Օգոստոսի 24-ին Տավուշի մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ սահմանամերձ Ոսկեպար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Հարություն Ալավերդյանը կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին ասաց, որ անցած ուսումնական տարում Բերդի տարածաշրջանի սահմանագոտու ուսանողները օգտվել են ուսման զեղչերից, ինչո՞ւ Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերի ուսանողներին ուսման վարձի զեղչեր չեն արվում:
Աշոտյանն ասաց, որ անցյալ տարի, երբ կառավարության կողմից իրականացվում էր այդ ծրագիրը, այդ ցուցակներում քիչ թվով ուսանողներ կային, հետո ցուցակները գյուղապետերի կողմից ուռճացվեցին, «պարզվեց», որ Հայաստանի ուսանողության մոտ 1 տոկոսն այդ սահմանամերձ 10 գյուղերի բնակիչ է:
Նախարարը դպրոցների տնօրեններին խնդրեց շրջանավարտներին տեղեկանք տրամադրելիս օբյեկտիվ լինել, նախարարությունն էլ հետեւելու է, որ ուսման վարձի զեղչերի հավակնողներն անպայման ավարտած լինեն սահմանամերձ գյուղի դպրոցը:
Ա. Աշոտյանը հայտնեց , որ աջակցության ռեսուրսը մեծ չէ, ասելով. «Փորձենք վերաբերվել որպես ազգային գործ: Չպետք է վերաբերվել որպես վերմակ: Այդ դեպքում վերմակը չի հերիքելու բոլորին: Պետք է այնպես արվի, որ վերմակը գնա բուն այն մարդկանց, ում համար կարվել է»:
Կարդացեք նաև
Նախարարը հայտարարեց, որ Հայաստանում սահմանամերձ գյուղերը շատ են, նույնիսկ մեկ` Տավուշի մարզում դրանք տարբերակելը դժվար է, ուրեմն աջակցությունը տրվելու է ամենակարիքավորներին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ