1ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզի մի շարք համայնքներ` ծանոթանալու օգոստոսի 22-ին տեղացած ուժեղ կարկուտից տուժած համայնքների կրած վնասներին:
Սկզբում նախարարը Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ուղեկցությամբ այցելել է բնական աղետից ամենաշատը տուժած Շահումյան համայնք, տեղում ծանոթացել վնասի իրական չափերին:
Այնուհետև նախարարն ուղևորվել է կարկտահարությունից վնասներ կրած Այգեզարդ, Այգեպատ, Վերին Արտաշատ և Ոստան համայնքներ: Տուժած բոլոր տնտեսություններում նախարարը զրուցել է գյուղացիների հետ, նշել, որ կարկուտի պատճառած վնասները հաշվարկելու համար ստեղծվել են համապատասխան հանձնաժողովներ, որոնց աշխատանքի արդյունքներն ամփոփումից հետո կներկայացվեն ՀՀ կառավարություն:
«Հիմա առաջնահերթ խնդիրներից է վերականգնել կարկտահարված այգիները, որպեսզի հաջորդ տարի հաջողվի լիարժեք բերք ապահովել», – նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:
Կարդացեք նաև
Նախարարը նաև հավելել է, որ առաջիկայում կառավարությունում կքննարկվի վարկերի հետաձգման հարցը և կցուցաբերվի անհատական մոտեցում։
Ընդհանուր առմամբ, Արմավիրի և Արարատի մարզում կարկտահարության արդյունքում տարբեր չափի վնասներ է կրել շուրջ 16 համայնք, իսկ Շիրակի մարզում` 3 համայնք։
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին