Լրահոս
Օրվա լրահոսը

Հոռետեսական կանխատեսմամբ՝ ՀՀ-ում 1 միլիոնից էլ քիչ մարդ կլինի տարիներ հետո

Օգոստոս 28,2015 16:10

Աշխարհի բնակչությունը գնալով նվազում է, այդ թվում նաեւ Հայաստանի:

Ըստ ՄԱԿ-ի «Հայաստանի դեմոգրաֆիկ պատկերը`ըստ ՄԱԿ-ի 2015թ. զեկույցի» ՝ Հայաստանի բնակչությունը 2100 թվականին կդառնա միջինը 1,7-1,8 միլիոն: Այսօր այս մասին «Մեդիա կենտրոնում» ասաց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը: Նրա փոխանցմամբ, այս հետազոտությունը կատարվել է 2010 թվականի մարդահամարի հիման վրա:

Հայրապետյանի ներկայացմամբ՝ այսօր աշխարհում 7,3 միլիարդ բնակչություն կա, որը 2100 թվականին կդառնա 11,2 միլիարդ, ընդ որում, ամենամեծ աճը կապահովի Աֆրիկան, Ասիան կզիջի իր դիրքերը, որը ներկայումս բնակչության թվով ամենամեծն է, Եվրոպան կունենա 646 միլիոն բնակչություն:

Հայրապետյանի տեղեկացմամբ՝ 2100 թվականին Ադրբեջանը կունենա 9,5 միլիոն բնակչություն, եւ կնվազի ընդամենը 100 հազարով, Հայաստանի բնակչությունը 85 տարի հետո կլինի 1,7-1,8 միլիոն: Մեր հարեւաններ Իրանի եւ Թուրքիայի բնակչությունն էլ կնվազի, բայց կմնան տարածաշրջանում ամենաշատ բնակչություն ունեցող երկրները: Ընդ որում, ըստ բանախոսի, Հայաստանի բնակչությունը նույն ժամանակահատվածի համար, հոռետեսական կանխատեսմամբ՝ 1 միլիոնից էլ պակաս բնակչություն կունենա:

Մանրամասն՝ տեսանյութում

Անդրադառնալով կենսաթոշակային համակարգին, Հայրապետյանը նկատեց, որ եթե ներկայումս ունենք 5,4 աշխատող, որոնք, այսպես ասած՝ աջակցում են 1 թոշակառուին, ապա 2100 թվի լավատեսական կանխատեսմամբ՝ 2,4 աշխատողը կաջակցի 1 թոշակառուին, հոռետեսական կանխատեսմամբ 1 աշխատողը՝ 1 թոշակառուին: Սա, Հայրապետյանի կարծիքով՝ լուրջ եւ մտահոգիչ խնդիր է, եւ տնտեսական մեծ բեռ է լինելու աշխատող տարիքի անձի վրա:

Մանրամասն՝ տեսանյութում

Միգրացիոն գործընթացների առնչությամբ, ըստ նույն կանխատեսումների, Հայրապետյանն ասաց, որ հիմա -25 հազար է տարեկան, իսկ 2100 թվականին կլինի -12 հազար. «Այսինքն` բացասական սալդոն -12 հազար մարդ է լինելու գնացող-եկողների հաշվարկով»:

Ինչ վերաբերում է մեր բնակչության սեռերի հարաբերակցությանը, ապա բանախոսն ասաց, որ այն հիմա 86,5 տղամարդու հաշվով 100 կին է, սա ամբողջ բնակչության թվաքանակի հաշվարկով է, մինչդեռ Հայաստանում սեռով պայմանավորված երեխայի ընտրության խնդիր կա, այսինքն` հիմա տղա երեխաներն ավելի շատ են ծնվում,քան աղջիկ երեխաները՝ սելեկտիվ աբորտների պատճառով: Ներկայումս 0-19 տարեկաների մեջ 11,4% տղա երեխաների թիվն ավելի է, քան նույն տարիքի աղջիկները:

Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ ժողովրդագիր Ռուբեն Եգանյանն էլ նկատեց, որ 1980-ականների կանխատեսումներով, Հայաստանում 2000 թվականին 4,2 միլիոն բնակչություն պիտի լիներ. «Հիմա տեսնում ենք՝ ինչ մնաց: Իմ արած վատատեսական կանխանկարով 2050 թվականների վերջերին Հայաստանի բնակչության թվաքանակը նվազելու է մինչեւ 1,3 միլիոն մարդ»: Եգանյանի խոսքերով՝ ծնելիության նվազումը շարունակվելու է, միգրացիան՝ նույնպես:

Ընդ որում,ժողովրդագիրը նշեց, որ միգրացիան հիմնական ազդող գործոնն է մյուս ցուցանիշների վրա:

Այսօր տարեկան 30 հազար մարդու արտահոսք կա Հայաստանից: Իրավիճակը մեր երկրում գնալով ավելի է վատանալու,եթե համակարգային լուծում չլինի:

Մանրամասն՝ տեսանյութում

Գարիկ Հայրապետյանը նկատեց, որ ծնելիության նվազման, միգրացիայի աճի հիմնական պատճառներից է, ինչպես ՄԱԿ-ի ուսումնասիրությունն է փաստել, որ, մարդիկ չեն տեսնում իրենց ապագան Հայաստանում, իսկ միգրացիան էլ տեղի է ունենալու այնքան ժամանակ, քանի դեռ հնարավոր երկրները, որտեղ մեր քաղաքացիները կարող են մեկնել ու այդ երկրները բաց են, ավելի լավ վիճակում են. «Կան հաշվարկներ, ըստ որոնց՝ միգրացիան նվազում է, երբ բնակչության հաշվարկով գործազրկության ցուցանիշը բնական մակարդակի է՝ 5-6%: Այն տնտեսական աճը, որը հիմա կա, որպեսզի դրանով մենք հասնենք բնական գործազրկության բնական մակարդակի, կհասնենք 30 -35 տարի հետո»:

Պարոն Եգանյանն էլ նշեց, որ միայն աշխատատեղ ավելացնելը բավարար չէ, պետք է բավարար աշխատավարձ լինի, որպեսզի այն միգրացիայի ցուցանիշը նվազեցնի:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    լալկանների հաւաքածոյ

    դեհ լաւ, մէկ միլիոնից պակաս թող մնա,
    գոնէ զտում կը լինի,

    լաւերը կը մնան

    (միւսներին ալ՝ բարով երթան, յաջողութիւն,
    քանի որ երազում են թէ դրսում դրախտ է…)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31