) ազատամարտիկների ջոկատին։

Տարիներ շարունակ զբաղվել եմ ձեռներեցության Հայաստանի եւ Իրանի միջեւ ապրանքափոխանակման ոլորտում։ Ներկա դրությամբ շարունակում եմ իմ մասնավոր ձեռներեցությունը, որպես անհատ ձեռներեց։

2011 թվականից համագործակցել եմ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ, սակայն անհաջող, որովհետեւ այդ ձեռնարկությունում, ինչպես եւ տխրահռչակ մյուս ռուսական ընկերությունում՝ «ՀԷՑ» ՓԲԸ-ում տիրում է անսահմանափակ թալան եւ անօրինականություն:

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հովանու ներքո գործող «ՋԻ ԷՄ ԷԼ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից՝ Հայաստանից Իրան արտահանման իմ գործարքներին միջամտելու արդյունքում, ստիպված եղա իմ օրինական շահերը պաշտպանել դատական կարգով։

Երեք ու կես տարվա դատական քաշքշուկների արդյունքում, ներկա դրությամբ «Հարավկովկասյան երկաթուղուն» պատկանող 614 մլն․ դրամ անշարժ գույքը գտնվում է այսօր կալանքի տակ, որպես իմ կողմից ներկայացրած հայցի ապահովում։

Քաջատեղյակ լինելով «Հարավկովկասյան երկաթուղում» տիրող իրավիճակին, չէի կարող չարձագանքել հայ երիտասարդության «Ո՛չ թալանին» կոչով նախաձեռնված պայքարին։ Այդ պատճառով էլ սատար կանգնեցի նաեւ Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայից սկիզբ առած «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժմանը։ Սա էր գլխավոր պատճառը, թե ինչու եմ մասնակից եղել Հանրապետության հրապարակում օգոստոսի 21-ին հրավիրված հավաքին։

Թեպետ հավաքի կազմակերպիչները նախապես զգուշացրել են ինձ, որ իրենց տեղեկություններով ոստիկանությունը իմ նկատմամբ ունի հատուկ վերաբերմունք, չեմ կարողացել չեզոք մնալ այն իրավիճակում, երբ տեսա թե ինչպես է ոստիկանը հարվածում բողոքի ակցիայի երիտասարդ մասնակցին։ Ցանկություն չեմ ունեցել վիրավորել ոստիկանին, սակայն այլ միջոց՝ կանխել բռնությունը պարզապես չեմ ունեցել։

Բնական է, որ բռնությունը չի կարող կանգնեցնել հայրենիքի ապագայի պայքարի դուրս եկած մարդկանց, ուստի եւ ես՝ երիտասարդների հետ միասին կշարունակեմ մնալ Հանրապետության հրապարակում։

ՀՀ քաղաքացի Հակոբ Նազարի-Դեխնավի

Ք․ Երեւան, 28 օգոստոսի, 2015թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31